24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոնարհվիր, որպեսզի բարձրանաս

ԻՄ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՔԱՐՈԶԸ

ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ

«ԽՈՆԱՐՀ ԵՂԵՔ ՏԻՐՈՋ ԱՌԱՋ, ԵՎ ՆԱ ՁԵԶ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ» (ՀԱԿ․ 4:10),- ԱՍՈՒՄ Է ՀԱԿՈԲՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ։

Խոնարհությունը նոր իմաստ ու արժեք ստացավ քրիստոնեական վար-դապետությամբ։ Քրիստոս, Իր Անձի օրինակով հեղաշրջեց խոնարհության մասին մինչև այն ժամանակ գոյություն ունեցած սխալ կարծիքները։ Նա խո-նարհեցրեց Իր Անձը աստվածությունից, աշխարհ եկավ փրկելու համար ըն-կած և մեղավոր մարդկությանը։ Իր այդ ծառայության մեջ (ծառայություն, որը արտահայտությունն էր Իր Գերագույն Սիրո), Նա խոնարհեցրեց Իր «Ես»-ը ու լվաց աշակերտների ոտքերը։ Հիսուս չստորացավ Իր այդ արարքով, ընդհակառակը՝ ոչ միայն բարձրացրած եղավ Իր Անձը, այլ նաև պատճառ՝ որ առաքյալների միջոցով քրիստոնեությունը տարածվի ամբողջ աշխարհում։ Մեծության գաղափարը կայանում է խոնարհության մեջ։

«Խոնարհվիր, որպեսզի բարձրանաս» սքանչելի նշանաբան է: Երբ մի ուրիշը քեզ բարձրացնում է, դու ավելի մեծ պատվի ես արժանանում, քան, երբ դու ինքդ քեզ ես փորձում բարձրացնել: Մեծության արժանի է այն մարդը, որը գիտի խոնարհ լինել:…

Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է, թե՝ «Խոնարհությունը բոլոր առաքինությունների արմատը, մայրը, սնուցողը, հիմքը և կապող օղակն է»։

Իսկ ըստ Սուրբ Օգոստինոս Հայրապետի՝ «Հպարտությունը հրեշտակներին սատանա դարձրեց, դրա դիմաց սակայն, խոնարհությունը մարդկանց հրեշտակ պիտի դարձնի»։

«Մի այգեպան իր որդու հետ ցորենի դաշտ է գնում տեսնելու համար, թե ժամանա՞կն է այն հնձելու։

Տե՛ս հայրիկ,- ասում է տղան, այս ցողունները ինչպես են իրենց գլուխները դեպի վեր բարձրացրել ուղիղ ձևով։ Սրանք լիքը հասկերը պիտի լինեն։ Մինչդեռ այս մյուսները, որոնք իրենց գլուխները դեպի ցած են ծռել, վստահ եմ, որ դատարկ հասկերը պիտի լինեն։

Հայրը երկու տեսակ ցորենից մի-մի հատ պոկում է և որդուն ցույց տալով ասում․ տե՛ս, անփորձ զավակս, այս ցողունը, որի գլուխը դեպի վեր է բարձրանում, դատարկ հասկ ունի։ Իսկ մյուսը, որը համեստ դիրք ունի՝ մեջը լիքն է»։

Այս օրինակում առաջին դասակարգի ցողունները նմանվում են հպարտ և փառասեր մարդկանց նկարագրին։ Իսկ երկրորդը՝ խոնարհ, լիքը և նկարագրով ուժեղ մարդկանց, որոնք արդյունք են տալիս և օգտակար հանդիսանում ողջ մարդկությանը։

12-րդ դարի Վարդապետներից Սարգիս Շնորհալին այսպես է արտա-հայտվում խոնարհության մասին․ «Առանց խոնարհության թեկուզ երկինք հասցնես առաքինությանդ կառույցը, վերևից ներքև փուլ կգա ու կկործանվի, եթե խոնարհությունը որպես հիմք չունես։ Այդ պատճառով էլ մեր Տերը երանությունների հիմքում դա դրեց և իբրև հաղթանակ խոստացավ տալ երկնքի արքայությունը նրանց, ովքեր դրանով ճշմարտապես են ընթանում՝ Քրիստոսի պես իրենց խոնարհեցնելով և ոչ հարկադրաբար կամ ի տես մարդկանց ու կեղծավորությամբ, այլ Աստծու սիրո համար։ Որովհետև խոսքերով ու կերպարանքով խոնարհներ կան, իսկ գործերով ու ճշմարտապես խոնարհները հազվագյուտ են»։ և շարունակում է․

«Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ» (Հակ․ 4:8)։ Խոնարհությունը միմյանցից անսահման հեռավորությամբ բաժանված բնությունները միավորեց, քանի որ չկա մի այնպիսի վայր, ուր Աստված ներկա չլինի, բացի ամբարտավան հոգուց։ Որքան հեռու է արևելքն արևմուտքից, բյուրապատիկ ավելի հեռու է Աստված ամբարտավան հոգուց, սակայն երբ վերջինս կտրում-դեն է գցում չար արմատը և խոնարհվում, իսկույն Աստծուն է մոտենում․․․Դու որպես մարդ ես խոնարհվում քո մեղքերի ու չարության պատճառով, իսկ Նա քեզ իբրև Աստված է բարձրացնում՝ Իր մարդասիրությունից ու ողորմությունից մղված»

«Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրու քո անձը և շնորհ կգտնես Տիրոջ առջև» (Սիրաք 3:20),- ասվում է Սիրաքի գրքում։

Այս ժամանակավոր կյանքում խոնարհությունը իբրև զգեստ հագնելուց ավելի, պետք է դրանով ապրել: Կյանքի այս ձևը մարդու առաջ բացվող մարտահրավերներից մեծագույնն է: Իզուր չի ասված. «Խոնարհությունը աստվածային է»: Այս խոսքը երկու իմաստ ունի. Նախ` խոնարհվելը սովորական մի գործ չէ ու ամեն մարդու բան էլ չէ, այլ առանձնահատուկ ներքին ուժ է պահանջում և երկրորդ` խոնար¬հությունը մարդուն նմանեցնում է Իր իսկ Ստեղծողին` Արարիչ Աստծուն:

Եթե թերթենք աշխարհի մարդկության պատմության էջերը, պիտի տեսնենք, թե մեծ մարդիկ, մեծ առաջնորդներ, մեծ գիտնականներ բոլորն էլ խոնարհ սիրտ են ունեցել։ Խոնարհությունը Աստծու մարդու հանդեպ ունեցած անհուն և գերագույն սիրո գիտակցությունն է։

Խոնարհ եղեք։

Սուրբ Պետրոս Առաքյալը մեզ խրատում է․ «Խոնարհվեցեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի: Ձեր բոլոր հոգսերը Նրա վրա գցեցե՛ք, որովհետև Նա է, որ հոգում է ձեր մասին» (Ա․ Պետ. 5:6-7)։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ