Բժիշկները խնդրում են ՀՀ նախագահին
Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 4-րդ համագումարի պատվիրակները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ահազանգելով մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնության և վիրավորանքի դեպքերի հաճախակի դառնալու փաստի առնչությամբ և պաշտպանություն ակնկալելով իշխանություններից: Բժիշկների բաց նամակում ասվում է.
“Համագումարի պատվիրակները, ներկայացնելով ճյուղի ավելի քան քսան հազար աշխատողների շահերը, լուրջ մտահոգություն են հայտնում առողջապահության ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակի կապակցությամբ:
Վերջին տարիներին տագնապալի չափերի են հասնում բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը: Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողներն «արժանանում են» վիրավորանքների, ենթարկվում ծեծի, իսկ Գյումրիում շտապ օգնության բժշկի այցն ավարտվեց վերջինիս մահով: Համագումարի պատվիրակները խիստ դատապարտում են նաև հունիսի 17-ին “Հարսնաքար” ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքը, որը դարձավ Վահե Ավետյանի մահվան պատճառ:
Համագումարի մասնակիցները գտնում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախ և առաջ առողջապահության ոլորտում առկա խորը համակարգային խնդիրներով: Առ այսօր բոլոր իրականացվող բարեփոխումները, այդ թվում` համավճարային նոր համակարգի ներդրումը, չեն լուծում ամենակարևոր` բնակչության լայն շերտերի համար բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը:
Մարդկանց օրեցօր աճող դժգոհությունը ոլորտից առավել հաճախ վեր է ածվում ագրեսիայի հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկների հանդեպ:
Գոյություն ունեցող հիմնախնդիրները շարունակ կխորանան, քանի դեռ պետության կողմից առողջապահության` որպես ազգի անվտանգության կարևորագույն ինստիտուտի, ֆինանսավորման մակարդակը շարունակում է մնալ ընդամենը ՀՆԱ-ի 1,5 %-ի սահմանում, քանի դեռ ճյուղում պահպանվում է կանխիկ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ վճարումներ կատարելու անհրաժեշտությունը բուժսպասարկում ստանալու պահին, հատկապես բուժծառայությունների գների զգալի աճի պայմաններում, քանի դեռ չի գործում պարտադիր բժշկական ապահովագրությունը` որպես քաղաքացիների սոցիալական պաշտպանության համակարգ, քանի դեռ օրենսդրական մակարդակով կանոնակարգված չեն «հիվանդ և նրա հարազատներ – բուժաշխատող” հարաբերությունները, հստակեցված չեն նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունները:
Համագումարի պատվիրակները հույս են հայտնում, որ Դուք` որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր, կդրսևորեք քաղաքական կամք և կձեռնարկեք անհետաձգելի միջոցներ` ապահովելու որակյալ և մատչելի բժշկական օգնություն ստանալու յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը և բուժաշխատողների աշխատանքի անվտանգության իրավունքը”: