23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով. iԼur.am

Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Այս մասին ասվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հոդվածում, որը հրապարակվել է iԼur.am կայքում:

Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ։

Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա։ Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեեւ ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց՝ Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի կարեւոր դերակատարությունը։

Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության։

Նկատի ունենալով այս ամենը, կարծում եմ, ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել մեծ ջանքեր չպահանջող հետեւյալ անհրաժեշտ քայլերը.

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու եւ նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը։

Վերջում թերեւս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլեւ իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ