Մարդկության պատմության մեջ դեռևս չի եղել սեփականության վերաբաշխման որևէ հաջողված օրինակ. Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր հեղինակային հոդվածում անդրադարձել է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի, որոնք, ըստ նրա, հնարավոր է նախաձեռնալ ամենակարճ ժամկետներում:
«Իմ վերջին հրապարակման մեջ անդրադարձել էի համաճարակի հետևանքով սպասվող ռիսկերին, դրանց չեզոքացման տարբերակներին և քայլերին, որոնք երկրում կխթանեն տնտեսական ակտիվությունը։ Նախ՝ շնորհակալություն՝ ծավալված հետաքրքիր և շահագրգիռ քննարկման համար։ Դրանից ինձ համար պարզ դարձավ, որ որոշ հարցեր լրացուցիչ դետալացման և պարզաբանման կարիք ունեն։ Պարզաբանման համար առանձնացրել եմ հինգ հիմնական կետ, որոնց կանդրադառնամ առանձին-առանձին։ Մինչ այդ ցանկանում եմ կանգ առնել այլ բանի վրա՝ մի շարք հասկանալի բարդույթների և վախերի, որոնք այս ընթացքում պետք է հաղթահարի գործող իշխանությունը։ Ես սա ասում եմ՝ առանց որևէ կշտամբանքի կամ ցինիզմի, քանի որ սրանք բնորոշ են ճգնաժամային պայմաններում բազմաթիվ այլ կառավարությունների ևս։
Առաջին. ամենագետի բարդույթի հաղթահարումը, երբ քեզ թվում է, թե դու ամբողջությամբ տիրապետում ես իրավիճակին, տեղեկատվությանը, գիտելիքին, փորձին։ Իրականությունը հաճախ բոլորովին այլ է լինում։
Երկրորդ. չվախենալ սխալվելուց, վերցնել պատասխանատվություն և կայացնել ոչ ստանդարտ որոշումներ։ Մտածել, թե ինչպե՛ս օպերատիվ և արագ կերպով կազմակերպել և իրականացնել կապիտալ ծրագրերը՝ խուսափելով բյուրոկրատական մեծ քաշքշուկից։ Գործել՝ չվախենալով սխալվելուց, գործել արդյունավետ՝ հիշելով, որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։ Միևնույն է, ինչպես ցույց է տալիս կյանքը, հետո ոչ ոք շնորհակալություն չի հայտնելու։
Երրորդ. ձգտել առավելագույն քանակի սոցիալական օժանդակության հատկացմանը։ Միևնույն է՝ իդեալական հասցեականություն ստանալ չի հաջողվելու, բայց այսպիսով գոնե քիչ կլինեն ցավալի բացթողումները և առավելագույնս կներառվեն իրոք այդ օգնության կարիքն ունեցողները։
Չորրորդ. հնարավորինս արագ իրավական դաշտ վերադարձրեք իրավապահ համակարգը։ Երբեք չի կարելի վարկանիշի անկումը փորձել փոխհատուցել քննչական մարմինների ագրեսիվությամբ։ Պետք է հաշտվել մտքի հետ, որ համաճարակը և ուժգնացող սոցիալական լարվածությունն այլևս անցյալում են թողնելու կառավարության բարձր վարկանիշը և հանրային մեծ աջակցությունը. հիմա գալիս է բոլորովին նոր փուլ, որտեղ կառավարության գնահատականը լինելու է միայն իր տված արդյունքը։ Հիմա՝ բուն պարզաբանումների մասով։
Կառավարության կառուցվածքի մասին
Միտումնավոր խուսափում եմ կադրային որակներին առնչվող կամ անձնավորված որևէ քննարկումից և ձևակերպում եմ բացառապես կառուցվածքային և դրանից բխող բովանդակային առաջարկներ.
– Վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը
– Ստեղծել նոր ներքին գործերի նախարարություն (այս գաղափարի մասին նախկինում մանրամասն անդրադարձել եմ)
– Ձևավորել արդյունաբերության և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (էներգետիկա, հանքային արդյունաբերություն և բնօգտագործում, քիմիա, ջրային տնտեսություն)
– Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխարեն ստեղծել Տարածքային կառավարման, տրանսպորտի և քաղաքաշինության նախարարություն։
– Ստեղծել Կրթության, գիտության, երիտասարդության հարցերի նախարարություն
– Ստեղծել Մշակույթի և սպորտի զարգացման նախարարություն
– Միավորել էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունները մեկ՝ Տնտեսական զարգացման նախարարության կազմում (ներառելով տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների կոմիտեներ և այլ պրոֆիլային միավորներ)։
Նման ռեֆորմի դեպքում պետք է նկատի ունենալ, որ պետք է ձևավորվի գործունյա կառավարչական թիմ, և կառավարության անդամներից յուրաքանչյուրը պետք է դառնա իր ոլորտի շարժիչը, դառնա իրական հակաճգնաժամային մենեջեր և նախաձեռնող, կրի ուղղակի, անձնավորված պատասխանատվություն՝ տված արդյունքի համար։ Պետք չէ վախենալ նախարարությունների թվի մեծացումից. այսպիսի կառուցվածքը կրում է հակաճգնաժամային բնույթ, և երկու-երեք տարի հետո այն կարելի է հանգիստ վերանայել։ Գլխավորը թիմն է, մարդիկ։
Ռուսաստանի հետ հարաբերությունները
Իմ հրապարակման մեջ անդրադարձել էի պոտենցիալ արտաքին ռիսկերին, որոնց զգալի մասը կապված է Ռուսաստանի և այդ երկրի քաղաքական իշխանությունների կայացրած որոշումների հետ։ Ես, որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ, որոնցից շատերն առ այսօր շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել իրենց երկրի ներսում, կարծում եմ, որ մեր երկրների այսօրվա իշխանությունների միջև կոմունիկացիոն խնդիրներ կան։ Անցյալ տարի իմ հրապարակումներից մեկում ես գրել էի.
«2018թ-ի մայիսին, երբ պետական գործերը հանձնում էի նոր իշխանությանը, Կրեմլի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր ղեկավարության ուշադրությունը հրավիրեցի երկու հանգամանքի վրա։
Առաջին՝ Ռուսաստանի ղեկավարությունում, չնայած նրանց խորհրդավոր բնույթի մասին լեգենդներին, մեզ նման մարդիկ են աշխատում։ Նրանց խորթ չեն մարդկային հատկանիշները, ուստի նրանց համար առանձնահատուկ կարևորություն ունեն հարաբերություններում անկեղծությունն ու ազնվությունը։ Ուստի իմ առաջին խորհուրդն էր՝ լինել անկեղծ, իսկ հարաբերությունները կարող են հաջողություն արձանագրել, եթե այլոց նկատմամբ չկան դա բացառող պարտավորություններ։ Ընդգծեցի նաև, որ նման հավանական պարտավորությունների մասին ռուս գործընկերները կարող են իմանալ՝ ելնելով իրենց հնարավորություններից»։
Երկրորդ խորհուրդս այն էր, որ, հաշվի առնելով ռուսական իշխանության առանձնահատկությունները, վերջիններս չեն ներում դավաճանությունը, իսկ փորձության ժամանակ ընկերներին չեն դավաճանում։ Դա 2018-ի մայիսն էր։
Ակնհայտ է, որ, առանց իրական և վստահելի հարաբերությունների ձևավորման, մեզ համար դժվար է լինելու հասնել ռուսական իշխանությունների կողմից մեր խնդիրների ընկալմանը և աջակցությանը։ Ամեն օրվա հետ այս հնարավորությունը միայն նվազում է։ Պետք է կարողանալ հաղթահարել նաև անձնավորված խնդիրները։ Եթե մենք անվերջ հայտարարում ենք, թե աղմկահարույց դատական պրոցեսը չունի քաղաքական ենթատեքստ, բնական է, որ Ռուսաստանի քաղաքական այրերը, հատուկ ծառայություններում և ընդհանրապես պետական համակարգում ունեցած իրենց ահռելի փորձով, հասկանում են, որ այստեղ մեղմ ասած «խորամանկում են», հետևաբար՝ իրենք կշարունակեն ընդգծված զուսպ հարաբերություններ պահպանել։
Հայ-թուրքական հարաբերություններ
Այս թեման այսօր պետք է քննարկվի բացառապես տարածաշրջանում լարվածության թուլացման և համատեղ տարածաշրջանային ռիսկերի կառավարման համատեքստում։ Առաջարկելով էներգետիկայի և ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման գաղափարը՝ ես որևէ նոր բան չեմ անում։ Հասկանալով, որ առավել գլոբալ ենթակառուցվածքային նախագծեր այս պահին քննարկելն իրատեսական չէ, մյուս կողմից պետք է ընդունել, որ ընթացիկ պատմական փուլի՝ համաճարակով պայմանավորված առանձնահատկությունները պետք է լինեն պրագմատիզմը և ռացիոնալիզմը։ Խորհրդային տարիներին Հայաստանից դեպի Թուրքիա մատակարարվում էր էլեկտրաէներգիա։ Ախուրյանի ջրամբարի ռեսուրսները բավականին ռացիոնալ կերպով օգտագործում են երկու կողմերն էլ՝ առանց դիվանագիտական հարաբերությունների։ 90-ականներին թուրքական կառավարությունն օժանդակեց Հայաստանին՝ հացահատիկ մատակարարելով։ Առկա է ավիափոխադրում երկու երկրների միջև։ Մեր բազմաթիվ քաղաքացիներ ակտիվ բիզնես հարաբերությունների մեջ են թուրք գործընկերների հետ, իսկ շատերը նախընտրում էին հանգիստը Թուրքիայում անցկացնել: Ինչպես տեսնում եք՝ լիակատար «կարանտին» հայ-թուրքական հարաբերություններում չի եղել։ Գիտեմ, թե որքան ջանք է պահանջվել ժամանակին Հայաստանի ղեկավարությունից՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց նախաձեռնելու համար։ Ժամանակակիցների համար դժվար է օբյեկտիվ կերպով գնահատել նման նախաձեռնությունները, բայց պատմությունն ազնիվ գնահատական կտա։
Ի հավելումն իմ առաջարկած երկու նախագծերի՝ կարելի է քննարկել այլ գաղափարներ ևս. օրինակ՝ համատեղ տուրիստական կլաստերի գաղափարը Ախուրյան գետի մոտ՝ Անիի ավերակների շրջանում։ Երկու կողմից զբոսաշրջային հոսքերը կարող են էապես մեծանալ, ինչը կխթանի նոր ենթակառուցվածքների ստեղծումը։ Նման մի նախագիծ մի քանի տարի առաջ քննարկվում էր սփյուռքից պոտենցիալ ներդրողների հետ։ Այն շատ կարևոր նշանակություն ունի Գյումրիի և հարակից համայնքների զարգացման համար։ Ի դեպ, 2019-ին առաջին անգամ կայացավ Երևան-Վան ուղիղ թռիչք՝ առանց որևէ խոչընդոտի։
Խոշոր բիզնես-ընտանիքների հնարավորությունների նորովի օգտագործումը
Իմ հոդվածում ես խոսում էի երկրի բոլոր հնարավոր ռեսուրսների կոնսոլիդացիայի մասին, ինչը թույլ կտա հաղթահարել այլևս անխուսափելի դարձող տնտեսական ռիսկերը։ Որպես օրինակ՝ ես նշել էի կայացած խոշոր գործարար ընտանիքների ռեսուրսների ճիշտ օգտագործումը՝ Հարավային Կորեայի օրինակով։ Նախորդ դարի 60-ականներին հետամնաց Հարավային Կորեան, տնտեսական զարգացման ճիշտ մոդելի ընտրության շնորհիվ, տեսանելի ժամանակահատվածում դարձավ տնտեսական գերտերություն։ Նոր տնտեսական քաղաքականության հիմնական գաղափարը հարուստ ընտանիքների բիզնես-կոնգլոմերատների (chaebol) օգտագործումն էր։ «Չեբոլները» ձևավորվել էին ոչ թե ազատ մրցակցության պայմաններում, այլ, շատ հաճախ, արհեստականորեն և նպատակային։ Կորեան զուրկ է հիմնական բնական ռեսուրսներից, և վաթսունականների միակ ռեսուրսը, ըստ էության, աշխատուժն էր՝ էժան, խիստ կարգապահ, բայց՝ ոչ որակյալ։ Այս պայմաններում Կորեայի կառավարությունն արտահանումը դարձրեց տնտեսական զարգացման շարժիչը . խնդիր դրվեց՝ Կորեան դարձնել արտահանող երկիր, որը պետք է ներկրեր հումք և արտահաներ պատրաստի արտադրանք։ Խնդիրն այն էր, որ փոքր ընկերություններն ի վիճակի չէին միջազգային շուկայում որևէ մրցակցության դիմանալ։ Բարեփոխումների մեկ այլ հիմնարար ուղղություն դարձավ կրթական համակարգը. Երկրին անհրաժեշտ էր արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի համար որակյալ կադրեր պատրաստել։ Միջնակարգ և բարձրագույն կրթության որակի բարձրացումը դարձավ Հարավային Կորեայի մրցունակության գրավականներից։
Կորեայում խոշոր ընտանեկան բիզնեսի էֆեկտիվ զարգացման արդյունքում են ձևավորվել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Samsung, Hyundai, LG, SK Group, Lotte և այլն։ «Չեբոլների» համակարգը Կորեային հնարավորություն տվեց՝ պետության և մասնավոր հատվածի միջև օպտիմալ հարաբերություններ ձևավորել։ Չեբոլները վճռական դեր խաղացին երկրի ինդուստրիալիզացիայի և համաշխարհային տնտեսության մեջ Կորեայի ինտեգրման համար, իսկ կառավարությունն ամեն կերպ օժանդակում և պաշտպանում էր այդ բիզնես-ընկերությունները։ Շատ դեպքերում դրանք փաստացի մոնոպոլ արտոնություններ էին ստանում, այդ թվում՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու համար։ Պետության աջակցությունը կրում էր ցածր տոկոսադրույքներով ֆինանսական օժանդակության, հարկային արտոնությունների, պետական պատվերների և այլ տեսք։ Խոշոր բիզնեսի զարգացման այս համակարգը կարճ ժամանակում ստիպեց, որ զարգանա միջին և փոքր բիզնեսը, որը մեծ մասամբ սպասարկում էր խոշորներին և պարտավոր էր ապահովել բարձր որակ։
Այսքանով ուզում եմ սահմանափակել Հարավային Կորեայի մոդելի քննարկումը, քանի որ դա շատ երկար թեմա է, բայց ուզում եմ շեշտել, որ, ցավոք, Հայաստանում տնտեսական մոդելների շուրջ պատկերացումները բավականին սահմանափակ են, և հաճախ որպես այլընտրանք նշվում է բոլշևիկյան տնտեսական մոդելը։ Նման «հեղափոխական տնտեսական» մոդելով գնացին Վրաստանը և Ուկրաինան, որոնք որևէ ակնհայտ հաջողության չհասան, եթե չասենք, որ մի շարք ճյուղեր պարզապես կոլապսի ենթարկվեցին, իսկ երկրները կրեցին տարածքային կորուստներ։ Մենք պետք է գիտակցենք, որ մարդկության պատմության մեջ դեռևս չի եղել սեփականության վերաբաշխման որևէ հաջողված օրինակ։ Նման բոլոր փորձերը բերել են տնտեսական փլուզման և ճգնաժամերի խորացմանը։ Նախնական կապիտալի կուտակումը բոլոր զարգացած երկրներում գնացել է նույն վիճելի կանոններով՝ մինչ այն պահը, երբ պետությունը հրապարակել է խաղի նոր կանոններ և ստիպել, որ բոլորն ընդունեն դրանք։ Այդ խաղի կանոնները սովորաբար լինում են ավելի արդար։
Եթե մենք չգնանք այդ ճանապարհով՝ ներքին կոնսոլիդացիայի և խաղի նոր կանոնների սահմանման, ապա կհայտնվենք ներքին հակամարտության և անկայունության փուլում։ Դա կլինի ական՝ մի քանի սերնդի տակ, ինչպես դիպուկ նշել էր մեր հայտնի իրավապաշտպաններից մեկը։ Հաճախ օտարերկրյա խորհրդատուները դրդում են հենց դրան։ Այնինչ՝ պետք է բոլորին «նստեցնել մեկ սեղանի շուրջ», բոլորին դարձնել պետության զարգացման մասնակիցը, բոլորին՝ իրենց ռեսուրսներով, դնել պոզիտիվ տոնայնության մեջ։
Իհարկե, կորեական կամ որևէ այլ մոդելի կիրառումը ենթադրում է մանրամասն ադապտացիա հայաստանյան իրականությանը։ Կարևոր է հաշվի առնել բազմաթիվ նյուանսներ, այդ թվում՝ տեղական փոքր ու միջին բիզնեսի շահերն ու առանձնահատկությունները, անել այնպես, որ որևէ մոդելի կիրառման արդյունքում տնտեսությունը դառնա հնարավորինս մասնակցային, յուրաքանչյուր քաղաքացի կարողանա գտնել իրեն նոր տնտեսական համակարգում։ Խոշոր բիզնեսների՝ տարիների ընթացքում կուտակած ռեսուրսներն ու կարողությունները պետք է գրագետ կերպով օգտագործել՝ փոքր և միջին բիզնեսը խրախուսելու, նրանց համար աճի ու զարգացման նոր հնարավորություններ, գործընկերային նոր ցանցեր ստեղծելու նպատակով։ Սա պետք է լինի էվոլյուցիոն, դինամիկ և բոլորի համար շահավետ գործընթաց։
Նոր ենթակառուցվածքային ծրագրերի մասին
Այստեղ փորձեմ համառոտ ամբողջացնել այն նախագծերը, որոնց մասին վերջին տարվա ընթացքում խոսել եմ, և որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը։
– Պետք է շարունակել աշխատանքը Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ, կառուցել նոր էլեկտրահաղորդման գծեր և արդիականացնել գործողները, մաքսիմալ սինքրոնացնել մեր երկրների էներգետիկ համակարգերը, ապահովել Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի՝ այդ միջանցքով արտահանումը տարածաշրջանի այլ երկրներ։ Վերադառնալ էլեկտրաէներգիա արտադրող գործող աղբյուրների արդիականացման և նորերի ստեղծման թեմային․ նոր ատոմակայան, Արաքսի վրա և Լոռիում Շնող գետի վրա ՀԷԿ-եր, արևային էներգետիկա։
– «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի զարգացման՝ նախորդ կառավարության օրոք արդեն քննարկված նոր փուլը՝ Երևան-Զվարթնոց-Էջմիածին ուղևորատար երկաթգծի կառուցմամբ և օդանավակայանի շուրջ նոր հասարակական-արտադրական գոտու ստեղծմամբ:
– Օդային փոխադրումների ոլորտի զարգացման համատեքստում՝ Եվրոպայից ուղևորներին Ասիական երկրներ, օրինակ՝ Հնդկաստան, Չինաստան և հակառակ ուղղությամբ տարանցումների համար Հայաստանը տարածաշրջանային օդային հանգույցի վերածելու հեռանկարը, այդ թվում՝ մի շարք արաբական ավիաընկերությունների կողմից Երևանը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար հենակետ դարձնելու տարբերակը:
– Քաջարանի թունելի կառուցումը, Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու և Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների, ինչպես նաև՝ Պարսից ծոցի և սևծովյան նավահանգիստների միջև ավտոմոբիլային փոխադրումները խթանելու համատեքստում։
– Իրանական գազը Հայաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցելու հնարավորության իրացումը. ՀՀ կառավարությունը դեռևս ունի կոմունիկացիոն ռեսուրսներ՝ այս նախագիծն քննարկելու համար:
– Պետություն-մասնավոր համագործակցությամբ, տեղական արտադրանքն ավանդական շուկաներում գովազդելու և նոր շուկաներ որոնելուն ուղղված հատուկ արշավի նախաձեռնում։ Մեզ համար նոր շուկաներն են՝ Ծոցի երկրները, Չինաստանը, աստիճանաբար նաև՝ ԵՄ-ն։ Միասնական ազգային ապրանքանիշի կամ բրենդի ստեղծում․ նման աշխատանքներ սկսվել էին, սակայն անավարտ մնացին։ Հայաստանից մեկ միասնական բրենդի ներքո ապրանքների արտահանման միասնական լոգիստիկ կենտրոնների ստեղծում․ օրինակ, խմելու ջուրը, հյութերը, ջեմը, մրգերն ու բանջարեղենը, հատապտուղները, կարտադրվեն տարբեր ձեռնարկություններում, սակայն արտադրության միասնական ստանդարտներով ու սկզբունքով։
– Հայաստանում նոր ջրամբարների կառուցում՝ Արաքսի ավազանում ոռոգման ջրի անբավարարության ռիսկերին դիմակայելու և Սևանա լճի ջրային ռեսուրսներն առավելագույնս խնայելու նպատակով։ Նախորդ կառավարությունները իրականացրել են Վեդիի և Մարմարիկի ջրամբարների նախագծերը, սակայն կարելի է վերջնական որոշել նաև Ախուրյան գետի վրա Կապսի, Թուրքիայի սահմանին՝ Արաքս գետի վրա Սուրմալուի և Եղվարդի ջրամբարների հարցը։ Կան նաև մասշտաբներով ավելի փոքր ջրամբարների նախագծեր Արմավիրում և Արագածոտնում, որոնք թույլ կտան պահել գարնանային հեղեղումների ջրերը և ներգրավել մասնավոր ներդրումներ։
– Սևանա լճի շուրջ առկա մաքրման համակարգերի արդիականացում և նորերի ստեղծում։ Վերջին տարիներին կառուցված է 3 մաքրման կայան, սակայն դրանք լուծում են կեղտաջրերի մեխանիկական մաքրման հարցը։ Հարկավոր է ավելացնել նոր կայանների թիվը, ներդնել կենսաբանական մակարդակում կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ և փաստացի անվտանգ դարձնել լճի էկոհամակարգը։
– Տրանսպորտային համակարգի զարգացման տեսանկյունից՝ կարևոր է ոչ միայն հին ճանապարհների նորոգումն ու վերականգնումը, այլև՝ նորերի կառուցումը։ Նմանատիպ ռազմավարական նախագիծ կարող է լինել Բերդ-Իջևան՝ Նավուրով անցնող ավտոճանապարհը։ Պետք է նաև անպայման նոր թափ հաղորդել Հյուսիս-Հարավ նախագծի իրականացմանը։ Տրանսպորտային ցանցի և Դիլիջանի զարգացման համար նոր պայմաններ ձևավորելու նպատակով կարելի է դիտարկել Երևան-Դիլիջան երկաթգծի արդիականացման ծրագիրը՝ այն տեխնոլոգիաներով, որ կիրառվում են Չինաստանում։
– Երևանում Կասկադի համալիրի շինարարության ավարտ։ Լավագույն գաղափարի, ճարտարապետական լուծման մրցույթի հայտարարում և իրականացում։ Նման ծրագրի շրջանակում Երևանի համար նոր հիշարժան վայր և այցեքարտ կարող է դառնալ վերափոխված և արդիականացված Շառլ Ազնավուրի տուն թանգարանը: Երևանում Էրեբունի պատմական թանգարանի հիմքի վրա նոր և ժամանակակից թանգարանային համալիրի հիմնում և Հաղթանակի զբոսայգու արդիականացում և արմատապես նոր տիպի հանգստյան գոտու ձևավորում։
– Հայփոստի մասնավորեցում և դրա հիմքի վրա նոր, համակարգաստեղծ և բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծում, որը հնարավորություն կտա բնակչությանը տարբեր ուղղություններով ծառայություններ մատուցել՝ e-Canada-ի օրինակով։
– Զբոսաշրջային բազմատեսակ համալիր ծրագրեր, որոնցից շատերն արդեն վաղուց քննարկվել են, ունեն մասնավոր ներդրողներ և սպասում են կառավարության օժանդակությանը՝ մեկնարկի համար։ Այդպիսի առկախված ծրագրեր կան այս պահին Գորիսում, Վանաձորում, Ախթալայում։
Ներկայացված ուղղություններն ու նախագծերը, իհարկե, չեն հավակնում սպառիչ լինել: Սրանք միայն մի մասն են այն հնարավոր՝ լոկոմոտիվ հանդիսացող նախագծերի, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքները հնարավոր է սկսել արդեն վաղը»:
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ