24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թանկացումներ․ տնտեսվարողները կրկին չդիմացան գայթակղությանը․ 168 Ժամ

Այս օրերին, երբ կորոնավիրուսի տարածման վտանգներով պայմանավորված՝ քաղաքացիները խուճապահար դատարկում են դեղատներն և խանութների ցուցափեղկերը, տնտեսվարողները կրկին չդիմացան գայթակղությանը և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, բարձրացրեցին ապրանքների գները։ Եթե դա լիներ իշխանափոխությունից առաջ, ապա բոլորը կմեղադրեին իշխանություններին՝ մենաշնորհներ ստեղծելու և ժողովրդին թալանելու համար։

Իշխանափոխությունից հետո Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան, կամ գոնե այդպես ասվում է, բայց, ինչպես տեսնում ենք, դրանից շատ բան չի փոխվել։ Հարմար առիթի դեպքում՝ տնտեսության հատվածի մասնակիցները, կլինեն դրանք մենաշնորհային դաշտում թե ոչ, գնում են գների բարձրացման, երբեմն էլ՝ կտրուկ բարձրացման։

Ամեն ինչ սկսվեց բժշկական դիմակներից, որոնց գները նույնիսկ արդեն դժվար է հաշվել, թե քանի անգամով ավելացան։ Այսօր էլ շարունակում են նույնքան բարձր լինել. կրկնապատկվելն ու եռապատկվելն անգամ քիչ է։ Դրան հաջորդեցին դեղերն ու բժշկական այլ պարագաները։ Հետո եկան առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում, ինչպես՝ սննդամթերքը, այնպես էլ՝ կենցաղային ապրանքները։

Իսկ այդ ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը կոչված է թույլ չտալու գների չհիմնավորված բարձրացումներ, ինչպես միշտ՝ դիտորդի դերում էր։ Դրա համար այն ունի գուցե և օբյեկտիվ պատճառաբանություններ։ Միշտ չէ, որ Հանձնաժողովն իրավասու է միջամտել տնտեսվարողների գործերին, հատկապես, երբ նրանք հանդես չեն գալիս գերիշխող դիրքերում։ Այդ առումով Հանձնաժողովի գործողություններում շատ բան չի փոխվել։ Զարմանալի չէ, որ բոլորը դժգոհում են, թե վերջին օրերին սպիրտը կտրուկ թանկացել է, իսկ Հանձնաժողովը համարում է, որ ամեն ինչ օրինական է։

– Թանկացումները պայմանավորված են բացառապես ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով, ինչը համահունչ է ԵԱՏՄ մեր պարտավորություններին:

Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով։

Այսպիսով, 1 լիտր սպիրտի գինը (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով ) կազմում է 6000 դրամ,- հայտարարում է Հանձնաժողովը:

Իրականում այդպես է։ Բայց ինչո՞ւ սպիրտը սկսեց կտրուկ թանկանալ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ դա կարելի է օգտագործել սանիտարահիգիենիկ նպատակներով։ Մինչ այդ էլ գործում էին Հարկային օրենսդրության փոփոխությունները և ԵԱՏՄ-ի նկատմամբ մեր ստանձնած պարտավորությունները, իսկ սպիրտն անհամեմատ ավելի էժան էր վաճառվում։

Տարօրինա՞կ է, թե՞ ոչ, բայց սպառողական շուկայում նկատվող թանկացումները սկսել է արդարացնել նաև Նիկոլ Փաշինյանը։ Ու եթե նախկինում նա այդպիսի երևույթները պայմանավորում էր մենաշնորհներով կամ մրցակցային դիրքի չարաշահումներով՝ առիթն օգտագործելով իշխանություններին մեղադրելու համար, ապա հիմա սկսել է վկայակոչել տնտեսագիտական կանոնները, առաջարկ-պահանջարկի գործոնները, կարծես նախկինում այդ հանգամանքները չկային։

– Ենթադրենք, որ ցուցափեղկին կա դրված 5 բաժակ, և այդ բաժակն արժի 100 դրամ։ Երբ այդ 5 բաժակը միաժամանակ ցանկանում են գնել 3 հոգի, դրա գինը բարձրանալու ոչ մի պոտենցիալ չունի։ Բայց, երբ այդ 5 բաժակը ցանկանում են գնել 10 հոգի, մեծ հավանականություն կա, որ վաճառողը բաժակի գինը կդարձնի 200 դրամ,- ասում է վարչապետը

Պարզ է, որ այդպես էլ պիտի լինի, և շուկայական հարաբերությունների իմաստը դրանում է։ Բայց այդ ամենը պետք է հիմնավորված արվի։ Թերևս, դրա համար էլ պետությունը հատուկ մարմին է ստեղծել, որպեսզի շուկայում գործող տնտեսվարողները չհիմնավորված գներ չկիրառեն։

Որ համաշխարհային ու ներքին իրավիճակներով պայմանավորված՝ գնաճային ճնշումը ներքին շուկայում, ուզած թե չուզած, մեծանալու էր, իշխանությունները դեռ վաղուց պիտի գլխի ընկնեին ու համապատասխան միջոցներ ձեռնարկեին։ Դա ակնհայտ էր հատկապես այն բանից հետո, երբ կորոնավիրուսն ընդհուպ մոտեցավ Հայաստանի սահմանին, և իշխանությունները ստիպված էին փակել սահմանն Իրանի հետ։ Դեռ չհաշված, որ ներկրումների հետ կապված՝ արդեն խնդիրներ կային Չինաստանի հետ։

Ինչպես՝ Իրանը, այնպես էլ՝ Չինաստանը, Հայաստանի համար հանդիսանում են կարևոր առևտրային գործընկերներ։ Այդ երկրներից բերվում են բազմաթիվ տնտեսական, ինչպես նաև պարենային ապրանքներ։ Բեռնափոխադրումների ոլորտում ի հայտ եկած դժվարությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ այդ ապրանքների մատակարարումները ժամանակին և անխափան կազմակերպելու գործում։ Հատկապես որ, հիմնական շուկաներում կային նաև դրանց առաջարկի նվազման վտանգներ։

Հայաստանի պարագայում խնդիրը բարդանում է նաև հաղորդակցության սահմանափակ հնարավորությունների հետևանքով. միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսով, միշտ չէ, որ անցանելի է լինում բեռնափոխադրողների համար։ Սա երկրի պարենային անվտանգության ապահովության համար մեծ ռիսկ է։ Կարճաժամկետ հատվածում այդ ռիսկերը գուցե և չարտահայտվեն։ Բայց խնդիրներ կարող են ծագել այն պարագայում, եթե այսօր տեղի ունեցող երևույթները և կորոնավիրուսի հետ կապված վտանգները երկար ձգվեն։ Դրա համար հարկավոր է նախապես մտածել երկրի պարենային անվտանգության ապահովման մասին։

– Ես ճշտել եմ, ինձ զեկուցել են, որ պարենի կամ որևէ այլ ապրանքի հետ կապված պակասի խնդիր չկա»,- ասում է վարչապետը։

Գուցե և այդպես է։ Բայց պետք է մտածել, որ հետագայում ևս նման խնդիրներ չլինեն։ Այդ պարագայում չեն լինի նաև այն խուճապային տրամադրություններն ու անհանգստությունները, որոնք վերջին շրջանում ի հայտ են եկել և ստիպել մարդկանց ակտիվ գնումներ կատարել՝ մեծացնելով գնաճի, այդ թվում՝ չհիմնավորված գնաճի ռիսկերը: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ