25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տարակուսելի է առաջին նախագահի ալիեւյան հռետորաբանությունը. Հերմինե Նաղդալյան

Henaran.am_ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Տիկին Նաղդալյան, Ձեր վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի ”հրատապ” հարցազրույցին:

– Կարծում եմ՝ միայն քաղաքական դեմքը բացառապես եւ վերջնականապես կորցնելու  եւ քաղաքական լուսանցքում հայտնվելու ծանրակշիռ իրողությունը կարող էր դրդել՝ հանդես գալու այսպիսի ..հրատապություն,, ներկայացնող հարցազրույցով եւ այն օգտագործել պատմական մոռացությունից հանելու  եւ հիշեցնելու երբեմնի նախագահության եւ չկայացած հանդիպումների մասին:  Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք՝ ամառվա այս տապին ”հրատապ հարցազրույց”:

   Առաջինը, ինչի շուրջ կուզեի խոսել՝ հարցադրումների ուղղվածությունն է՝ որոնց հետ կարելի է եւ՛ չհամաձայնել եւ՛ զարմանք հայտնել: Բայց առավել տարակուսելի է այս հարցազրույցի ալիեւյան հռետորաբանությունը  հատկապես Մինսկի խմբի աշխատանքներին առնչվող գնահատականով: Մինսկի խմբի առաջարկներից այսօր ”բարձրաձայն բողոքավորը” Ալիեւն է, որն անթաքույց կերպով զբաղված է այդ ձեւաչափի անխնա քննադատությամբ, անգամ Եվրոպայի խորհրդում իր ելույթի ուղիղ կեսը օգտագործեց դրա համար, նաեւ Կազանի եւ այլ գործընթացներում փորձեց տորպեդահարել  ձեւաչափը: Պարզ է՝ այստեղ ոչ ադրբեջանանպաստ լուծումներ են առաջարկվում, եւ դրանցից  դժգոհ են ազերիները, բայց որ դրանցից դժգոհ է Հայաստանի առաջին նախագահը, զարմանք է հարուցում:  Ուզում եմ մեր ընթերցողին, մեր հանրությանը հիշեցնել, որ ընդամենը վերջին 4-5 տարիների ընթացքում  եռանախագահների մի քանի համատեղ հայտարարություններում ամրագրվել են կարեւորագույն դրույթներ, որոնք իրենց իսկ պնդմամբ, պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն,  եւ դրանցից որեւէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անտեղի են եւ չեն կարող ընդունելի լինել : Իսկ 2013 թ-ի հունիսին Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունը կարելի է որակել որպես վերջին 5-6 տարիների ընթացքում հայկական արտաքին քաղաքականության էական ձեռքբերում, ոչ թե դժգոհել Մինսկի խմբից, կամ նրա անգործությունից: 

    Ինչ վերաբերում է եվրասիական միության շրջանակներում Ղարաբաղի հարցի անսպասելի արծարծմանը, ապա չեմ կարծում, որ ռեալ քաղաքականությամբ զբաղվող որեւէ մեկի համար սա անսպասելի էր, եւ այս պահին նման կերպ որակելը, պարզապես հանրային ուշադրության մանիպուլյացիայի անազնիվ փորձ է: Իրականում շատ ավելի ազնիվ կլիներ խոստովանելով , որ չի տիրապետում տեղեկատվությանը, պարզապես լռել եւ ոչ թե հանդես գալ ազերիներին վայել հռետորաբանությամբ:

Տիկին Նաղդալյան, առաջին նախագահն իր հարցազրույցում մեղադրանք հնչեցրեց նաեւ սահմանամերձ շրջաններում ադրբեջանական ոտնձգություններին հայաստանյան կողմի  անհամարժեք հակադարձման առիթով: Հիմնավորվա՞ծ են արդյոք նման մեղադրանքները:

–  Փա՛ռք ու պատիվ մեր բանակին եւ հայրենիքին ծառայող մեր երիտասարդ զինվորներին ու սպաներին, ովքեր բարձր մարտական  ոգով եւ պատրաստվածությամբ՝ եւ՛ պաշտպանում են մեր սահմանը եւ՛համարժեք, դեռ մի բան էլ ավելի պատասխանում հակառակորդին, որի մասին վստահ եմ՝ քաջատեղյակ է հայտարարության հեղինակը:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի գլխավոր թիրախը, չնայած ծավալուն նախաբանին, կարծես, ամեն դեպքում երկրում տարվող ներքին քաղաքական գործընթացներն են՝ սահմանադրական բարեփոխումներ եւ այլն…ի՞նչ մեսիջ էր ուզում փոխանցել առաջին նախագահն իր դիտարկումներում, ըստ Ձեզ…

–  Ըստ երեւույթին քառյակին եւ նրանում մեկտեղված մեր ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացնող թեմաներ, իսկապես, անհրաժեշտ են: Բայց , կուզենայի, որ այդ միավորիչ գաղափարն ավելի կառուցողական լիներ, մինչդեռ , այսօր ողջ կոնսոլիդացումը ընթանում է միայն մեկ բանի շուրջ՝ ասել ,,ոչ,, այն ամենին, ինչն իրականացնում է իշխանությունը, առանց որեւէ արգումենտի, անգամ առանց հետահայաց կատարելու եւ հիշելու նախկինում իրենց իսկ արված քայլերն ու հայտարարությունները: Մեր հանրությունը, ի տարբերություն հայտարարություն անողների, բավական լավ հիշողություն ունի, եւ անշուշտ դեռ չի մոռացել, որ այս նույն ՝,,հայոց պետականության հիմքերը քայքայող չարաբաստիկ նախաձեռնություններով,, հանդես են եկել ներկայիս քառյակի անդամները՝ ,, Ժառանգությունը,, իրենց հիմնադրույթների եւ ծրագրերի մեջ, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլների եւ առաջադրած 3, այնուհետեւ նաեւ 15 կետերում, ՀՅԴ-ի խորհրդարան ներկայացրած առաջարկներում եւ նախաձեռնություններում: Հանրությունը չի մոռացել նաեւ, թե ինչպես էին ժամանակին այսօրվա քառյակի անդամները միմյանց հետ մրցում, թե իրենցից ով է ավելի շուտ բարձրաձայնել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ հրահրելով ,,խանդի,, տեսարաններ:  Այսօր այսպիսի՝ ,,կողմ ըլլալով՝ դեմ ըլլալու,,  պահվածքը բացարձակ  չի համապատասխանում նախկինի իրենց իսկ տեսակետներին եւ սրա միակ բացատրությունը հենց դա է՝ Դուք կոնսոլիդանում եք ոչ թե կառուցողական, երկրի համար կարեւոր, հայրենանվեր խնդիրների , այլ միայն իշխանության ցանկացած քայլին դեմ արտահայտվելու գաղափարի շուրջ:

-Այնուամենայնիվ, հարցազրույցում առաջին նախագահի կողմից հստակ մեսիջ է հղվում ԲՀԿ-ին, թե իբր իշխանությունը պատրաստվում է վերջինիս նկատմամբ կիրառել մտրակի լեզուն եւ այլն.  կուզեի սա եւս մեկնաբանեիք Ձեր դիտանկյունից:

–  Բոլորովին չեմ կարծում, որ ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցությունը հիմքեր ունի անհանգստանալու , որ իր հետ կխոսեն սպառնալիքների եւ շանտաժի լեզվով, հակտապես, որ այդ լեզուն բոլորովին բնորոշ չէ իշխող կուսակցությանը, որը մշտապես հանդուրժողականության եւ համագործակցության դիրքերից է հանդես եկել:  Առավել եւս չեմ կարծում, որ ,,Բարգավաճ Հայաստանը,, այն իրավիճակում է, որ աջակցության համար կարիք ունի ,,հրատապ հարցազրույցի,, :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ