21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նարդիով 700 հազար դրամ “կրված” Վահագին ընկերները դանակ ու աղ են տվել, որ իրեն մատաղ անի

 

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Խուդոյանի, Դավիթ Միքայելյանի եւ Ցոլակ Նասոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Բողոքին անդրադարձել է “Ժամանակ”-ը:

Գործը քննել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը հիմնավորված է գնահատել, որ “Մեվրիկար” ՍՊԸ-ն ստանձնել է Հրազդան քաղաքի “Լազուր” ՊՈԱԿ-ի գլխավոր մասնաշենքի եւ կոմպրեսորային արտադրամասի տանիքների նորոգման աշխատանքների կատարումը:

Դրանց ընթացքում նորոգող բրիգադի կազմում աշխատող, Հրազդան քաղաքի բնակիչ Նարեկ Խուդոյանը համաքաղաքացի Վահագն Ա.-ից նրա եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, “սխալն ուղղելու, մաքրությունը պահելու, տղա մնալու” համար 2012 թվականի մայիսի 14-ին պահանջել է 700 հազար դրամ, իսկ նույն օրը փողը չտալու դեպքում սպառնացել է գումարը կրկնապատկել:

Պահանջված գումարը մարելու պատրվակով Խուդոյանը Վահագնին առաջարկել է նարդի խաղալ: Բայց խաղում, բնականաբար, հաղթել է ինքը, եւ Դավիթ Միքայելյանի եւ Ցոլակ Նասոյանի հետ նախնական համաձայնությամբ արդեն հիշատակված բռնություններն իրագործելու սպառնալիքով Վահագնից պահանջել են 1 միլիոն 400 հազար դրամ:

Վահագնը սպառնալիքների ազդեցության տակ հաջորդ օրը՝ մայիսի 15-ին, Նարեկ Խուդոյանի պահանջով գնացել է իր բնակարան, վերցրել իր ընտանիքին պատկանող ոսկեղենը, գրավադրել “Ինեկոբանկում”, որի դիմաց վերցրած 754 հազար դրամն ամբողջությամբ հանձնել է Նարեկ Խուդոյանին՝ խոստանալով մնացած 650 հազար դրամն էլ տալ հետագայում:

Ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Խուդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե տանիքի նորոգման աշխատանքներ է կատարել Դավիթ Միքայելյանի, Ցոլակ Նասոյանի, Վահագն Ա.-ի եւ այլոց հետ:

Վահագնին ճանաչել է մոտ չորս-հինգ տարի: Իրենք ապրում են նույն շենքի տարբեր մուտքերում:

Իրենց աշխատանքային հարաբերությունները եղել են նորմալ: Իրենք մտերիմ են եղել, միասին ճաշել են, միասին գնացել են աշխատանքի ու վերադարձել են տուն:

Մի օր աշխատավայրում զրուցելու ժամանակ ինքն ասել է, թե իրեն գումար է պետք՝ պապիկի գերեզմանը կառուցելու համար:
Վահագնն ասել է, թե բանկում 1 միլիոն 500 հազար դրամ ավանդ ունի, կարող է օգնել: Ինքն էլ համաձայնել է:

Վահագնը գնացել է տուն, որ բանկի փաստաթղթերը բերի, բայց եկել ու ասել է, թե հնարավոր չէ, քանի որ ավանդը կնոջ անունով է գրանցված: Բայց ասել է, թե բոլոր դեպքերում կօգնի, քանի որ տանը ոսկեղեն ունեն, գրավ կդնի ու գումար կտա:

Միասին գնացել են, Վահագնը տուն է բարձրացել, մի քանի րոպե հետո իջել է՝ ասելով, թե ոսկեղենը բերել է:

Գնացել են բանկ, ինքը սպասել է դրսում:

Վահագնը ներս է մտել, ոսկեղենն իր անունով գրավադրել է, դրա դիմաց ստացել է 750 հազար դրամ, որից վերցրել է 2 հազար դրամը, մնացածը տվել է իրեն: Ինքն այդ բանկում մի ոսկե իր է ունեցել՝ 51 հազար դրամ արժեքով: Վահագնի տված գումարով իր ոսկին հանել է գրավից, միասին վերադարձել են աշխատանքի:

Հետո Վահագնի առաջարկով գնացել են “Կռոյի օբյեկտ” կոչվող ռեստորան, ճաշել են, այնտեղ Վահագնը խոստացել է գումարով օգնել նաեւ Դավիթին, քանի որ նա ասել է, թե գումար է պետք՝ դստերը վիրահատության տանելու համար:

Ռեստորանում Վահագնի տրամադրությունը բարձր է եղել, նա մինչեւ անգամ պարել է, ոչ մի դժգոհություն չի արտահայտել:
Խուդոյանը հայտնել է նաեւ, թե տանիքի նորոգման աշխատանքների ընթացքում անձրեւոտ օրերին պատահել է, որ գործընկերներով նարդի կամ թղթախաղ են խաղացել:

Ինքը Վահագնի հետ խաղացել է “Սնիկերսի” դիմաց, Վահագնը պարտվել է, բայց գումար չի ունեցել ու “Սնիկերսը” չի առել:
Այնուհետեւ Վահագնը մի չորս օր աշխատանքի չի եկել: Ինքն անհանգստացել է, զանգել է նրան, որ տեղեկանա, թե ինչ է պատահել: Սակայն հեռախոսն անհասանելի է եղել:

Ինքը զանգել է նրա կնոջը, ով ասել է, թե Վահագնը աշխատանքի կգա, բայց նա չի եկել:

Մի քանի օր հետո գիշերվա ժամը երկուսի սահմաններում Վահագնի կինը մի կնոջ հետ իրենց տուն է եկել, պահանջել 750 հազար դրամ կամ իրենց ոսկեղենը:

Հաջորդ օրը իրեն ու Դավիթին հրավիրել են Վահագնենց տուն, ինքը պարտավորվել է վերադարձնել գումարը եւ պայմանավորվել է, որ կգնա Ռուսաստանում կաշխատի ու կվերադարձնի փողը: Բայց չի կարողացել վերադարձնել:

Վահագնի կինն ու մայրը սկսել են հարցը լուծել իր հոր միջոցով:
Գրավ դրված ոսկեղենի համար երկու-երեք ամիս ինքն է վճարել տոկոսադրույքը, բայց հետո Վահագնի ընտանիքին տեղյակ է պահել, որ չի կարողանում վճարել:

Ինքը Վահագնին սպառնալիքներ չի տվել, չի ասել, թե նրա կնոջն ու երեխաներին կվնասի: Ինքն ու Դավիթը Վահագնին չեն փակել խցում, նման բան չէր կարող լինել, որովհետեւ այդ խցի դուռը չի փակվում:

Իրենք Վահագնի առողջական վիճակի մասին տեղյակ չեն եղել:
Ինքը Վահագնի կնոջը չի զանգել ու չի ասել, թե ինչ-որ մարդիկ նրա ամուսնուն տարել ու թուղթ են թողել:

Խուդոյանն ընդունել է, որ 750 հազար դրամը Վահագնից վերցրել է՝ որպես պարտք, օգտագործել է իր եւ իր ընտանիքի կարիքների համար ու պարտավորվում է մաս-մաս վերադարձնել:

Ամբաստանյալ Դավիթ Միքայելյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանել է հարցերին ու ասել, որ տանիքի նորոգման համար ստեղծել է յոթ հոգուց բաղկացած բրիգադ: Աշխատողներից ավելի վաղ ճանաչել է Վահագնին:

Բրիգադի անդամներն իրար հետ ընդմիջում են արել:

Բոլորի ներկայությամբ Նարեկը Վահագնից պարտքով գումար է խնդրել: Վահագնը համաձայնել է գումար տրամադրել տասը տոկոսով:

Հաջորդ օրը Նարեկն ու Վահագնը գնացել են վերջինիս տուն, տան ոսկեղենը վերցրել, գրավ են դրել, հետո եկել են աշխատանքի:
Աշխատանքից հետո էլ Վահագնի առաջարկով գնացել են ռեստորան ու լավ ժամանակ են անցկացրել:

Իրենք Վահագնին չեն սպառնացել, չեն թողել փակ սենյակում, նրա հեռախոսը չեն վերցրել, չեն սպառնացել, թե ոտքը կապելու են վերելակի ճոպաններից:

Վահագնի առաջ դանակ ու աղ չի դրել ու նրան չի առաջարկել ինքն իրեն մատաղ անել: Իրենք աշխատավայրում դանակ չեն ունեցել, անգամ պանիրը պատառաքաղով են կտրել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ