Լավ կլիներ հիշել, թե ինչպես Վանաձորում մեծ աղմուկով տապալվելուց հետո, եկաք մեր դուռը՝ դաշինք կազմելու խնդրանքով. ԼՀԿ-ից`Սիփան Փաշինյանին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:
Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչ է լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:
Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:
Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն:
Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար:
Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով Սիփան Փաշինյանի հայտարարությանը։
Գորգիսյանը պատասխանել է.
«Երբ միայն բարեկամական կապերի շնորհիվ պատգամավոր դարձած անձը, այդպես էլ չի դառնում քաղաքական գործիչ, չի սովորում ճիշտ գրել նույնիսկ գործընկերների ազգանունները, բայց վստահորեն սկսում է ատելության քարոզ, թերեւս չհասկանալով ինչպես եւ ինչու է տեղի ունեցել հեղափոխությունը։
Հիմա դե արի ու էս մարդկանց հատ հատ բացատրիր, թե ինչ է բազմակարծությունը, քաղաքական բազմազանությունը, քաղաքական բանավեճը եւ քաղաքական երկխոսության մշակույթը։
Մեկ տարուց ավել է, իշխանություն են, բայց չկարողանալով զգալի ձեռքբերումներ գրանցել որեւէ ոլորտում, դեռ ընդդիմություն են խաղում նախորդ իշխանություններին։ Ու քանի որ իրենց պատկերացրած քաղաքական դաշտում կարող է լինել միայն մեկ ընդդիմություն, բոլոր նրանք ովքեր իրենց հետ համաձայն չեն, ուրեմն անպայման նախկինների կողմից են։
Միասին անցած ճանապարհի համար անկեղծ ամաչելուց առաջ, լավ կլիներ հիշել, թե ինչպես Վանաձորում մեծ աղմուկով տապալվելուց հետո, եկաք մեր դուռը՝ դաշինք կազմելու խնդրանքով։
Հարգելիներս, ձեզ 73% ձայն են տվել, որ առաջ շարժվեք ու երկիրն էլ առաջ տանենք, ոչ թե անվերջ շոուներով կռիվ տաք անցյալի ուրվականների դեմ»: