23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարեսկզբին աշխատատեղերը կտրուկ կրճատվել են․ 168.am

168.am-ը գրում է․ «Կորոնավիրուսի հետևանքով վտանգի տակ են հայտնվել տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Դրանց մի մասը փաստացի արդեն փակվել է, իսկ մյուս մասը կփակվի առաջիկայում։ Ոչ մի հույս չկա, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերականգնել այդ աշխատատեղերը։

Աշխատատեղերի փակումը սպառնում է երկրում գործազրկության ավելացմանը և սոցիալական լարվածության խորացմանը։ Հատկապես որ, մինչ այդ էլ իրավիճակը բարվոք չէր։

Վերջին տվյալներով՝ գործազրկության մակարդակը Հայաստանում տատանվում է 17-18 տոկոսի սահմաններում. շուրջ 202 հազար մարդ աշխատանք չունի։ Աղքատ է բնակչության 23-24 տոկոսը։ Խոսքն ավելի քան 700 հազար մարդու մասին է։

Կորոնավիրուսը սպառնում է երկրում խորացնել սոցիալական լարվածությունը։ Իր հերթին՝ կառավարությունն իրավիճակից դուրս գալու ելքեր է փնտրում։

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը»,- օրերս հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց վարչապետը։

Աշխատատեղերի ստեղծման գործում կառավարության հույսը կապիտալ ծախսերն են։ Սակայն այստեղ էլ խնդիրների պակաս չկա։ Դրանք քրոնիկ թերակատարվում են։ Թերակատարման տեմպերը վերջին 2 տարիներին ավելի են խորացել։

Այս տարվա սկիզբը ևս բացառություն չէ։ Հունվար-փետրվարին կատարվել է պետական բյուջեով առաջին եռամսյակի համար նախատեսված կապիտալ ծախսերի ընդամենը 27-28 տոկոսը։ Անիմաստ է խոսել նաև մարտ-ապրիլի մասին։ Դրանք այլևս կորսված ամիսներ են։

Կապիտալ ծախսերի թերակատարման պատճառները, անշուշտ, տարբեր են, բայց անկախ ամեն ինչից՝ դրա մեղավորը կառավարությունն է։ 2 տարում կառավարությունը չկարողացավ ստեղծել մեխանիզմներ թերակատարման շրջապտույտից դուրս գալու համար։

«Հայաստանում միշտ կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել, բայց նոր համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի և ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում,- ասում է վարչապետը: -Ըստ էության այս պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում, և հետևաբար՝ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով  նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ, և սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում»։

Կապիտալ ծախսերն այն ծախսերն են, որոնց իրականացմամբ կարճաժամկետ կտրվածքով իսկապես կարելի է աշխատատեղեր ստեղծել։ Բայց դեռ հարց է, թե կառավարությանը որքանո՞վ կհաջողվի խթանել այդ ծախսերը։ Սկիզբը հուսադրող չէ։ Բայցի այդ էլ, կապիտալ ծախսերի ընդլայնմամբ անհնարին է լուծել տնտեսության առանձին հատվածներում փակված կամ փակման սպառնալիքի տակ հայտնված աշխատատեղերի խնդիրը։ Խոսքը, մասնավորապես, ծառայությունների ու սպասարկման ոլորտի մասին է, որը, դատելով այսօրվա իրողություններից, լինելու է համաճարակի հետևանքով տնտեսության ամենաշատ տուժած հատվածը, այդ թվում՝ նաև աշխատատեղերի կրճատման առումով։

Մինչ կառավարությունը երկրում ստեղծված սոցիալական լարվածության մեղմացման ելքը տեսնում է կապիտալ ծախսերի ընդլայնման մեջ, տարեսկզբին աշխատատեղերը Հայաստանում բավական կտրուկ կրճատվել են։ Բայց կորոնավիրուսը դրա հետ ոչ մի կապ չունի։ Աշխատատեղերը կրճատվել են՝ մինչև համաճարակը կհասներ Հայաստան։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվարին Հայաստանում գրանցված է եղել 600 հազար 340 աշխատող։ Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աշխատատեղերը կրճատվել են շուրջ 27,5 հազարով։

Սա բավական լուրջ թիվ է Հայաստանի աշխատաշուկայի համար։ Անկախ նրանից, թե դա ինչի հետևանք է, փաստն այն է, որ 1 ամսում 27,5 հազար մարդ կորցրել է աշխատանքը։

Հայտարարագրված աշխատողների քանակը նվազել է՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում։ Պետական համակարգում հունվարին զբաղված է եղել 197,7 հազար մարդ։ Նախորդ ամսվա համեմատ՝ զբաղվածների թիվը կրճատվել է 8,1 հազարով։

Շատ ավելի մեծ է եղել հայտարարագրված աշխատողների նվազումը տնտեսության մեջ։ Ընդամենը 1 ամսվա տարբերությամբ 19,4 հազարով պակասել է գրանցված աշխատողների քանակը։ Եթե անցած տարվա դեկտեմբերին տնտեսության մեջ զբաղված էր 422 հազար մարդ, ապա այս տարվա հունվարին զբաղվածների թիվը կազմել է 402,6 հազար։

Հայտարարագրված աշխատատեղերի կրճատման գործում, իհարկե, կա սեզոնայնության դերը։ Տարեսկզբին տնտեսական ակտիվությունը սովորաբար շատ ավելի ցածր է լինում, քան նախորդ տարվա վերջին։ Դա բացասաբար է ազդում աշխատաշուկայի վրա՝ հանգեցնելով հայտարարագրվող աշխատատեղերի կրճատման։

Աշխատատեղերի զգալի նվազում է արձանագրվել շինարարության, մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, կրթության և այլ ոլորտներում։ Անմասն չի մնացել նաև առողջապահությունը. անցած տարվա դեկտեմբերին այստեղ զբաղված է եղել ավելի քան 46,8 հազար, այս տարվա հունվարին՝ 45,5 հազար մարդ։

Աշխատաշուկայում տեղի ունեցող նման սեզոնային դրսևորումներ այս կամ այն չափով լինում են գրեթե ամեն տարի։ Հաջորդող շրջանում շուկան աստիճանաբար վերականգնվում է՝ տնտեսական ակտիվությանը զուգընթաց։ Այս տարի, սակայն, այդպիսի ակնկալիքներ չկան։

Տնտեսությունը մտել է ճգնաժամային փուլ և առայժմ վաղ է խոսել ակտիվության վերականգնման մասին։ Այլևս պարզ է, որ մի շարք ոլորտներում այդ պրոցեսը երկար կձգվի՝ հանգեցնելով հազարավոր աշխատատեղերի փակման։ Ռիսկը մեծ է հատկապես փոքր և միջին բիզնեսում։ Բայց այնպես չէ, որ խոշոր բիզնեսն ապահովագրված է։ Տնտեսական դժվարությունները խնդիրների առջև են կանգնեցրել նաև խոշորներին»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ