31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրա տարածած հայտարարության մեջ ասված է.  

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ

Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։

Իմ ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր և նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների և հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից։

 

Իմ աշխատանքի գլխավոր արդյունքը իմ և Հանրայինի գործընկերներն են՝ ներսում և դրսում։ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ եթերից հետևելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները և ձևավորում նորերը:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։ Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու և խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարևորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։

 

Առողջություն բոլորիս, կտեսնվենք»: 

Այսօր ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը նույնպես ազատվել է աշխատանքից։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ են արված #մենքRecենք հեշթեգով։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը հայտարարել էր, որ խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ:

Վարդան Հակոբյանը հայտարարել էր, որ անձամբ ներկա է եղել բոլոր նախապատրաստական աշխատանքներին, ապահովել է ուղիղ եթերում տեխնիկական անխափան աշխատանքը։ Նա նշել էր, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը եղել է նույն սենյակում։

«Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները», – նշել էր նա։

Իսկ Մանե Գևորգյանն ասել էր, որ տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես՝ մինչև վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

Հիշեցնենք՝ 2018-ի նոյեմբերին Մարգարիտա Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո իրեն աշխատանքից չեն ազատել այն պատճառով, որ ինքը նորմալ է աշխատում։

«Ինձ չազատեցին աշխատանքից, որովհետև տեսան, որ ես աշխատում եմ նորմալ, նորմալ իրականացնում եմ Հանրային հեռուստաընկերության վարչարարությունը, դրա համար էլ չազատեցին», – ասել էր նա։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ