ՌԴ-ը կարող է ռազմական գործողություններ անցկացնել ՀՀ-ի տարածքում. “Polityka Wschodnia”
Լեհական “Polityka Wschodnia” պարբերականն առանձին հոդվածով անդրադարձել է “Ռուսաստանի աշխարհաքաղաքական իրավիճակին եւ նրա զարգացման հեռանկարներին”:
Հարավային Կովկասի տարածքում Ռուսաստանի քաղաքականությանն անդրադարձ կատարելիս` մասնավորապես նշվում է. “Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը Հարավային Կովկասում դրական է: Հայաստանը փաստացի հանդիսանում է ՌԴ-ի պրոտեկտորատը Հարավային Կովկասում, որի տարածքում ՌԴ-ը կարող է ռազմական գործողություններ անցկացնել (Գյումրիի բազան): Երեւանի եւ Մոսկվայի միջեւ գոյություն ունեցող կապերն ազդեցություն են գործում ԼՂՀ-ի վրա, որտեղ տեղակայված է ռուսական ռազմական տեխնիկա: Առաջընթաց է ապրում նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ռազմականացման գործընթացը, որոնք եւս ռուսական քաղաքական բլոկի մաս են կազմում”:
Ինչ վերաբերում է Կասպից ծովի խնդրին, ապա հոդվածում նշվում է, որ այն չափազանց հաջող ընթացք ունի Ռուսաստանի համար: “Շնորհիվ Ռուսաստանի` այս տարածքը մնում է չկարգավորված, ինչը թույլ է տալիս արգելափակել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի էներգետիկ նախագծերը: Նավատորմի քանակական եւ տեխնիկական վիճակը թույլ է տալիս պաշտպանել ռուսական շահերը տարածաշրջանում եւ ճնշում գործադրել մյուս երկրների վրա, որոնք մուտք ունեն Կասպից ծով”: