Վարչապետը պարտավոր է չեղարկել իրենց աշխատավարձերի կրկնապատումը․ նախկին վարչապետ
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Կառավարությունը հաստատեց համաճարակի բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների 9-րդ փաթեթը, որով նախատեսվում է չաշխատող և անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին հատկացնել փոխհատուցում՝ 26500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Եթե հաշվի առնենք, որ այսօր գործող նվազագույն զամբյուղում սննդամթերքի ծախսը սահմանված է մոտավորապես 35000 դրամ, ապա վերը նշված չափաքանակի սահմանումը ակնհայտ անտրամաբանական է: Իսկ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վարձատրության կրկնապատկման և, նախարարից ու պատգամավորից մինչև մարզպետ և քաղաքապետ, աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է:
Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը և հատուկ կարգադրությամբ վերջ դնել պարգևավճարների արատավոր պրակտիկային: Ավելին , հատուկ դրության և կարանտինի պայմաններում նշված պաշտոնյաները պետք է կամավոր հրաժարվեն օրենքով իրենց հասնող աշխատավարձի 1/3-ից հօգուտ համավարակի դեմ պայքարի միասնական ֆոնդին: Դա է պահանջում բարոյականությունն ու քաղաքական ողջամտությունը»։