24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե պետական համակարգում այսօր ունենք քիչ թե շատ կայուն վիճակ, ապա դա տեղի է ունեցել ի հեճուկս վարչապետի. Անդրանիկ Թևանյան

2018 թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցածը պատահական մարդկանց հեղափոխություն էր, քանի որ իշխանության են եկել պատահական մարդիկ, և այդ մարդկանց առաքելությունն ավարտվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ իսկ օրը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեկան ամփոփիչ համաժողովին ասաց ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Որևէ ծրագրային հարց չկար, և կադրային այն բանկը, որը ներկայացնում էր հեղափոխական թիմը, բացարձակ չի համապատասխանում Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին», – ասաց Թևանյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխությունն իր առաջարկած հեղափոխական լուծումները չի տվել, նույնիսկ նախադրյալներ չի ստեղծել, որպեսզի սոցիալ-տնտեսական միջավայրում փոփոխություններ լինեն, աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրանան.

«Խոսքը պոպուլիստական բարձրացման մասին չէ, այլ այն մասին, որ պետք է ստեղծել տնտեսական այնպիսի միջավայր, որի պայմաններում հնարավոր լինի մարդկանց եկամուտների աճը ապահովել»։

«Պոլիտէկոնոմիա» կենտրոնի հաշվարկներով, ըստ Անդրանիկ Թևանյանի, Հայաստանն առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավորություն ունի ներգրավվելու 6-7 մլրդ դոլարի ներդրումներ։

Ներդրումային հնարավորություններն էլ իրենց հերթին, Թևանյանի խոսքով, հնարավորություն կտան բարձրացնելու մարդկանց աշխատավարձերն ու կենսաթոշակները։

«Բայց այս իշխանության պայմաններում, երբ դատաիրավական համակարգում տեսնում ենք այն խայտառակ պատկերը, որտեղ մեկ մարդը որոշում է, եթե այսինչն իրեն դուր չի գալիս, դատում ենք, այնինչն իրեն դուր է գալիս, չենք դատում, որևէ ներդրում ակնկալել հնարավոր չէ», – ասաց Թևանյանը՝ նշելով, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրինակն այս առումով շատ փայլուն է։

«Մարդն ապրիլյան իրադարձությունների ժամանակ մտել էր ԱԺ և պահանջում էր կալանավորել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա հակասահմանադրական գործողություններ էր կատարում, իսկ այսօր նույն գլխավոր դատախազը, քանի որ դարձել է իրենց կամակատարը, համարվում է, որ որևէ խնդիր չկա և կարելի է իրեն գնահատել որպես հեղափոխականների սրտի դատախազ», – ասաց Անդրանիկ Թևանյանը։

Այս ամենին էլ, Թևանյանի խոսքով, գումարվում է կատարյալ անգրագիտությունը, որ տիրում է վերնախավում.

«Եթե պետական համակարգում այսօր ունենք քիչ թե շատ կայուն վիճակ, եթե այսօր մեր տնտեսությունը չի փլուզվել, ապա դա տեղի է ունեցել ի հեճուկս վարչապետի։ Ի հեճուկս վարչապետի Հայաստանի տնտեսաքաղաքական համակարգը դեռևս ամբողջական կոլապսի մեջ չի հայտնվել և ի հեճուկս վարչապետի Արցախի հարցում մենք դեռևս չունենք այնպիսի կորուստներ, որոնք կարող են անդառնալի լինել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ