23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան

Շա՞տ, քի՞չ, թե՞ համարժեք է նախարարի համար 500.000 դրամ կամ 1000 դոլար աշխատավարձը, որից 1/3-ը պահումներ են. քիչ է, իհարկե: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Ես կասեի՝ շատ քիչ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե հիմքում ինչն է դրված՝ աշխատանքի ծավալի գնահատու՞մը, աշխատանքի արդյունավետությու՞նը, հակակոռուպցիոն նպատա՞կը, սոցիալական դիրքի պահպանությու՞նը, սոցիալական կապե՞րը, սոցիալական արդարությու՞նը, օրվա քաղաքական իշխանությանը հնազանդության մակարդակի խրախուսու՞մը, մասնավոր տնտեսական գործունեությանն առնչակցության հնարավորություննե՞րը, նաեւ, անշուշտ՝ երկրի եւ հասարակության համար ծրագրեր ունենալու եւ դրանք իրականացնելու հնարավորությունը:

Բայց աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի: Դրան ավելանում են թանկարժեք գործուղումները, վճարվող ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունքը, որը սովորաբար նախարար/պատգամավորներին ավելի մեծ փաթեթով եւ ավելի բարձր գնով է հասնում, սպասարկող ավտոմեքենան, սոցիալական կապերից բխող հնարավորությունները՝ իր եւ ընտանիքի անդամների հանգստյան, բուժման, կրթության, ցանկալի աշխատանքի հնարավորությունները, ապագայի բարձր թոշակի հեռանկարը, եւ այլն: Բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում սրանք բոլորը «վճարելու» ձեւեր են:

Ո՞վ, որտե՞ղ եւ ինչպե՞ս է չափել նախարարի աշխատանքի իրական ծավալն ու արդյունավետությունը: Ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս է հաշվել նախարարի աշխատանքի ընթացքից եկող բոլոր եկամուտները: Կարո՞ղ է արդյոք նախարարը նեղվել, որ օրինակ «Գազպրոմի» որոշ աշխատակիցներ իրենից մի քանի անգամ բարձր աշխատավարձ են ստանում՝ իրենից անհամեմատ ավելի քիչ արդյունավետությամբ աշխատելով:

Խնդիրը, կարծում եմ, պետք է տեղափոխել այլ հարթություն: Նախարարների, ԱԺ պատգամավորների եւ առհասարակ ՀՀ բարձրաստիճանովորների աշխատավարձերը պիտի համամասնելի լինեն ՀՀ բնակչության եկամուտների մակարդակների հետ՝ ինչքան լավ աշխատեն բարձր աստիճանավորները՝ այնքան բարձր կլինեն ՀՀ քաղաքացիների եկամուտները, այնքան իրավունք կստանան բարձարացնելու նաեւ բարձր աստիճանավորների աշխատավարձերը: Ճիշտ եւ ճիշտ այն, ինչ իրենք պահանջում են պետական սեկտորի մյուս՝ «անպաշտոն» պաշտոնավարողներից:

Փորձը վաղուց է ցույց տվել՝ առանց արդյունք ցույց տալու բարձր աստիճանավորների աշխատավարձերի բարձրացումը հասարակության եւ երկրի ընդհանուր եկամուտների վրա դրական չի ազդում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ