ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցության շրջանակում կմշակվի ևս 25 ծրագրային փաստաթուղթ
Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր բաղդասարյանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 12-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-Եմ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքների համառոտ ներկայացումը, ինչպես նաև ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 1-ին կիսամյակի կատարողականի ամփոփումը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց. “Այս տարի առաջին նիստն ենք գումարում` ամփոփելու համար Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության կիսամյակի արդյունքները: ՀՀ նախագահը ստորագրել է կարգադրություն, հաստատել է 2012-2013թթ. ծրագիրը, որից անցել է վեց ամիս և անհրաժեշտություն կա ամփոփելու կատարված աշխատանքները: Գիտեք նաև, որ ԵՄ վերջին զեկույցը բավականին դրական գնահատեց ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը, բայց այդուհանդերձ ունենք որոշ խնդիրներ, որոնց վրա պետք է սևեռենք մեր ուշադրությունը: Պետք է մշակենք շուրջ 25 ծրագրային փաստաթուղթ: Ունենք մեկուկես տարի ժամանակ, և այժմ հստակ ժամկետներ կսահմանենք, թե որ գերատեսչությունը երբ է այդ փաստաթուղթը մշակելու և ինչ արդյունքներ ենք մենք ակնկալում”: Ա. Բաղդասարյանը անդրադարձավ նաև աշխատանքների կատարման ընթացքում ծագած խնդիրներին, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից 2012թ. մայիսի 15-ին հրապարակած Հայաստանի 2011թ. առաջընթացի մասին զեկույցին:
Իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը` արձանագրելով դրական արդյունքներ արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներում: Դրական գնահատվեց ազատ, խորը և համապարփակ առևտրի, ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող աշխատանքները: Նիստի աշխատանքների ամփոփիչ հատվածում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ԵՄ գործընկերների հետ նախորդ նիստում քննարկել են Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթ` ուղղված ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների իրագործման ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:
Նիստի ընթացքում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես եկան համապատասխան առաջարկություններով: