23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միայն աշխարհի 50 ամենահարուստ մարդիկ կարող էին ֆինանսավորել բոլոր աղքատ երեխաների բուժսպասարկումը և ուսուցանումը

«Աշխարհի ամենահարուստ 50 մարդիկ ունեն կարողություն, որը համարժեք է 2,2 մլրդ դոլարի: Միայն այս 50 մարդիկ կարող էին ֆինանսավորել աշխարհի բոլոր աղքատ երեխաների բուժսպասարկումը և ուսուցանումը»:

Բանկիրները, տնտեսագետներն ու ֆինանսների նախարարներն ամբողջ աշխարհից մասնակցեցին «Համերաշխության նոր ուղիներ» խորագիրը կրող սեմինարին, որը կազմակերպել էր հասարակական գիտությունների Քահանայապետական ակադեմիան Վատիկանում: Փետրվարի 5-ին Ֆրանցիսկոս Քահանայապետը ընդարձակ ելույթով դիմեց հյուրերին՝ հորդորելով ֆինանսական գործունեության ոլորտում և տնտեսական որոշումներ կայացնելիս՝ դրսևորել «միասնական հայացք»:

Սրբազան Քահանայապետն սկսեց հայտնի փաստի արձանագրությամբ. մենք ապրում ենք հարուստ աշխարհում, սակայն աղքատների թիվն անընդհատ ավելանում է: Պաշտոնական տվյալների համաձայն, համաշխարհային մակարդակով բնակչության մեկ շնչին տարեկան բաժին է  ընկնում 12.000 դոլար, սակայն սրան զուգահեռ հարյուր միլիոնավոր մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ՝ առանց սննդի, ապաստանի, հասանելի բուժսպասարկման, կրթության, խմելու ջրի և էլեկտրաէներգիայի:

Այս տարվա ընթացքում Մինչև հինգ տարեկան մոտ 5 միլիոն երեխա դատապարտված է մահվան աղքատության պատճառով: Եվս 260 մլն երեխա կրթություն չի ստանում ոչ բավարար միջոցների, պատերազմների և արտագաղթի պատճառով: Այսպիսին է մեր հարուստ աշխարհի պատկերը, քանզի օբյեկտիվորեն այն իսկապես հարուստ է, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը. այս աշխարհում զարգանում են ստրկության, հարկադիր աշխատանքի, մարմնավաճառության և օրգանների վաճառքի նոր ձևեր: Այս ամենը- ընդգծեց Սրբազան Քահանայապետը- պետք է լինի «ոչ թե հուսահատության պատճառ, այլ՝ գործելու շարժառիթ: Այս փաստերը մեզ ստիպում են ինչ-որ բան անել»:

«Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել իմ հույսի այս ուղերձը. խոսքը չի վերաբերում ռեսուրսների ոչ բավարար քանակությանը, այլ՝ խնդիրներին, որոնք հնարավոր է լուծել»:

Այսչափ հարուստ աշխարհն ու կենսունակ տնտեսությունը «կարո՛ղ են և պե՛տք է վերջ դնեն աղքատությանը»,-կրկին հայտարարեց Ֆրանցիսկոս Պապը՝ տնտեսագետներին հորդորելով ընտրություն կատարել.

«Պետք է որոշել՝ ինչին նախապատվություն տալ. սոցիալ-տնտեսական մեխանիզմների խթանմանը, որը ամբողջ հասարակությունը դարձնում է առավել մարդկային, թե հակառակը աջակցել համակարգին, որը, ի վերջո, արդարացնում է որոշակի պրակտիկ գործունեությունը՝ նպաստելով անարդարության ու սոցիալական բռնության մակարդակի աճին»:

Եթե աննախադեպ հարստության կողքին առկա է ծայրահեղ աղքատություն, ապա՝ միայն այն պատճառով, որ մենք թույլ ենք, որ այս անդունդն էլ ավելի ընդարձակվի ու հասնի իր պատմական ռեկորդին:

«Աշխարհի ամենահարուստ հիսուն մարդիկ ունեն կարողություն, որը համապատասխանում է 2,2 մլրդ դոլարի: Միայն այս հիսուն մարդիկ կարող էին ֆինանսավորել աշխարհի բոլոր աղքատ երեխաների բուժսպասարկումը և ուսուցանումը. ինչպես հարկերի, այնպես էլ բարեգործական ակցիաների միջոցով, նաև այս երկուսի միջոցով միաժամանակ: Այս հիսուն հարուստ մարդիկ կարող էին փրկել միլիոնավոր կյանքեր ամեն տարի»:

Սակայն դա անելուն խոչընդոտում են Սուրբ Հովհաննես Պողոս II-ի բնորոշած «մեղսավոր կառույցները»: Ամեն անգամ նրանք իրենց համար բարենպաստ պայմաններ են ստեղծում, երբ համընդհանուր բարգավաճումը հասանելի է դառնում միայն մի քանի սեկտորների համար, երբ մարդիկ երկրպագում են փողի աստվածությանն ու խաբեությամբ զբաղվում: Մեղսավոր կառույցները մեծ շահույթ ստանալու հնարավորություն են տալիս, որը ոչ մի առնչություն չունի արտադրական գործընթացների և անգամ իրական տնտեսության հետ»: «Սրան նպաստում է վիրտուալ հաղորդակցությունը»,- պնդում է Ֆրանցիսկոս Պապը:

Եկեղեցու սոցիալական ուսմունքը առաջարկում է միջոցներ՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար, որոնք ծառայում են համընդհանուր բարօրությանը, որի օրինակ կարող են  հանդիսանալ Monti di pieta’ («Գթության լեռներ») կոչվող ոչ առևտրային ֆինանսական հաստատությունները, որոնք ունեն բարեգործական ուղղվածություն և հասարակական բարիքներն ուղղում են այդ նպատակով: Միևնույն ժամանակ Եկեղեցին զգուշացնում է, որ նման հաստատությունները ևս կարող են վերածվել մեղսավոր կառույցների:

«Ներկայիս մեղսավոր կառույցները ենթադրում են կանոնավոր հարկային զիջումներ՝ առավել հարուստ մարդկանց համար, որոնք հաճախ արդարացվում են ներդրումներով ու զարգացմամբ, հարկային ապաստարաններ՝ մասնավոր և կորպորատիվ շահույթների համար և, իհարկե, կոռուպցիայի հավանականություն՝ աշխարհի մի քանի խոշորագույն ձեռնարկությունների կողմից և, շատ հաճախ, կառավարող քաղաքական սեկտորի հետ փոխհամաձայնեցված: Ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլաներ, որոնք պետք է վճարվեն որպես հարկեր՝ առողջապահության և կրթության ֆինանսավորման համար, կուտակվում են օֆշորային գոտում՝ դրանով իսկ խոչընդոտելով բոլոր սոցիալական ոլորտների կայուն զարգացմանը: Ահռելի պարտք ունեցող երկրներում ապրող աղքատները զգում են հարկային լուծ, և սոցիալական ծառայությունների համար նախատեսված ծախսերի կրճատումը՝ մինչ իրենց երկրների կառավարությունները վճարում են այդ անողոք ու անտանելի պարտքերը»:

Սրբազան Քահանայապետը մատնանշեց այն, որ տնտեսության պատճառած վնասների համար գոյություն ունի ընդհանուր պատասխանատվություն՝ հավելելով, որ մարդասիրական լուծումներ որոնելիս անհրաժեշտ է ստեղծել եղբայրության և վերաիմաստավորված վստահության մթնոլորտ: Այսօր առավել քան երբևէ արդիական են բարոյական պահանջները, որոնց մասին խոսել է Հովհաննես Պողոս II  Պապն իր Centesimus annus կոնդակում՝ 1991թ-ին. «Անկասկած արդարացի է այն սկզբունքը, որ պետք է վճարել հարկերը, սակայն անթուլատրելի է պահանջել կամ հավակնել վճարման, եթե դա կարող է հանգեցնել այնպիսի քաղաքական արդյունքների, ինչպիսիք են քաղցը և հուսահատությունը, որին դատապարտված են ամբողջ ժողովուրդներ: Չպետք է թույլ տալ, որ կուտակված պարտքը վճարվի անհանդուրժելի զոհերով: Նման դեպքերում անհրաժեշտ է, ինչպես, ի վերջո, մասամբ տեղի է ունենում պրակտիկայում, գտնել պարտքի մարման, ժամկետի երկարաձգման կամ գոնե մեղմացման ուղիներ, որոնք համատեղելի են ժողովուրդների գոյության և զարգացման հիմնարար իրավունքի հետ» (35):

Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ բոլոր երկրների կողմից համերաշխորեն հաստատված կայուն զարգացման ուղիները ներառում են աջակցություն պարտապան երկրներին քաղաքականության միջոցով, որն ուղղված է պարտքի ֆինանսավորմանը՝ այն կրճատելու կամ փոխակերպելու նպատակով: Սա ևս հանդիսանում է փոխըմբռման նոր ուղիներից մեկը, որը բնորոշ է «դեպի միասնության, այլ ոչ թե տարանջատման ձգտող տնտեսությանը», ընդգծեց Նորին Սրբությունը և այնուհետև խոսեց «մեղքի ամենահզոր գործոնի» մասին. խոսքը վերաբերում է պատերազմի արդյունաբերությանը:

«Աշխարհն ամեն տարի սպառազինման և բռնության համար կորցնում է միլիարդավոր դոլարներ, սակայն այլ հանգամանքներում այդ գումարները կարող էին ծախսվել աղքատությանն ու անգրագիտությանը վերջ տալու համար»:

Տնտեսագետներին, բանկիրներին և ֆինանսների նախարարներին  ուղղված իր ելույթի ավարտին Սրբազան Քահանայապետը հորդորեց հիշել հետևյալ խոսքերը Ղուկասի Ավետարանից.

«Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, և ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն», ինչպես նաև Սբ. Ամբրոսիոսի հետևյալ արտահայտությունը. «Դու՝ հարուստդ, աղքատին ողորմություն տալով քեզանից չես տալիս, այլ տալիս ես այն, ինչը նրան է պատկանում: Քանզի համընդհանուր կարողությունը տրված է բոլորին, սակայն դու այն օգտագործում ես միայն քեզ համար» («Նավուֆեյի մասին», 12,53):

Աղբյուրը՝ armenianchurchco.com

Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ