Լոնդոնում Համահայկական բացօթյա փառատոնին կմասնակցի Սերժ Սարգսյանը
Հուլիսի 29-ին Լոնդոնում Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիո թևի նախաձեռնությամբ տեղի կունենա երկրորդ Համահայկական բացօթյա փառատոնը` “Armenan street festival”:
Փառատոնին իր մասնակցությունն է բերելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես Henaran.am-ի հետ զրուցում նշեց կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը, այս փառատոնի նպատակն է եւս մեկ անգամ համախմբել Լոնդոնում ապրող հայերին և լոնդոնցիներին ցույց տալ հայկական մշակույթի գոհարները :
Լոնդոնում ոչ պաշտոնական տվյալներով այսօր ապրում է մոտ 30 հազար հայ: Այստեղ գործում է երկու հայկական եկեղեցի:
Կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը, ով ստեղծագործում է Լոնդոնում այս տարի ևս մասնակցություն է ունենալու փառատոնին :Վերջինս մեզ հետ զրույցում նշեց ,որ առաջին բացօթյա փառատոնը անցյալ տարի ռեկորդային 2400 մարդ էր հավաքել և սա այն դեպքում, երբ փառատոնի ընթացքում վեց ժամ շարունակ անդադար անձրև է տեղացել. “Ժամանակն է եկել ,որ մենք մեր մշակույթը ցույց տանք այս երկրում ,սա լուրջ քարոզչություն է ու հայկական արվեստին ծանոթանալու հիանալի միջոց”,-հավելեց Ա.Բոբիկյանը:
Ի դեպ, Լոնդոնի քաղաքապետարանը փառատոնի անցկացման համար փակել է Iverna Gardens-ի տարածքը, որտեղ նաև հայկական եկեղեցին է տեղակայված, իսկ հարևանությամբ Հայաստանի դեսպանատունն է:
Փառատոնի կազմակերպիչ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիո թևի առաջնորդ գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը Henaran.am-ին ասաց, որ փառատոնը յուրօրինակ տոն է դառնալու, քանի որ ողջ օրը հնչելու է հայկական երաժշտություն , մատուցվելու են հայկական ավանդական ուտեստներ, կազամակերպվելու են հայկական խաղեր: Փառատոնը եզրափակելու է կոմպոզիտոր Արթուր Բոբիկանի և Անաիս Հեղոյանի համատեղ համերգը , որը տեղի կունենա Լոնդոնի սուրբ Սարգիս եկեղեցում : Հնչելու են բացառապես հոգևոր երգեր ու շարականներ:
“Մեր արվեստն ու մշակույթը շատ ասելիք ունեն, իսկ Լոնդոնի հանդիսատեսը լավագույնս դա կընդունի ու կհասկանա”,- հավելեց գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: