23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կա՛մ Արցախի հետ են խոսելու, կա՛մ գլուխը պատերով են տալու, կխոսեն հայելու հետ. Գրիգորի Այվազյան

«Այս բանակցություններում գաղտնիություն պահպանելն ի սկզբանե սխալ է»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռօրյա հանդիպումից հետո արած հայտարարությանը, թե ձեռք են բերել պայմանավորվածություն՝ պահպանել խնդրի  կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքը:

Հայկական կողմի հայտարարության մեջ նաև ասվում էր, որ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

«Այս կարևորագույն խնդիրը չի կարող գաղտնի մնալ ժողովուրդներից: Սա ինչ-որ անձնական խնդիր չէ, որը քննարկում են, և որը ոչ ոքի չի վերաբերում, բացի նրանցից: Փաստն այն է, որ Հայաստանի պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի հետ բանակցություններ չեն վարվում, նոր ռազմավարությունը, որքանով հասկանալի է, կայանում է հենց դրանում: Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և այնտեղ պետք է բարձրաձայնվեն հուզող հարցերը: Ադրբեջանը թող դա ականջին օղ անի, դա քննարկման առարկա չէ, դա վերջնագիր է, իրենց ասվել է, որ կամ Արցախի հետ են խոսելու, կամ գլուխը պատերով են, կխոսեն   հայելու հետ»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Այս հանդիպմանը նախորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Կապանում, որտեղ՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը՝ կապված ղարաբաղյան հարցի հետ, նա մեջբերեց մամուլում հրապարակված մի հոդված, որում նշվում է, թե նախկին իշխանությունները պատրաստվում էին Արցախի 7 շրջան հանձնել Ադրբեջանին:

Հրապարակումը ընթերցելուց հետո վարչապետը մարտահրավեր նետեց Արցախի նախագահի թեկնածուներին՝ հայտնել իրենց կարծիքը, թե ցանկանո՞ւմ են, որ բանակցությունները շարունակվեն այդ կետից:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ վարչապետը հղում չկատարեց փաստաթղթերին, եթե այդպիսիք կան, և արդյոք կարելի՞ է ենթադրել, որ այն թեկնածուները, որոնք չեն արձագանքել մարտահրավերին, համաձայն են տեքստում առաջարկված տարբերակին, ասաց.

«Այդ փաստաթուղթը չի ստորագրվել և անգամ նախաստորագրվել, ի՞նչ փաստաթուղթ պետք է ցույց տային, եթե այն չկա: Թղթի վրա գրված, բայց չստորագրված որևէ բան փաստաթուղթ չէ: Եթե երկրի ղեկավարը հղում է կատարում մամուլին, դա իր ընտրությունն է, բայց մի բան է՝ Դուք ասեք, մի բան է՝ ես ասեմ դա, մեկ այլ բան է, որ ասում է պաշտոնական անձը: Ինչ վերաբերում է չպատասխանողներին, կարծում եմ, որ դա նրանց անձնական վերաբերմունքն է հարցը տվողին, ոչ թե հարցին անլրջորեն վերաբերվելը կամ անտեսելը: Կան և կարող են լինել անհարթություններ, բայց բոլորը պետք է անձնական նեղ շահից գերադասեն պետական շահերը: Եթե մենք պարտվենք, կպարտվենք բոլորս»,- ասաց    Գրիգորի Այվազյանը:

Ըստ ադրբեջանագետի՝ հայկական կողմի համար կարևորագույն խնդիրն այս պահին պետք է լինի ստատուս-քվոյի պահպանումը: Նա վստահեցնում է, որ դա այս պահին այնքան էլ դժվար չէ, քանի որ ադրբեջանական կողմն ընտրությունների նախաշեմին նման ռիսկի չի գնա:

«Ադրբեջանում նախապատրաստում են իշխանական տրանզիտը, իշխող կլանի հաստատումը: Եթե իրենք հիմա վերսկսեն պատերազմը, կա՛մ պիտի Երևանի վրա ադրբեջանական դրոշ դնեն, կա՛մ այլ տարբերակ իրենց համար չկա: Հիմա ներքաղաքական վիճակը բավականին անկայուն է նաև Ադրբեջանում»:

Գրիգորի Այվազյանը, հիշեցնելով, որ այս հանդիպման նախաշեմին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, կոչ արեց Մինսկի խմբի համանախագահներին՝ իրենց չեզոքությունը վերականգնելու համար հանդիպել նաև ադրբեջանահայ համայնքի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ