Իշխանությունը չի կարողանում ընկալել՝ ուղիղ խոսքը մենակ էշին են ասում․վերլուծաբան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամեն անգամ, երբ ռուսական այս կամ այն պաշտոնյան կամ Կրեմլյան վերլուծաբանը հայտարարում են, որ գազի սակագնի հետ կապված հարցը Հայաստանի իշխանությունները պետք է քննարկեն տնտեսական մակարդակում ու միմիայն «Գազպրոմ»-ի հետ, սա նշանակում է, որ ոչ թե այդ հարցը լուծում է «Գազպրոմ»-ը, այլ ընդամենը բացեիբաց հասկացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության, ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը չի բավականացնում, որպեսզի այդ հարցը ինքը կարողանա հավասարազոր քննարկել ու լուծել ավելի բարձր մակարդակներում։
Բոլորը գիտեն, որ Ռուսաստանում գազի գինը դա ոչ թե տնտեսական, այլ միմիայն քաղաքական բաղադրիչ ունի, և այն այս կամ այն պետության համար լուծում է ընդամենը մեկ անձ, ի դեմս Վ․Վ․ Պուտինի, սակայն երբ դու չունես հավասարազոր կշիռ ու ընդունված չես Կրեմլում, քեզ ամեն անգամ ուղարկում են «Գազպրոմ»՝ Միլլերի կամ անգամ նրա ամառանոցի պահակի հետ բանակցելու։
Ակնհայտ է, որ ռուսական կողմը արդեն չի էլ պատկերացնում, թե քաղաքական ինչ գործառույթների կամ համադրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հասկացնի քաղաքական խաղի կանոնները ու նրա այս կամ այն քայլի հետևանքները մնացած գործընթացների վրա։ Քաղաքականությունից հարյուրավոր կիլոմետր հեռու Հայաստանի իշխանությունները համառորեն չեն կարողանում ընկալել, որ ուղիղ խոսքը մենակ էշին են ասում․․․»։