Հաշվե՞լ եք՝ քանի ողբերգություն կարող է պատահել, քանիսը կարտագաղթեն․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝ մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ. «Մարալիկին գումարվեցին Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը»։
«Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։
Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ),
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և վերոնշյալ, և մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել, ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք , համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականններից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։
-Եվ, վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով, հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ՝ Հայաստանից։
Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ)», գրել է Ա.Իշխանյանը: