23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե պետության ղեկավարն իր ենթակա աշխատողներին մեղադրում է սուրճ խմելու մեջ, զտե՛ք, ձեր ձեռքն է: Չափանիշներ սահմանեք»

Հեղափոխությունից հետո դադարեցվեց «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Պատճառը Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը բազմիցս է նշել՝  ԵԳԱԾ-ի ֆինանսավորումը չի դադարեցվել, պարզապես որպես կառույց՝ չի կարողանում ֆինանսավորումը բաժանել իր շահառուներին:

Խնդիրը, Արթուր Մովսիսյանի խոսքով,  տեխնիկական է ու կապված է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» (ՀԵՀ) հետ: Եղել է մաքուր հաշվապահական գործ: ՀԵՀ-ը պայմանագիր է կնքել գիտնականների հետ, փոխանցել գումարը, ներկայացրել ֆինանսական հաշվետվություն, քանի որ ԵԳԱԾ-ն իրավաբանական մարմին չէր: Գումարը Գիտության պետական կոմիտեից փոխանցվում էր ՀԵՀ-ին, որը «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի որոշման հիման վրա տալիս էր դրամաշնորհները: Այդ ամենը սահմանված է եղել պայմանագրերով, օրենքներով:

Երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գևորգյանի և Սարգիս Աղայանի փոխանցմամբ՝ երկու տարի է անցել, բայց  սայլը տեղից չի շարժվել:

««Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագիրը ստեղծվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և «Պահանջում ենք գիտության  ֆինանսավորում»  խմբի պահանջով ու համատեղ քննարկման արդյունքում, և միտված էր երիտասարդների շարժի ապահովմանը գիտության մեջ: Ու այն տարիների ընթացքում, երբ գործում էր «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագիրը, բավականին մեծ քանակի երիտասարդներ սկսեցին ներգրավվել գիտության մեջ, տպագրվել արտասահմանյան  բարձր հեղինակություն ունեցող պարբերականներում: Երիտասարդների բուռն շարժ սկսվեց դեպի գիտութուն: Սակայն, 2018թ., հետհեղափոխական շրջանում, երբ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետ սկսեցին իրավաբանական խնդիրներ ծագել, ծրագիրը դադարեցվեց: Մեր սուբյեկտիվ կարծիքով՝ ցանկություն էր պետք, որպեսզի գտնեին ոսկե միջինը կամ այն մեխանիզմը, որով կարող էին ծրագիրը շարունակել, քանի որ գումարներ հատկացվել են թե՛ 2018թ., թե՛ 2019թ. բյուջեներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարգիս Աղայանը:

Երիտասարդ գիտնականի կարծիքով՝ կարելի էր նոր հիմնադրամ բացել, Գիտության պետական կոմիտեն կարող էր ղեկավար մարմնի հիման վրա իրականացնել ծրագրերը: Ավելին, քանի որ ՀՀ նախագահի հովանու ներքո գործող ծրագիր էր, նրա կողմից կարող էին ստեղծել հիմնադրամ և ամեն տարի իրականացնել այդ ծրագիրը:

«Ծրագիրը պետք է սկսի գործել, որպեսզի երիտասարդները մնան մեր երկրում և իրենց գաղափարներն այստեղ իրականացնեն: Մենք անգամ ստորագրահավաք ենք կազմակերպել և ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Մեզ պատասխանել են, որ քննարկումներ են ընթանում».- նշեց Սուսաննա Գևորգյանը:

168.am-ի դիտարկմանը՝ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մեզ  հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ դեմ չեն, որ երիտասարդական կառույցի անդամները գնան, մասնակցեն մրցույթի, լինեն հանձնաժողովի անդամներ: Այս դեպքում գումարը կտրամադրեն: Արդյո՞ք այս ընթացքում համագործակցության ձևաչափ չի ընտրվել, Սարգիս Աղայանը պատասխանեց.

«Կան երիտասարդական թեմատիկ ծրագրեր, որ իրականացնում է Գիտության պետական կոմիտեն: Կա ասպիրանտների դրամաշնորհ, «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» ծրագիրը, բայց սրանք տարբեր  են, որևէ ընդհանրություն չունեն ԵԳԱԾ ծրագրերի հետ, որի ժամանակ տարեկան 300 անձ դրամաշնորհներ էր շահում, տրվում էին նաև ճանապարհորդելու համար դրամաշնորհներ: Այսինքն, եթե դու հունվարին  գիտաժողով ունես, գիտես, որ մինչև նոյեմբերի վերջ կարող ես դիմել դրամաշնորհի համար, հավանական է, որ շահես և գնաս:

Իսկ այս դեպքում միայն բանավոր զեկույցների դեպքում է դրամաշնորհ տրվում, եթե պոստեր զեկուցում է, ուղղակի չեն ֆինանսավորում, միայն ճանապարհածախս է, կեցության, սննդի հարցերը չեն ներառվում: Այնինչ, ԵԳԱԾ կողմից տրվում էր ֆիքսված գումար, որն այն ժամանակ 400.000 դրամ էր, կարող էր ներառել տոմսի,  կեցության ծախսերը և այլն:

Ինչ վերաբերում է  համագործակցության ձևաչափին, ապա պետք է, որ սեպտեմբերին հիմնադրամ բացվեր, որը խողովակ կհանդիսանար ծրագիր իրականացնելու համար, բայց մնաց խոսակցության մակարդակում»:

Սուսաննա Գևորգյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը, նկատեց.

«Գումարը կար, կարելի էր իրականացնել ծրագիր, այս 2 տարվա ընթացքում շատ երիտասարդներ ծրագրերից դուրս են մնացել, քանի որ ճանապարհածախսի, տոմսի վճարը չեն ունեցել: Ոմանք էլ մասնակի դրամաշնորհ ստացել են դրսից, բայց կեսը չի բավարարել, ու չեն գնացել»:

Երիտասարդ գիտնականներն անդրադարձան նաև հզոր գիտություն ունենալու  տեսլականին:

«Չկան վատ զինվորներ, կան վատ զորավարներ: Դա նշանակում  է, որ, եթե պետության ղեկավարն իր ենթակա աշխատողներին մեղադրում է  սուրճ խմելու մեջ, զտե՛ք, ձեր ձեռքն է: Չափանիշներ սահմանեք: Կառավարությունը կարող է մեղադրել, երբ հնարավորությունները, չափանիշները  ներկայացրել է ու, ասենք, 5 տարով ժամանակ է տվել: Գիտության հետ կապված ոչինչ չի եղել: Հեղափոխությունը շրջանցել է գիտությունը»,- եզրափակեց Սարգիս Աղայանը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ