24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ տարբերություն, թե ով և ինչպես է դատարկում պետական բյուջեն. 168 Ժամ

Եթե նախկինները տակից էին դատարկում բյուջեն, նորերը դա անում են բացահայտ։ Բյուջեից փող են դուրս գրում, իրենց պարգևատրում են ու համարում, որ բյուջեն այլևս չի թալանվում։

Բայց ի՞նչ տարբերություն, թե բյուջեն ինչպես է դատարկվում՝ գաղտնի՞, թե՞ բացահայտ, օրենքո՞վ, թե՞ անօրինական։ Այսպես թե այնպես, այդ գումարները դուրս են գալիս պետության գրպանից։ Դուրս են գալիս ու մտնում ուրիշի գրպան։ Ի՞նչ տարբերություն՝ դա արվում է օրը ցերեկո՞վ՝ բոլորի աչքի առաջ, թե՞ ներքին կարգով։ Միևնույն է՝ տուժողը պետությունն է ու ժողովուրդը։

Պատկերացնո՞ւմ եք, թե պարգևավճարների տեսքով ինչքան գումարներ են դուրս բերվել պետության գրպանից։ Խոսքը տասնյակ-միլիոնավոր դոլարների մասին է։

Վերջին 1-2 տարիներին պետության հաշվին տրված պարգևավճարներն այնքան շատ են ու այնքան համատարած, որ արդեն մարդիկ կորցրել են նույնիսկ հաշիվը։ Տարբեր գնահատումներով՝ իշխանափոխությունից հետո տրված պարգևավճարների գումարներն արդեն հասնում են 40-50 մլն դոլարի։ Ու գնալով ավելանում են։ Դա դարձել է անընդհատ պրոցես, որը վերջ չունի։

Իշխանություններն այլևս ուշադրություն չեն էլ դարձնում, թե ինչ է մտածում այդ մասին ժողովուրդը։ Այն ժողովուրդը, որին խոստանում էին անվճար ծառայել։

Իշխանափոխությունից հետո անցավ մի քանի ամիս, ու պարզվեց, որ իշխանության եկած ուժերը ոչ միայն մտադիր չեն անվճար ծառայել, այլև քիչ են համարում նույնիսկ այն, ինչ օրենքով հասնում է իրենց։ Ու ելքը շատ արագ գտնվեց։ Օրինականացվեց պետության հաշվին փող աշխատելը։

Եվ ո՞րն է տարբերությունը. նախկիններն էլ էին փող աշխատում պետության հաշվին՝ մի քիչ այլ ձևով։ Նրանք ոչ թե օրենքով կամ կառավարության որոշմամբ էին դա անում, այլ, այսպես ասած, զարտուղի ճանապարհներով։

Բայց միևնույն է, փողը նույն տեղից էր դուրս գալիս։ Այն ժամանակ էլ էր բյուջեից դուրս գալիս, հիմա էլ։ Այն ժամանակ դա անում էին զարտուղի ճանապարհներով, որին ընդունված էր ասել՝ թալան, հիմա անում են բացահայտ։ Բայց դա արդեն, պարզվում է, թալան չէ։ Եվ ոչ միայն թալան չէ, այլև արդարացված է, որովհետև պետական համակարգում աշխատավարձերը ցածր են, մարդիկ պատրաստ չեն աշխատել այդպիսի աշխատավարձերով։ Դրա համար էլ լավագույն մասնագետները չեն մնում պետական համակարգում, գնում են մասնավորի մոտ, որտեղ ավելի շատ են վճարում։

Իրականում այդպես է։ Բայց դա չի նշանակում, թե նախկինում այդպես չէր, թե նախկինում աշխատավարձերը բարձր էին, և մասնագետներին համակարգում պահելու խնդիր չկար։ Պարզապես նախկինում այլ տարբերակներ էին գտել դրա համար։ Ու բյուջեում արտաքուստ դա չէր երևում։ Բայց միևնույն է, փողը դուրս էր գալիս բյուջեից։ Այնպես, ինչպես հիմա։ Եվ ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես է դա արվում։

Բոլորն էլ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում։ Բայց զարմանալին այն է, որ թե՛ նախկինում, և թե՛ հիմա չեն ուզում այս ամենը կարգավորել օրենքով։ Ի՞նչ տարբերություն՝ մարդիկ այդ գումարները ստանում են թաքո՞ւն, պարգևավճարի՞, թե՞ ուղղակի աշխատավարձերի տեսքով։ Ինչո՞ւ միանգամից չբարձրացնել աշխատավարձերն ու ասել, ասենք՝ նախարարի աշխատավարձը ոչ թե՝ 750 հազար է, այլ՝ 1,5 միլիոն, վարչության պետի աշխատավարձը ոչ թե՝ 350 հազար է, այլ՝ 600 կամ 700 հազար, բաժնի պետի աշխատավարձը ոչ թե՝ 300, այլ՝ 400 կամ 500 հազար է, և այդպես շարունակ։

Ոչ վաղ անցյալում, երբ քննարկվում էր նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը, կառավարությունը կտրականապես դեմ արտահայտվեց աշխատավարձերի բազային շեմի ավելացմանը։ Խոսքը Վարձատրության մասին օրենքով սահմանված բազային աշխատավարձի մասին է, որի նկատմամբ հաշվարկվում են պետական համակարգի աշխատավարձերը։ Մինչդեռ, եթե պիտի պահպանվեին համատարած պարգևավճարները, ապա դա կլիներ խնդրի լուծման լավագույն տարբերակը։ Կվերանար նաև այն սուբյեկտիվիզմը, որն առկա է այս գործընթացում։

Բայց կառավարությունը համառորեն չուզեց գնալ այդ ճանապարհով։ Չգնաց, որովհետև մի կողմից՝ չէր կարող կրկնապատկել բոլորի աշխատավարձերը, իսկ մյուս կողմից՝ չէր ուզում, որպեսզի նախարարներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի քիչ ստանային, քան ստանում են հիմա։

Եվ հետո, հավանաբար, կար ոչ պակաս կարևոր մեկ այլ պատճառ. երբ երկրի բնակչության մեկ քառորդն աղքատ է, դժվար է լինելու մարդկանց բացատրել մի բան, ինչի համար ոչ վաղ անցյալում մեղադրում էին նախկիններին։

Հիմա ստացվում է, որ քաղաքական էլիտայի աշխատավարձն արտաքուստ նույնն է մնացել, բայց փաստացի նրանք կրկնակի շատ են ստանում։ Ու կրկին՝ պետության հաշվին։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ դա աշխատավա՞րձ է, թե՞ պարգևավճար։ Այսպես թե այնպես, վճարողը պետությունն է։ Այնպես, ինչպես նախկինում էր։ Ու էական չէ, որ նախկինում դա համարվում էր պետական միջոցների թալան կամ յուրացում, հիմա չի համարվում։ Այն ժամանակ էլ դրանք դուրս էին բերվում բյուջեից, հիմա էլ։ Այն ժամանակ էլ այդ գումարներով կարելի էր բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծել, հիմա էլ։

Դժվար չէ հաշվել, թե քանի բնակարան կարելի էր կառուցել այդ գումարներով աղետի գոտու անօթևանների համար։ 40-50 մլն դոլարով, որը տրամադրվել է պարգևավճարների համար, հնարավոր էր կրկնապատկել կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը, չհաշված, թե ինչքան կարելի էր ավելացնել սոցիալական անապահովության նպաստները։

Ի վերջո, այդ գումարներով կարելի էր բազմաթիվ տնտեսական ծրագրեր ֆինանսավորել, աշխատատեղեր բացել, որպեսզի տասնյակ-հազարավոր մարդիկ ստիպված չլինեին իրենց օրվա հացն այլ երկրներում փնտրել։

Հայաստանում պետական միջոցներն արդյունավետ տնօրինելու և նպատակային օգտագործելու խնդիր միշտ էլ եղել է։ Այսօր էլ այդ խնդիրը նույնքան արդիական է, որքան նախկինում։

Ինչ է թե՝ վարչապետն ասել էր՝ ավտոմաքսատունը պիտի Երևանից տեղափոխենք Գյումրի, վերցրին ու առանց հիմնավորման՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցեցին։ Նույնիսկ հարկ չհամարեցին մրցույթ հայտարարել։ Պետական բյուջեից ծախսեցին 12-13 մլն դոլար, ու հիմա ավտոմաքսատունն անգործության է մատնված։

Կամ ի՞նչ է նշանակում՝ 7 մլն դոլար ծախսել՝ հանրաքվե անցկացնելու համար, ինչ է թե՝ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որպեսզի Հրայր Թովմասյանը լինի ՍԴ նախագահ։

Սրանք պետական միջոցները վատնելու կամ, ինչպես կուզեք ասեք, անարդյունավետ ծախսելու փայլուն օրինակներ են։ Իսկ ինչքան այդպիսի օրինակներ կան, որոնք դեռ դուրս չեն եկել ջրի երես։ Բայց մի օր հաստատ դուրս են գալու, և մարդիկ պատասխան են տալու դրա համար։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչպես են փոշիացվում պետության միջոցները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ