Միասնական թեկնածուի ու Սերժ Սարգսյանին սատարելու հարցը
Աշնանը հիմնական քաղաքական եռուզեռը կդիտվի ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը կորոշի 2013թ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով է գնում, թե` առանձին-անանձին:
Այսօր Henaran.am-ի հետ զրույցում խոսելով քաղաքական սպասվող զարգացումներից, ասել է “Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
“Սպասելի կլինեն ՀԱԿ-ի հանրահավաքները, հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանն էպոտաժ քայլ անի` իր կողմը գրավելու հանրային կարծիքը: ՀՅԴ-ն գուցե աշխուժանա: Կարող է սկսվեն բանակցություններ ու քննարկումներ կուսակցական բոլոր մակարդակներում, բայց միայն հունվարի 15-ից կսկսվի լիարժեք պայքարը, որովհետեւ ինչ էլ որ անեն աշնանը, ձմռան տոներն այդ ամենը չեզոքացնելու են”,-մեզ հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգը հիշեցրել է, որ միչեւ հունվարի 13-ը սկսվելու է քարոզարշավը, կախված եղանակից, պարզ կդառնա , թե քարոզարշավային պայքարն ինչ ծավալներ եւ ընդգրկում կունենա Հայաստանով մեկ:
ԲՀԿ-ի դիրքորոշմանն անդրադառնալով, Ահարոն Ադիբեկյանն ասել է.”ԲՀԿ-ն ունի այնպիսի մեծ վարկանիշ` 30 տոկոս ձայն, պարզ է, որ կցանկանա սեփական թեկնածուն ունենալ եւ բոլորին ասել` եկեք միացեք մեզ, քան թե ես գամ միանամ ձեզ”:
Սոցիոլոգի կարծիքով, ամբողջ խնդիրը նրանում է, թե արդյոք ԲՀԿ-ն կգտնի նման թեկնածու: “Եթե չգտնի, նա կարող է նույնիսկ այլընտրանքային դիրքորոշում գրավել եւ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Նա երեք տարբերակ ունի` մտնել կոալիցիա, որ պահպանի իր իշխանամետ ձայները, ունենալ սեփական թեկնածու, որին փորձի դարձնել նախագահ կամ պաշտպանել մեկ այլ թեկնածուի”:
Թե ով կլինի ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուն, սոցիոլոգը դժվարանում է ասել: Ահարոն Ադիբեկյանը սեպտեմբերին կներկայացնի, թե հասարակությունն ում է տեսնում որպես նախագահի ամենահավանական թեկնածու:
Henaran.am-ի այն հարցին, թե աշնանը արդյոք կրկին քաղաքական օրակարգ կմտնի գործող նախագահ Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ի սատարել-չսատարելու հարցը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանել է.”Սատարելու հարցն այդքան էլ չկա, որովհետեւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեծամասնության ձայները վերահսկվում են ՀՀԿ եւ ՕԵԿ-ի կողմից: Դա բավականին հույս է ներշնչում, որ նրանք շատ ճիգեր չեն գործադրի այս հարցում”:
Ինչ վերաբերվում է ընդդիմության միասնական թեկնածուի լինել-չլինելու հարցին, ըստ սոցիոլոգի, սա բավականին դժվար խնդիր է, քանի որ բոլորն էլ ամբիցիոզ են.”Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Դաշնակցությունը, եւ ԲՀԿ-ն, բոլորն էլ ամբիցիոզ են եւ ոչ ոք չի ուզում զիջել այն տեղը, որն ինքը գրավում է”: