«Այս իրավիճակը հիշեցնում է այն անեկդոտը, երբ Աստված ասում է՝ հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»․ Մարգարիտ Եսայան
«Անկեղծ ասած՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, և պարետ նշանակվեց, ի սկզբանե ես մտավախություն ունեի․ ես քաջ ծանոթ եմ մեր ժողովրդի հոգեկերտվածքին և գիտեմ, որ մենք առանձնապես կարգապահ ժողովուրդ չենք։ Բայց հաճելիորեն զարմացած էի, որովհետև գոնե առաջին տասնօրյակում փորձում էին քիչ թե շատ կարգապահ լինել, ինքնամեկուսանալ, տնից դուրս չգալ, շփումները մինիմումի հասցնել, բայց դժբախտաբար նկատեցի, որ վերջին շրջանում և՛ պարետատան, և՛ հասարակության աշխատանքը կարծես սինքրոն դարձավ, և երկու կողմից էլ սկսեցին թափթփվածություն դրսևորել այն իմաստով, որ ազատ զգացին իրենց, և փողոցները լեցուն են մարդկանցով»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Նա նշեց, որ վերջին օրերին առիթ ունեցել է տնից դուրս գալու, և տպավորություն է ստացել, որ երկրում կարծես թե արտակարգ դրություն չկա․
«Ձևաթուղթ առաձնապես չեն ստուգում, խանութների, բանկերի մոտ կուտակումներ կան, իբրև թե մեկ-մեկ են բանկ մտնում, բայց դրսում արդեն այնքան խիտ են կանգնած այդ մարդիկ, որ ոչ մի տարբերություն՝ իրենք դրսո՞ւմ են այդպես խիտ կանգնած, թե՞ ներսում։ Սա նշանակում է, որ գուցե ինչ-որ բան կա, որ կառավարությունը կամ պարետատունը որոշել է այսպես ազատ թողնել, որովհետև հետևելով վարչապետի և առողջապահության նախարարի հայտարարություններին, որքան հասկանում եմ, իրենք առանց հայտարարելու՝ բաց են թողել այս ամենը․ երևի բոլորը պետք է վարակվեն կորոնավիրուսով։ Այսօր առողջապահության նախարարն ասաց, որ մինչև մայիսի 4-ը 2500 վարակակիր կունենանք, մինչև մայիսի 21-ը՝ 5 հազար, այսինքն՝ ենթադրում եմ, որ իրենք բաց են թողել, որ ով կվարակվի՝ կվարակվի, բայց չեմ կարծում, որ դա պետական մտածողություն է։ Վստահաբար, մեր առողջապահական համակարգը չունի այն հնարավորությունները, որ այդքան վարակակրի բուժմամբ կարողանա զբաղվել, և կարծում եմ՝ շատ ավելի խիստ միջոցներ պետք է ձեռնարկվեն»։
Բայց մյուս կողմից էլ՝ նախկին պատգամավորը չի ցանկանում խիստ չլինել պարետատան նկատամբ՝ հաշվի առնելով մեր ազգային հոգեկերտվածքը․
«Մենք մի քիչ թեթև նայող ժողովուրդ ենք և ոչ մի բան շատ լուրջ չենք ընդունում։ Օրինակ՝ պանդեմիայի առաջին օրերին Շվեդիայում արտակարգ դրություն չհայտարարվեց, բայց այնտեղի կառավարությունը հայտարարեց, որ նման վարակ կա, և ցանկալի է շփումները մինիմումի հասցնել, շատ դուրս ու ներս չանել։
Ընկերներիցս մեկն այնտեղ է ապրում, ասում է՝ հաջորդ օրը փողոցները դատարկ էին։ Չկար որևէ արտակարգ դրություն, բայց մարդիկ շատ կարգապահ են։ Նույնը նաև Գերմանիայում է՝ ընդգծված կարգապահություն, ճշտապահություն։ Այստեղ երկու բան իրար հետ զուգակցվել է՝ և՛ մեր ազգային հոգեկերտվածքը, և՛ ոչ խիստ միջոցառումները, որ կառավարությունը և պարետատունն իրականացնում են»։
Մարգարիտ Եսայանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը լսել է ընդամենը 4-5 րոպե, որից հետո այլևս լսելու ցանկություն չի ունեցել․ «Երբ հետևեցի սոցցանցերում այդ ուղերձի արձագանքին, հասկացա, որ ինձ խնայել եմ և ճիշտ եմ արել, որ չեմ լսել, որովհետև երբ որևէ երկրի վարչապետ նախապես հայտարարում է, որ ինքն այսինչ օրը այսինչ ժամին հանդես կգա ուղերձով, և այդ ուղերձում ինքը ոչ մի լուրջ բան չի ասում, այդքան անլրջացնել վարչապետի ինստիտուտը, ուղղակի, ինձ համար շատ տխուր է։ Այսօր վարչապետի ինստիտուտն ավելի քան անլրջացված է»։
Հարցին՝ հասարակության այս մոտեցումն ինչո՞վ է պայմանավորված․ իշխանությո՞ւնն ի սկզբանե անլրջացրեց իրավիճակը՝ պինցետի և տնական օղու և նմանատիպ հայտարարություններով, թե՞ մենք այն հասարակությունն ենք, որ մինչև մեր մաշկի վրա չզգանք, չենք հավատա, նա պատասխանեց․
«Երկրորդ դիտարկումն ավելի ճիշտ է, որ մենք մինչև մեր մաշկի վրա չզգանք, չենք հավատում։ Հետո, մենք ամեն ինչի մեջ դավադրություն փնտրող հասարակություն ենք, օրինակ՝ ինձ հանդիպում են մարդիկ, որ ասում են՝ չկա նման բան, չկա նման վիրուս, ինչ-որ համաշխարհային խաղեր են, և այլն։ Բայց անկախ նրանից՝ հասարակությունն ինչ բնավորություն ունի, կառավարությունները պարտավոր են լինել զգոն, պրոֆեսիոնալ, և երբ այս վիճակն ամբողջ աշխարհն է պատել, ամբողջ աշխարհն է լրջացած, կոնկրետ Հայաստանի կառավարությունը նույնպես պարտավոր էր լինել լուրջ, ինչը մենք չտեսանք հենց առաջին օրվանից։
Վարչապետը քարոզարշավ էր իրականացնում, փողոցներն ընկած՝ մարդկանց էին հանդիպում, թերթիկներ էին բաժանում, ի սկզբանե կառավարությունն անլուրջ վերաբերմունք դրսևորեց այս ամենի նկատմամբ, դե, ժողովուրդն էլ իր սրտի վարչապետի օրինակով էլի շարունակում է անլուրջ վերաբերվել այս ամենին։ Աստված տա, որ բարեհաջող այս ամենից դուրս գանք։ Հիշեցի այն անեկդոտը, որ Աստված ասում է՝ հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»։
168.am