Պատգամավոր Յուվեցի Կարոն դիմել է հեղինակությունների. Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, հերթական սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել:
Նա ինչպես որոշ գործարարներից, այնպես էլ Աժ` ներկայիս պատգամավորներից չի կարողանում ետ ստանալ իր փողերը, որոնք իրականում բավականին լուրջ գումար են կազմում: Կարապետյանը այս գործին շուտափույթ ընթացք տալու ու իր տվածը “կոպեկ առ կոպեկ” ստանալու համար նախ դիմել է ՀՀ-ի որոշ քրեական հեղինակությունների, հետո տեսնելով, որ գործն այնքան էլ առաջ չի գնում, դուրս է եկել միջազգային ասպարեզ:
Ասում են` Կարապետյանը իր “պրինցիպի” համար մեկնել է Օրենբուրգ, այնտեղ հանդիպել է ՀՀ-ում լուրջ դերակատարություն ունեցող քրեական հեղինակություններից մեկին ու խնդրել, որ ինչ գնով էլ լինի ինքն ուզում է ետ ստանալ իր հասանելիք փողերը: Սակայն այս պահին Կարապետյանին այդ աշխարհի մարդկանցից որեւէ մեկը հստակ ոչինչ չի խոստացել:
Ընդամենը ասել են, որ իրենք հարցին վերջնական լուծում կարող են տալ միայն այն բանից հետո, երբ կուսումնասիրեն այդ պատմության բոլոր դետալներն ու իրական կողմերը` հասկանալու, թե որ հարթության մեջ են խախտվել Աժ պատգամավորի ճիշտն ու սխալը: