23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատախազությունը, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն սկսելու են ցույց տալ շեֆին, որ պլանը կատարվում է. Էլինար Վարդանյան

1937 թվականը իր ողջ սարսափի մեջ ուներ առանձնահատուկ սարսափելի պահ՝ պլանը։ Ահռելի Խորհրդային պետությանը, բոլոր հանրապետություններին, շրջաններին, մինչև գյուղ, բնագավառ առ բնագավառ իջեցվում էր պլան։ Այսքան ձերբակալություն, այսքան գնդակահարություն, այսքան աքսոր և այլն։

Պլանն իր ողջ հրեշավորությամբ գործունեության հրահանգ ու գաղափարախոսություն էր դատախազության, НКВД-ի և դատարանների համար։ Խնդիրը պլանը կատարելն էր, գերակատարելը, ու սա հրեշային մրցակցության ոգի էր ձևավորել՝ ողջ երկրով մեկ։

Ես ունեմ մեծ մտավախություն, որ Հայաստանում քաղաքական իշխանության կողմից անընդհատ կրկնվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է այն հրեշավոր մոտիվիացիան, որը դրդելու է իրավապահներին՝ դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ գործել պլանի տրամաբանությամբ։ Ցույց տալ շեֆին, որ պլանը կատարվում է, անցնել իրավունքի, իրականության վրայով։

Շեֆը չի բավարարվում այսքանով, ուրեմն պետք են նորերը։ Նոր ցուցանիշ։ Սա կարող է դառնալ ողբերգություն։

Իսկ ինչ է անհրաժեշտ, որ այս ցուցանիշները ավելի արդյունավետորեն ապահովվեն։ Պետք է ստեղծել օրենսդրական բազա, որը ոչ միայն հնարավորություն կտա կատարել պլանը, գոհացնել շեֆին, այլև լայն մասաների մոտ կստեղծի սպասելիքներ։

Այդպիսի օրենքների շարքը օրեցօր լրացվում է՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը»… Իսկ հետո այս շարքը կլրացնեն նորերը։

Եվ թեև այս օրենքները կարող են հարմար գործիք լինել պլան իջեցնելու և պլանը գերակատարելու համար, սակայն նրանք պետության համար լուրջ ռիսկեր են ստեղծելու։

Սեփականության ինստիտուտը համակարգաստեղծ տարր է համարվում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սեփականության ինստիտուտը լուրջ վտանգի տակ կդրվի։ Պետությունը չի լինելու համոզիչ՝ պոտենցիալ ներդրողների հետ հարաբերություններում, չի կարողանալու տալ սեփականության իրավունքի և այլ տիպի երաշխիքներ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարությունը մի կողմից փորձի երաշխիքներ տալ ներդրողներին, բայց մյուս կողմից՝ երկրում նախաձեռնի, ըստ էության, սեփականության բոլշևիկյան վերաբաժանում։ Ո՞վ կհավատաա, ո՞վ կվստահի։

Ո՞րն է խնդիրը՝ բռնել, խլել, դուր գալ հասարակության ցածր խավերին, թե աշխատացնել երկիրը, թե կուտակված ռեսուրսները, այդ թվում կասկածելի օրինականությամբ, բերել օրինական դաշտ և աշխատացնել երկրի զարգացման համար։

Մեկ Գոլդեն Փելեսի փոխարեն մենք կարող ենք ունենալ 1000 նմանօրինակ վիճակ, երբ չի գտնվի ոչ գնորդ, ոչ աշխատեցնելու հեռանկար։ Վիրուսը մի օր կանցնի, իսկ հետո ինչ ենք անելու։

Մյուս կողմից այս օրենսդրական ճանապարհով գնալու դեպքում հասարակական մթնոլորտի բաղկացուցիչ մասը կդառնան թշնամանքը, անհանդուրժողականությունը, վրեժը, հանրային հարաբերությունների անկայունությունը։ Մի քանի սերունդ ապրելու է հակամարտության պայմաններում՝ մշտապես հիշելով, թե ով ումից ինչ խլեց և ինչ ստացավ։

Հասարակության մեջ կձևավորվի չհիմնավորված սպասումներ՝ կխլեն հարուստներից, կբաժանեն չունևորներին։ Դա չի խթանի գործարարությունը։ Դա կխթանի սպառողական մտածողության և ծույլ հասարակության ձևավորումը։

Առաջարկվող մեխանիզմները չեն բերելու բյուջեի արագ համալրման։ Պետք չէ խաբել մարդկանց։
Պլանը կատարելու բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով ձևավորվելու է իրավապահ համակարգի ծառայողների նոր «կաստա», որտեղ շատերը կձգտեն հայտնվել։ Նրանք մշտապես գտնվելու են քաղաքական իշխանությունների ճնշման տակ՝ բյուջեի արագ համալրման և արագ արդյունքների պահանջով։ Սա բերելու է իրավապահ մարմինների որակի կտրուկ անկման։ Չի բացառվում, որ իրավապահ համակարգը ստանա ինդուլգենցիա՝ «արդյունք՝ ցանկացած գնով» բանաձևով։ Կարծում ենք՝ կարիք չկա սրա հետևանքները մանրամասնելու։

Աշխատանքի այս ուղղությունը և մթնոլորտը կարող են բերել իրավապահ համակարգում կոռուպցիայի կտրուկ աճի, քանի որ սուբյեկտիվության գործոնը չափազանց մեծ է։ Ո՞վ պետք է ստուգի դատախազներին, ոստիկանության, հատուկ ծառայությունների, քննչական մարմինների վերնախավերին կամ էլ՝ այսօր իշխանության մեջ գտնվող բարձրաստիճաններին, որոնց մի մասն աշխատել է նաև նախկինում։ Ձևավորվելու է փակ արդարադատության համակարգ, որի շրջանակներում հիմնական գործընթացները առավելագույնս հեռու են լինելու հանրային վերահսկողությունից։

Օրերս տեղեկատվություն տարածվեց դատախազության կողմից Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան երեք հայց ներկայացնելու վերաբերյալ՝ Ծաղկաձորում հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Փաստորեն պրոցեսն արդեն սկսվել է, նույնիսկ առանց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի։ Տասը տարի է անցել ու հիմա սկսվել է մի պրոցես, որի հետևանքները խիստ ռիսկային են։ Իսկ եթե մի քանի տարի անց այլ պրոցես սկսվի։
Մեծ հաշվով՝ արդեն իսկ չկա վստահությունը՝ այս նախագծերը նախաձեռնողների հանդեպ, քանի որ երկու տարվա աշխատանքի ընթացքում այդպես էլ որևէ թափանցիկություն չեղավ՝ արդեն իսկ ետ բերված գումարների, դրանց իրավական հիմնավորումների, դրանց տեղաբաշխման, ծախսման որոշումների կայացման շուրջ։

Այս փաթեթի ընդունումը և կիրառումը պետության համար ոչ միայն մեծ ռեպուտացիոն ռիսկեր կստեղծեն, այլ՝ լուրջ ֆինանսական դժվարություններ։ Մեծ թվով գործեր կհասնեն միջազգային դատական ատյաններ և կվերածվեն մեծ ֆինանսական տուգանքների՝ պետության համար։
Արդյունքում մենք չենք ստանա ավելի արդար պետություն և հասարակություն, ավելի ուժեղ իրավապահ համակարգ, տնտեսական հնարավորություններով ավելի մրցունակ պետություն,ավելի հանդուրժող, խաղաղ և փոխհամաձայնության մթնոլորտում ապրող հասարակություն։

«Բացահայտումների պլանի» հոգեբանության մյուս վտանգավոր պրոցեսը լինելու է շոուն։ Քաղաքական իշխանությունը իր օբյեկտիվորեն ընկնող վարկանիշը, դժգոհների, գործազուրկների, սնանկացածների, քաղցածների թվի էական մեծացումը փորձելու է փոխհատուցել շոուով. Սա այսքան է գողացել, տարել, կերել, թալանել։ Պատվիրատուն լինելու է քաղաքական իշխանությունը, կատարողը՝ իրավապահները, հետևանքները՝ ողբերգական. պետության համար։

Ընդ որում, պատվիրատուն շոուի մեծ և նոր ծավալներ է պահանջելու, իսկ սա բերելու է օրենքի, օրինականության, դատաիրավական նորմերի անտեսմանը, ոտնահարմանը։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ