23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կադրերը ցույց են տալիս կառավարման օղակների ողջ անլրջությունը․ Էլինար Վարդանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հասարակությանը փոթորկած կադրերում որևէ ահասարսուռ բան չկա, իսկ այս պահին մեղավորներ փնտրելն էլ նվազ հետաքրքիր է։ Նույնքան տհաճ է, երբ պետական մարմիններն իրար հերթ չտալով մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, իսկ հետո արդեն՝ մեղավորներ փնտրում այլ լրատվամիջոցներում։ Վստահաբար՝ սա դարի իրադարձությունը չէր,  բայց այս պատմությունը և հանրայնացված կադրերը լուրջ խնդիր են բացահայտում։

Մենք մեկ դրվագով առնչվում ենք պետական համակարգում տիրող կառավարչական որակին՝ թափթփված, թերի։ Այդ նկարահանմանը վերաբերվել են ճիշտ այնպես, ինչպես մյուս հարցերին։

Նույնքան թերի ու կիսատ-պռատ է հայտարված արտակարգ դրության պահպանումը։ Դրսում կարելի է տեսնել անվերջ խմբերով հավաքված բազմաթիվ մարդկանց՝ առանց դիմակների, առանց ձեռնոցների, իսկ պատասխանատու մարմինների պատշաճ վերաբերմունք այդպես էլ չկա։ Մենք ազգովի ձևացնում ենք, թե արտակարգ դրություն է, կարանտին։

Նկարահանումը կազմակերպվել էր ճիշտ այնպես, ինչպես արտակարգ դրությունը, ճիշտ այնպես, ինչպես վերջին շրջանում գրվում և ընդունվում են բազմաթիվ անմշակ, կիսատ-պռատ մտածված օրենքներ, որոնք բերվում են ԱԺ և դակվում, փաստացի՝ առանց կարդալու։ Բանկային գաղտնիքին, անշարժ գույքի հարկմանը, ապօրինի գույքի բռնագանձմանը, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ՀԿ-ներին, տեղեկատվական ազատությանն ու այլ ամենատարբեր ոլորտներին առնչվող օրենքներն այնպիսի արագությամբ են ընդունվում, որ այդ ոլորտների մասնագետներն ու ուղիղ շահառուներն անգամ չեն հասցնում ծանոթանալ ու կարծիք հայտնել, իսկ եթե հասցնում են հայտնել, դրանց որևէ ուշադրություն այդպես էլ չի դարձվում։

Տարածված տեսանյութի այդ փոքրիկ հատվածում, տարօրինակ կերպով, վարչապետը հասցնում է խախտել գրեթե բոլոր կանոնները, որոնց խստագույնս պահպանելու կոչ է անում իր իսկ ուղերձում։

Սենյակում, որտեղ ընթանում էին նկարահանումները, չէր պահպանվում հակահամաճարակային որևէ ցուցում, անտեսված էին իրենց իսկ հիմնած պարետատան կողմից արվող զգուշացումները։ Տեխնիկական աշխատողը վարչապետի հագուստի վրա հարմարեցնում էր միկրոֆոնը՝ առանց ձեռնոց, առանց դիմակ, խախտելով սոցիալական հեռավորության ու զգուշության բոլոր նորմերը։ Ամբողջ աշխարհում անցել են  նկարահանման առավել անվտանգ տարբերակների։

Սենյակում, ըստ ամենայնի, բազմաթիվ մարդիկ էին ներկա՝ նկարահանող խումբ, անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ. ի՞նչ սոցիալական հեռավորության մասին կարող է խոսք լինել։ Իսկ հետո վարչապետն արդեն ուղերձով պետք է կոչ անի հասարակությանը հետևել հակահամաճարակային այն կանոններին, որոնք այդքան հեշտությամբ խախտվում էին մեկ կարճ, բայց աղմուկ հանած նկարահանման ժամանակ։ Վարչապետը ինքը հազում է առանց դիմակ, առանց դեմքը փակելու, մի շարք մարդկանց ներկայությամբ և ուղղությամբ։

Մեկ անլուրջ նկարահանում ցույց է տալիս ամբողջ անլրջությունը, որ այսօր ունենք պետական կառավարման տարբեր օղակներում՝ ամենաբարձրից մինչև ամենաստորին օղակներ։ Կադրերը վաղը կմոռացվեն, իսկ կառավարչական որակն ամեն օր մեզ հետ է, մեր կյանքում։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ