Պիեռ Սարկոզի. “Ֆրանսահայ համայնքը մեծ է, եւ նրանք բոլորն էլ հրաշալի մարդիկ են” /ֆոտո/
Ֆրանսիայի ազգային տոնը Երեւանում նշեցին յուրօրինակ համերգով:Հուլիսի 14-ի երեկոյան Սիրահարների այգում համերգային ծրագրով հանդես եկավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պիեռը, նույն ինքը DJ MOSEY-ն:
Քաղաքական գործիչ հայրը ոգեւորված չէր որդու երաժշտական կարիերայով, սակայն նախագահի որդի լինելու փաստը չխանգարեց, որպեսզի Պիեռը հաստատուն քայլերով առաջ գնար շոու բիզնեսի աշխարհում: Այսօր արդեն Պիեռ Սարկոզին համաշխարհային ճանաչում ունի. նա ամենասպասված DJ-ներից է: DJ MOSEY-ն ներկայանում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճերով, նաեւ երաժշտական պրոդյուսեր է:
Պիեռ Սարկոզին առաջին անգամ էր Հայաստանում, եւ ինչպես ինքն է ասում, հրաշալի տպավորություններ է ստացել մեր երկրից: “Ես շատ հայ ընկերներ ունեմ: Ֆրանսիայի համայնքը մեծ է, եւ նրանք բոլորն էլ հրաշալի մարդիկ են,- ասում է Պիեռը:
Պիեռ Սարկոզիի հայաստանյան համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “Modd Events” հայ-ֆրանսիական կազմակերպությունը:
Երեկոյի ընթացքում բարձր տրամադրություն եւ դրական լիցքեր փոխանցեցին նաեւ հայ DJ-ները՝ Վակցինան, Հայկ Սոլարը եւ Առնի Ռոքը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն այս նախաձեռնությունը համարում է հայ-ֆրանսիական հարատեւ բարեկամության եւս մեկ ապացույցը: Ըստ նրա՝ համերգային այս ծրագրի նպատակներից մեկն է ամռան շրջանում երիտասարդների համար կազմակերպել հետաքրքիր միջոցառում եւ ցույց տալ, որ հայ DJ-ները նույնպես կարող են նույն բեմից հանդես գալ ֆրանսիացի հայտնի DJ-ի հետ:
“MODD EVENTS”-ի հայկական գրասենյակի տնօրեն Արմենուհի Հարությունյանը տեղեկացրեց, որ Սարկոզին սիրով է համաձայնել գալ Հայաստան, իսկ մինչ այդ հուլիսի 13-ին համերգ է ունեցել Վրաստանում: Արմենուհի Հարությունյանը հույս հայտնեց, որ հայ հանդիսատեսը կսիրի Պիեռ Սարկոզիին եւ նրա երաժշտությունը:
Սիրահարների այգում հրավիրված բացօթյա համերգին հետեւեց նաեւ AfterParty-ն, որը կայացավ “KAMI”ակումբում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի ծառայություն