21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանի սպասումը Երևանից. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակ՛՛ թերթի հարցազրույցից մի հատված ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

 – Վերջին տարիներին ԵՄ-ն ջանք չէր խնայում Հայաստանի հետ եվրաասոցացման հայտնի համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտին հասցնելու համար, Հայաստանն էլ կարծես այդ փաստաթուղթը ստորագրելու ձգտում ուներ, սակայն ամեն ինչ ձախողվեց. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումից հետո ոչ միայն Բրյուսելի և ԵՄ հետ հարաբերությունները լուրջ հարված ստացան, այլև ընդհանրապես Արևմուտքի հետ Հայաստանը սկսեց ավելի զգուշավոր հարաբերվել, այդ թվում` ԱՄՆ հետ, ու քանի որ ԱՄՆ-ն ևս պաշտպանում էր Հայաստանի` ԵՄ-ին ասոցացվելու նախաձեռնությունը, կխնդրեի` գնահատեք սեպտեմբերի 3-ից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ հանգրվանը:

– Դուք իրավացի եք: Ես արդեն շուրջ երեք տարի է` այստեղ դեսպան եմ, և այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգները միշտ պաշտպանել է Հայաստանի եվրաինտեգրման ուղին: Ես այդ ժամանակահատվածում հրապարակավ և մասնավոր հանդիպումների ժամանակ միշտ պաշտպանել եմ Հայաստանի եվրաինտեգրման, եվրաասոցացման մոտեցումը, քանի որ գտնում եմ, որ դա ճանապարհ էր, որ կարող էր դրական ելք ապահովել Հայաստանի համար: Սեպտեմբերին, ինչպես Դուք նշեցիք, նախագահը որոշեց հայտարարել, որ Հայաստանը անդամագրվելու է Մաքսային միությանը: Մենք հարգում ենք այդ որոշումը: Ամեն երկիր ինքն է որոշում կայացնում, թե ինչ միությունների, ինչ ընկերակցությունների է անդամագրվում: Ես ինքս չգիտեմ` ինչ պատճառներով Հայաստանը ԵՄ ճանապարհով ընթանալու մտադրությունը փոխեց և այլ ուղղությամբ ընթացավ: Ես ուղղակի այս գործընթացին հետևել եմ որպես Հայաստանի բարեկամ, որոշումների կայացման ընթացքին տեղյակ չեմ:

Ի՞նչ ենք փորձել անել մենք` Միացյալ Նահանգները, Եվրամիությունը. ես հիմա խոսում եմ ԱՄՆ մասին: Մենք փորձել ենք առաջարկել կառավարությանը, ընկերություններին` հետագա աշխատանք այնպիսի հարցերի շուրջ, որոնց իրականացման ուղղությամբ իրենց մոտ քաղաքական կամք կա: Մենք կառավարությունից, երկրի նախագահից սպասում ենք կոնկրետ որոշակի ազդակների` այդ հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության վերաբերյալ, և նման ազդակների առկայության պարագայում պատրաստ ենք աշխատել տնտեսական, քաղաքական, անվտանգության և այլ հարցերին առնչվող ուղղություններով, եթե այդ ոլորտներում Հայաստանի կառավարության, ղեկավարության կողմից կա քաղաքական կամք:

 – Կարո՞ղ ենք ենթադրել, որ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո այդ կամքի անհրաժեշտ մակարդակն այլևս տեսանելի չէ, և ԱՄՆ-ն ու Արևմուտքն ակնկալում են այնպիսի ազդանշաններ, որոնք կհամոզեն արևմտյան պետություններին, որ Հայաստանը ցանկանում է հարաբերվել նրանց հետ քաղաքական, տնտեսական և, ինչու չէ, ինչպես նշեցիք, նաև անվտանգության ոլորտներում:

 – Թույլ տվեք ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո եղան հստակ ազդանշաններ: Օրինակ` անցյալ տարվա հոկտեմբերին նախկին վարչապետի կողմից հայտարարվեց քաղավիացիայի ազատականացման մասին, որը ցույց տվեց, որ կառավարությունը, երկրի նախագահն այս ուղղությամբ քայլեր են իրականացնում: Սա ոչ թե մեզ է օգուտ, այլ Հայաստանի ժողովրդին: Արդեն վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակից ի վեր չվերթների քանակն է ավելացել, տոմսերի արժեքն է նվազել, ծառայություններն են բարելավվել, սա, ի դեպ, բերում է տնտեսական օգուտներ, նաև ազդանշան է երկրի ղեկավարության, նախկին վարչապետի և երկրի նախագահի կողմից: Մենք շարունակում ենք կառավարության հետ աշխատել քաղաքականության իրականացման հարցում և շարունակելու ենք հետևել այդ կարևոր քաղաքականության իրականացման ընթացքին: Մեկ այլ օրինակ է «Որոտան» ՀԷԿ-ն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառելու մասին համաձայնությունը: Համաձայնությունը ստորագրվեց հունվարին, սակայն դա դեռ վերջնական չէ, որովհետև դեռ որոշ քայլեր պիտի կատարվեն, սակայն մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրն այնպես, ինչպես ստորագրվել է, կիրականացվի, և դա ևս մեկ ազդանշան կլինի: Եթե այդ համաձայնագրի հետ ինչ-որ բան չստացվի, դա շատ լուրջ ազդանշան կլինի արևմտյան ներդրողների համար, որը կխոսի նման խոշոր համաձայնագրեր իրականացնելու հարցում Հայաստանի հնարավորությունների, կարողությունների մասին:

 – Դուք շատ կարևոր հարցի անդրադարձաք, որը վերաբերում էր Հայաստանի անվտանգությանը: ՄՄ անդամ դառնալու որոշումը մեկնաբանելիս` Հայաստանի իշխանությունների շատ ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ նշում էին, որ Հայաստանն առաջնորդվել է իր անվտանգության շահերով: Դուք ասացիք, որ արևմտյան երկրների հետ համագործակցությունը կարող է լինել քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում: Ի՞նչ նկատի ունեք՝ հատկապես անվտանգության առումով համագործակցություն ասելով:

 – Երկու հիմնական ոլորտներ կան, առաջինը` Լեռնային Ղարաբաղի հարցն է անշուշտ, երկրորդը` ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի հատվածը հեշտ է, եկեք սկզբում այդ մասին խոսենք: Այստեղ գտնվելու ժամանակահատվածում պետք ասեմ, որ ես դրականորեն զարմացել եմ Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերությունների հանգամանքով: Հայաստանը ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է գործընկեր, դաշնակից պետություն դեռ չի հանդիսանում, ՀԱՊԿ-ի նման չէ, բայց հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկեր: Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ Հայաստանից, նույն կերպ մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին նաև Կոսովոյի ուժերի կազմում,- շուտով թերևս կլինեն հայտարարություններ այն մասին, որ Հայաստանը միանալու է նաև ՄԱԿ-ի գործողություններին, մասնավորապես` Լիբանանում,- կարևոր ազդանշաններ են, որ Հայաստանը ցանկանում է անվտանգություն ապահովող երկիր լինել, ոչ թե սոսկ սպառող: Բացի այդ` նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն է ընթանում պաշտպանական բարեփոխումների համատեքստում, ուսուցման, սերժանտական կազմի արհեստավարժության ձևավորման ուղղությամբ: Անվտանգության ամենախոշոր հարցն, անշուշտ, Ղարաբաղյան հարցն է, վստահ եմ` Դուք այդ խնդրին առնչվող հարցեր կունենաք, ուղղակի նշեմ, որ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն, շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ բանակցային լուծում գտնելու հարցում աջակցելու, օգնելու իր հանձնառությանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ