Ուզում էիք Վահե Ավետյանի օ՞րն ընկնեմ, օլիգարխի հետ չեն վիճում. թե ինչու Հմայակը հրաժարվեց մանդատից /վիդեո/
ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է առաջադրվել թիվ մեկ ընտրատարածքում անցկացվելիք մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Հմայակ Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ-ում կա մի բաց եւ օգտագործելով լրացուցիչ ընտրությունների հնարավորությունը, պետք է այդ բացը լրացնել:
Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարի” դեպքից հետո հայտարարեց մանդատը վայր դնելու մասին, թեեւ ԱԺ-ն դեռ չի ընթերցել նրա դիմումը:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին, արդյոք հարցը քննարկվել է ԲՀԿ-ի հետ եւ արդյոք ԲՀԿ-ն կսատարի Հմայակ Հովհաննիսյանին` առաջադրվելու դեպքում, Քաղաքագետների միության նախագահը հայտարարեց.
”Ինձ էնքան են սատարել մինչեւ հիմա միասնական շտաբի մասնակիցները: Մենք ենք սատարել, սատարել ենք այն բանով, որ հնարավորություն ենք ընձեռել միջկուսակցական դիալոգի համար, բայց այսօր ես չգիտեմ ես հնարավորություն կունենամ մասնակցելու այդ ընտրություններին, թե ոչ, որովհետեւ ժամը երկուսին ես գնալու եմ ոստիկանություն շինծու մեղադրանքով, երբ որ արգելափակվել էր իմ մուտքը գրասենյակ: Ինձ վերագրել են մարդ ծեծողի դափնիներ, ես այն քիչ մարդկանցից եմ որ մարդ չի ծեծում”:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ով ցանկանա , կարող է իրեն աջակցել, պայմանավորվածություն չկա: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին, Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ համամասնական ցուցակում էր, սակայն ընտրություններից հետո մանդատը վայր դրեց: Ըստ մամուլի` մանդատը վայր դնել նրան ստիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով մանդատից հրաժարվելու հարցին, Հմայակ Հովհաննիսյանն ասաց.“Ես որքան ճիշտ արեցի , որ վայր դրեցի մանդատը: Հրաժարվելը մանդատից նրանց համար երջանկության օր էր: Քաղաքագետների միության վարչությունն իր անհամաձայնությունն էր հայտնել, որովհետեւ նրանք բոլորը անկուսակցական էին: Նրանք հիացած չէին ընտրություններին իմ մասնակցությամբ:
Ինձ հետ բանակցել էր Գագիկ Ծառուկյանը, համաձայնվել եմ ընդգրկվել ցուցակում որպես անկուսակցական, եւ որ ես իմ դեմքով եմ մասնակցելու քարոզարշավին, այլ ոչ որպես կուսակցական քարոզիչ, բացի դրանից ասել է, որ խորհրդարանում ես հնարավորություն եմ ունենալու ղեկավարել հանձնաժողով, եղել է քաղաքական համաձայնություն”:
Լրագրողների պնդումներին, թե այսուհանդերձ, Հովհաննիսյանն ինչու խորհրդարան չգնաց, Հմայակ Հովհաննիսյանը կտրուկ հայտարարություն արեց. ”Լսեք, Դուք ուզում էիք ես Վահե Ավետյանի օ՞րն ընկնեմ”: Լրագրողների` “այսի՞նքն” –ին ի պատասխան Հմայակ Հովհաննիսյանը արձագանքեց.”Այսինքն, օլիգարխների հետ չեն վիճում”:
Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ իրեն չի կարող պատկերացնել այն թիմում, որի մամլո խոսնակ Տիգրան որիխանյանը կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա ու հավելել, որ Տիգրան Ուրիխանյանն իր համար հավասար է Նաիրի Հունանյանին: