23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սոցապնախարարությունը պատասխանատվությունը գցում է համայնքի վրա

Երեւանի թիվ 92 մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է հրապարակել, որում ասվում է․

«Նախ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սկզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական եւ հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձեւաչափով, այլ՝ իբրեւ նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձեւ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական հաստատությունները, հիմնականում, համայնքային պատկանելության ոչ առեւտրային կազմակերպություններ են, սա առաջին հերթին համայնքի պարտավորությունն է՝ ապահովել նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունը՝ բոլոր երեխաների համար։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս նպատակով համայնքներն օժտված են անհրաժեշտ լիազորություններով եւ գործիքներով, ինչպես, օրինակ, համայնքային բյուջեներից համապատասխան միջոցները, սուբվենցիոն ծրագրերը եւ այլն։

Երեւանի թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հատուկ խմբերի ֆինանսավորման առնչությամբ հայտնում ենք, որ այն 2019 թվականի ընթացքում իրականացվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից նշված ՀՈԱԿ-ի՝ դրամաշնորհային մրցույթով այդ ծառայությունների տրամադրման համար ընտրվելու արդյունքում՝ հստակ ժամկետով։ Մասնավորապես, ՀՈԱԿ-ի հետ կնքված է եղել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որում հստակ ամրագրված է եղել դրա գործողության վերջնաժամկետը՝ 31.12.2019 թ., եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրացրել է իր պայմանագրային պարտավորությունները մինչեւ դրանց ժամկետի ավարտը:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների։ Օրինակ՝ ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված կատարողականների համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ ծրագիրը ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտով եւ կնքված պայմանագրով նախատեսված է եղել 23 երեխայի համար, համապատասխան ծառայություն մատուցվել է ամսական միջինում 15 երեխայի:

2019 թվականի տարեսկզբից թերի կատարողականի վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գրավոր եւ բանավոր դիմել է ՀՈԱԿ-ին՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն որեւէ հիմնավոր պարզաբանում չի ստացվել, ավելին՝ ստացվել են տարաբնույթ բողոքներ մանկապարտեզում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ (առկա են նաեւ բազմաթիվ հրապարակումներ զանգվածային լրատվամիջոցներում)։

Նախարարությունը նաեւ իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել ներառական կրթության կազմակերպման ձեւի հանդեպ՝ խնդրահարույց համարելով նախաներառականության կիրառվող մոտեցումը։ Այս խնդիրների մասին դեռեւս 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախարարության կողմից գրավոր տեղեկացվել են թե՛ Երեւանի քաղաքապետարանը, թե՛ ՀՈԱԿ-ը։ Տարվա ընթացքում նախարարության աշխատակիցները մի քանի հանդիպումներ են ունեցել ՀՈԱԿ-ի աշխատակիցների եւ ծնողների հետ՝ նաեւ բանավոր պարզաբանելով նախարարության դիրքորոշումը։

Բացի այդ, 2019 թ.-ին բազմիցս հայտարարվել է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծառայությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ տարբեր կազմակերպությունների եւ համայնքների հետ համագործակցությամբ:

2020 թվականի բյուջետային հայտի կազմման ընթացքում նախարարությունը որդեգրել է երեխաներին ուղղված ներառական ցերեկային ծառայությունների՝ ողջ հանրապետությունում ընդլայնման գործընթաց եւ դրա շրջանակներում, հավատարիմ մնալով այս սկզբունքին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թ.-ի վերջին կազմակերպել եւ իրականացրել է ավելի քան 138 դրամաշնորհային մրցույթ՝ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ երեխաների ցերեկային եւ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման նպատակով:

Հարկ է նշել, որ մրցույթների արդյունքում երեխաներին ուղղված ծառայություններ կգործեն նաեւ այն համայնքներում, որտեղ մինչ այս դրանք չեն եղել։ Մրցույթները բաց են եղել բոլոր հավաստագրված կազմակերպությունների համար, սակայն վերոնշյալ ՀՈԱԿ-ը դրանցից որեւէ մեկին մասնակցության հայտ չի ներկայացրել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերահաստատում է Հայաստանի Հանրապետության՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ լինելը եւ ընդգծում հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների՝ համայնքում ապրելու եւ ներառվելու իրավունքի կարեւորությունը՝ առանց մեկուսացման (բացառման)։

Նախարարությունը հարկ է համարում հիշեցնել, որ նախադպրոցական հաստատությունները չեն գտնվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում, իսկ նախարարությունն իր կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար չունի նախադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող գործառույթներ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ