Մարտին Վարդազարյանն ունեցավ իր աստղը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, բազմաթիվ արվեստագետների եւ երաժշտասեր երեւանցիների հետ միասին հուլիսի 25-ին մասնակցել է հայկական ջազի եւ էստրադայի աստղերի ճեմուղում Երեւանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը: Ներկաները նախ իրենց գնահատանքի խոսքն են ուղղել մաեստրո Վարդազարյանին՝ բարձր գնահատելով նրա ունեցած դերը հայկական երաժշտարվեստի զարգացման գործում: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ, բոլոր ներկաների անունից շնորհավորելով եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով մաեստրոյին, նկատել է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ այսօրինակ գնահատանքը վաստակաշատ արվեստագետին մատուցվում է կենդանության օրոք, ինչն իր հերթին առավել նշանակալի է դարձնում իրադարձությունը:
Այնուհետ բացվել է Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղը, որի պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ մաեստրո Վարդազարյանին: Մեկ անգամ եւս շնորհավորելով վաստակաշատ արվեստագետին` Տարոն Մարգարյանը մաղթել է նրան քաջառողջություն եւ ստեղծագործական երկարակեցություն՝ ի բարօրություն Երեւանի եւ երեւանցիների:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ բարեմաղթանքների համար` Մարտին Վարդազարյանն իր հերթին վստահեցրել է, որ շարունակելու է իր նպաստը բերել հայկական երաժշտարվեստի զարգացման ու տարածման գործում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն