28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիկին Անահիտի կարմիր բլուզը /պատմվածք/

Նախաբան
Տիկին Անահիտը՝ երեւանյան փոքրիկ թաղամասի հինգ հարկանի շենքերից մեկի երկրորդ հարկի իր բնակարանից լվացք էր փռում: Նա կարճաթեւ կարմիր բլուզ էր հագել, որն է’լ ավելի արտահայտիչ էր դարձնում նրա սեւ ներկված մազերի փայլը: Ալբերտ պապը՝ մոխրագույն կոստյումով, գլխարկով ու սեւ պլպլացրած կոշիկներով, հենված ձեռնափայտին՝ նայում էր տիկին Անահիտին ու հերթական անգամ փորձում հասկանալ, թե ում տաբատներն ու վերնաշապիկներն է նա փռում, երբ տիկինն այրի է, իսկ որդին ծառայում է բանակում: Բակի տղամարդիկ նարդի էին խաղում՝ պարտվողը թողնում է ասպարեզը սկզբունքով, ավելի երիտասարդները հավաքվել էին տասնհինգ տարի բակում կանգնած հին սովետական “Վոլգա”–ի մետաղաթափոնի առջեւ ու հերթական անգամ փորձում էին հասկանալ, թե ինչ կարելի է անել դրա հետ:

Նրանց որդիները՝ երկար մազերով ու պատառոտված ջինսերով, պարզապես շրջում էին բակում՝ ամեն անկյունում կանգնելով ու գրպաններից հանելով սիգարետները: Իսկ փոքրիկները ֆուտբոլ էին խաղում՝ առանց ուշադրություն դարձնելու այս ամենի վրա: Կանայք վերադառնում էին աշխատանքից, կամ շուկայից՝ առնվազն երկու ծանր տոպրակներ ձեռքներին, նրանց սկեսուրները՝ նստարաններին նստած, փորձում էին հեռվից հեռու կռահել, թե այդ օրը իրենց հարսներն ինչ էին բերում տուն՝ տոպրակներով, իսկ երիտասարդ աղջիկները, հավանաբար չսիրելով երկար մազերով ու պատառոտված ջինսերով, ամեն անկյունում գրպաններից սիգարետ հանող տղաներին, չկային, չէին երեւում…
Երեկո էր:

ԱՌԱՋԻՆ ԳԼՈւԽ

Ալբերտ պապը սովորաբար պառկում էր ամեն օրը ժամը երեկոյան տասին: Բայց այդ օրը չնայած ժամն արդեն տասն անց էր երեսունհինգ րոպե, յոթանասունվեցամյա ծերունին չէր կարողանում պառկել: Վառեց սենյակի լույսը: Իր տարիքի համար անսովոր ճկունությամբ շատ արագ հագավ նավաստու իր համազգեստը՝ սպիտակ ու կապույտ: Վերջին անգամ այն հագել էր հիսունվեց տարի առաջ, երբ Սեւծովյան նավատորմում ծառայությունն ավարտած՝ վերադառնում էր տուն: Ալբերտ պապը ծովը բերել էր իր աչքերի մեջ. դրանք կապույտ էին:
Ծերունին փակեց իր տան դուռն ու մեկ հարկ իջավ՝ կանգնելով ուղիղ տիկին Անահիտի տան դիմաց:
Կնոջ բնակարանից խոսակցության ձայներ էին գալիս: Ծերունին որոշեց սպասել: Նավաստու խորաթափանցությունը նրան հուշեց, որ սպասեու համար լավագույն ձեւը տիկնոջ բնակարանի դիմաց կանգնելը չէ, ու նա թաքնվեց: Կարճ ժամանակ անց տիկին Անահիտի դուռը բացվեց, տանտիրուհին ճանապարհում էր կոկիկ, մաքուր հագնված մի ծերուկի: “Վաղն էլի կեղտոտ շորերդ կբերես”,–ասաց նրան Անահիտը, ում ձայնից Ալբերտ պապն իր թաքստոցում փշաքաղվեց: Դուռը նորից փակվեց: Տնից դուրս եկած ծերուկն իջնում էր, ու Ալբերտ պապը առավ նրա վրայից բուրող նուրբ, քաղցր կանացի օծանելիքի բույրը:

Ալբերտ պապի աչքերը փայլում էին, նա արագ բարձրացավ ու բախեց տիկին Անահիտի տան դուռը:
– Շորերս բերել եմ, որ լվանաս,– իր առջեւ դուռը բացած ու զարմանքից քարացած տիկին Անահիտին ասաց Ալբերտ պապը:–Ես մտնեմ ներսում սպասեմ:
Ալբերտ պապը մտավ կնոջ բնակարան. վերջինս թույլ չտվեց. ծերուկը բռնի ուժով ներս գնաց…
Առավոտյան հինգին, երբ զարթնում են աշխարհի բոլոր նավաստիները՝ աշխարհի բոլոր ծովերի վրա, այդ գիշեր եւս մեկ անգամ բացվեց տիկին Անահիտի տան դուռն, ու տնից դուրս եկավ Ալբերտ պապը: Փակելով իր ետեւից դուռը՝ ծերուկը սկսեց բարձրանալ դեպի իր բնակարան: Առաջին իսկ քայլից նա ընկավ երեսնիվայր: Ինչպես բժիշկները հետո ասացին՝ Ալբերտ պապի մահվան պատճառը հանկարծահաս կաթվածն էր՝ ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության արդյունքում, ինչն այդ տարիքում անթույլատրելի էր: Ինչպես բակում ծերունիները պետք է ասեին՝ Ալբերտ պապը մահացավ սեփական անշնորքության, բայց եւ ճարպկության պատճառով, երիտասարդ կանայք ու աղջիկները ծերուկի մահվան մասին հիշելիս պետք է ժպտային, հաճախ՝ փնովեին, իսկ տղամարդիկ պետք է ասեին՝ “Կեցցե’ս, բիձա’…”

: Իսկ եթե հնարավորություն լիներ հարցնել Ալբերտ պապին իր իսկ մահվան պատճառը, ապա վերջինս կպատասխաներ՝ “Ես երջանկությունից եւ երջանիկ մահացա”:
Մի բան է պարզ. այդ օրվանից հետո էլ երբեք տիկին Անահիտը չհագավ իր կարմիր բլուզը, որ ավելի արտահայտիչ էր դարձնում տիկնոջ սեւ ներկված մազերը:

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈւԽ

Ալբերտ պապու դին երկար մնաց՝ առանց հողարկավորության, քանի որ նրա երկու դստերը երկրում չէին ապրում, ու ժամանակ էր պետք, որպեսզի վերադառնային: Մինչ այդ ամբողջ բակը եկավ ծերունու տուն: Մահն այդպիսի բան է. կենդանության օրոք Ալբերտ պապու տուն ոչ ոք չէր գալիս, այժմ անգամ դստրերն էին ժամանում:
Ոչ ոք Ալբերտ պապու համար չէր լացում, ոչ ոք ափսոսանքի խոսք չէր ասում, բոլորը, եթե խոսում էին հանգուցյալ տանտիրոջից, ապա միայն ծիծաղելով: Իսկ հիմնականում չէին խոսում, քանի որ երբ մարդիկ հայտնվում են անտեր մնացած տանը, որտեղ իրենց անհրաժեշտ շատ բան կա, խոսելու ժամանակ չեն ունենում ու դրա կարիքը չեն զգում:
Երբ ժամանեցին Ալբերտ պապու աղջիկները, ծերունու տան բոլոր դարակները դատարկ էին: Աղջիկներին դա ո’չ զարմացրեց, քանի որ այդ դարակները՝ ոչ դատարկ, ոչ լիքը, նրանք երբեք չէին տեսել, ո’չ էլ մտահոգեց, քանի որ նրանք ապահովված մարդիկ էին:
Թաղումից հետո բակը մոռացավ Ալբերտ պապուն: Աղջիկները նրա տունը վաճառեցին ու շուտով մեկնեցին երկրից: Տիկին Անահիտն ամեն երեկո վերադառնում էր տուն՝ աշխատանքից, բակում հավաքվածների՝ երբեմն ուշադիր հայացքների, երբեմն խորամանկ ժպիտների, փայլող կամ կարեկցող աչքերի ուղեկցությամբ: Նրանք բոլորն էլ հավասարաչափ տհաճ էին տիկնոջը
Մի քանի ամիս անց տիկին Անահիտի որդին վերադարձավ բանակից, վաճառեց իրենց տունն, ու մայր եւ որդի տեղափոխվեցին ուրիշ բակ:
Որդին երջանիկ էր նոր բակում: Տիկինը Անահիտը՝ նույնպես, քանի որ արդեն սոցիալական ծանր վիճակում չէր ու ծերանոցից բերել եւ իրենց տանն էր պահում հորը, ով միշտ կոկիկ, մաքուր հագնված մի ծերուկ էր, եւ ում վրայից միշտ կանացի նուրբ, քաղցր օծանելիքի բույր էր գալիս…

ՎԵՐՋ

 

Հովիկ Աֆյան

Granish.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ