Մնացականյանի, Մամեդյարովի և համանախագահների համատեղ հայտարարությունը
ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հաճախ հեռավար խորհրդակցություններ են անցկացնում մարտի կեսից, ներառյալ ապրիլի 21-ին անցկացված համատեղ տեսակապը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այս խորհրդակցություններին նույնպես մասնակցել է:
Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանում եւ վերջին զարգացումները տեղերում: Նրանք նաեւ դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հետագա քայլերը՝ համաձայն իրենց կողմից արված համատեղ հայտարարության, որը 2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է Ժնեւում:
Ընդունվել է, որ COVID-19 համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Նախարարների մակարդակով անցկացվող անձնական հանդիպումները եւ համանախագահների այցերը տարածաշրջան, որոնք համաձայնեցվել են Ժնեւում, նույնպես հետաձգվել են։ Այնուամենայնիվ, այս միջոցառումների նախապատրաստման անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:
Համանախագահները ընդգծել են հրադադարի խիստ պահպանման կարեւորությունը ու ներկա պայմաններում սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալը եւ կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաեւ ներկա պայմաններում շարունակվող աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ ընդգծել են մոնիթորինգի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով այն հսկայական խնդիրները, որոնց ներկայում բախվում է ողջ բնակչությունը՝ առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները, եւ որոնք յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի լուրջ հիշեցում են ծառայում, արտգործնախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակին պատասխանելու վճռականությունը ստեղծագործական եւ կառուցողական խթան կհաղորդի խաղաղ գործընթացին:
Համանախագահները ուշադրություն են դարձրել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի առողջապահական ներկա ճգնաժամի ընթացքում հրադադարի գլոբալ միջոցառումների մարտի 23-ի կոչին եւ համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:
Արտգործնախարարներն ու համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը եւ հնարավորինս շուտ շարունակել բանակցությունները անձամբ»: