Նորմալ է, երբ ուղիղ եթերից առաջ մարդ մազերն է ուղղում և նախապատրաստվում, խնդիրն այստեղ կոմպետենտ թիմ չունենալն է. Մարուքյան
Վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքը խայտառակ բաների բերց, ԱԺ-ում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դրա հիմքով փորձել ձեռք առնել, դատապարտում ենք։ Կադրերի արտահոսքը բերում է մեզ մեր նախկին համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ քաղաքացիների համար զգայուն ինֆորմացիան պահպանի։ Երբ «Լուսավոր Հայաստանը» հեռախոսով տեղորոշման օրենքի դեմ էր գնում, ասում էր՝ «դուք այդ կարողությունը չունեք։ Անգամ եթե հավատանք, որ ի չարս չեք օգտագործելու, կարող ա ձեր մոտից այդ տեղեկատվությունը դուրս գա, ուրիշները ի չարս օգտագործեն»։ Այս դեպքերը ապացուցում են այդ հանգամանքը։
Հիմա պարետատանը, որ հազարավոր քաղաքացիների տեղորոշման տվյլալներ են մշակվում, ի՞նչ իմանանք՝ ում ձեռքն են ընկնելու, ի՞նչ իմանանք՝ վաղը մյուս օրը ում են ծաղրելու։ Ի՞նչ իմանանք՝ ում դեմ է դա օգտագործվելու», – ասաց նա։
Մարուքյանը նկատեց, որ նորմալ է, երբ ուղիղ եթերից առաջ մարդ մազերն է ուղղում և այլ նախապատրաստական աշխատանքներ անում, խնդիրն այստեղ կոմպետենտ թիմ չունենալն է:
«Խնդիրն այն է, որ չկա այդ կոմպետենտ թիմը, որ դա դուրս չգա։ Բա որ այդ կոմպետենտ թիմը չկա, մեր տվյալները ինչո՞ւ եք վերցրել, որ մշակեք։ Սա ապացույց է՝ ճիշտ ենք, արել, որ չենք վստահել», – ասաց նա։
Վարչապետի ուղիղ եթերից առաջ նախապատրաստական փուլի կադրերը հայտնվել էին համացանցում։ Վարչապետի մամուլի խոսնակը մեղադրել էր Հանրային հեռուստաընկերությանը՝ նշելով, որ վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելը պիտի լիներ ոչ շուտ քան ուղիղ եթերից մի քանի վայրկյան առաջ։
Հ1-ի աշխատակից Վարդան Հակոբյանը արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանն՝ ասելով, որ ի պաշտոնե իրենց պարտականությունների մեջ չի մտնում զգուշացնել վարչապետին ուղ եթերի մասին։