Նայիր միայն քո կյանքին, Աստված քեզ է ասում ինչ որ ասում է, իսկ դու նայում ես կողքինիդ
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/12/120411.jpg)
Ուրախության պատգամ Ավետարանից
«Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ» : Ղուկ.15:7
Նույնիսկ մեղավոր մարդու ապաշխարությունը, որի օգուտը միայն իր անձի փրկության համար է, երկնքում ուրախության պատճառ է: Սուրբ Գրքից արդեն գիտենք, որ Տէրը մոտ է բոլոր Իրենից ակնածողներին, նրանց, որոնք կանչում են Իրեն ճշմարտապես, Ինքն էլ լսում է նրանց աղոթքը, կատարում է նրանց կամքը, ու փրկում նրանց:
Կանխագետ Տերը գիտե, որ մարդը հոգնած է ոչ թե ֆիզիկական աշխատանքից, այլ իր սեփական մեղքի բեռի տակ կքված լինելուց:
Մեր Հայրերը շատ են անդրադարձել «Նայիր քեզ» կարգախոսին, որովհետև նրանք տեսել են որ մարդը նույնն է, և առաջին դարում և 21 րդ դարում՝ մեղանչելու առումով, չնայած որ արդեն քաղաքակիրթ է: Մարդու բնությունը նույնն է, մեղքերն են տարբեր, բայց բոլորս ենք հակված մեղքին: Ուրեմն այս պատվիրանը բոլորինս է, քանի որ չկա մարդ, որ կատարյալ ուրախ, հանգիստ, և անկախ լինի: Հավատուրացությունն է, որ լայն դուռ է բացում անբարոյականության դեմ: Հավատուրացություն չի նշանակում հայհոյել, կամ չհավատալ Աստծու գոյությանը, այլ երբ հավատում ես, և անտեսում հավատացածդ:
Բանական մարդը անտեսում է իր հավիտենական կյանք ունենալու հնարավորությունը: Մեզ համար եկած ու խաչված Քրիստոս ասում է ես եկա, որ կյանք ունենաք և առավել ևս ունենաք: Ուրեմն նայիր քո կյանքին, միայն քո կյանքին, Աստված քեզ է ասում ինչ որ ասում է, իսկ դու նայում ես կողքինիդ: Ու ժամանակը վազում է, ապաշխարության օրերը կրճատվում են, մոտենում են լացի և ատամները կրճտացնելու օրերը: Մեկն ասում է քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ, մյուսն ասում է հավատացյալ եմ, բայց քրիստոնյա չեմ, երրորդն ասում է ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը: Շատերը ասում են մենք աշխարհիկ պետություն ենք. Ո՞ւր է նա, որ առաջին քրիստոնյա լինելով, դավանում է իր հայրերի հաստատած Հավատամքը, և հասարակությանը կրթելով տանում է իր հետևից:
Շատ մարդիկ Թովմայի պես ուզում են ստուգել քրիստոնյային, համոզվելու համար, թե փայլողը ոսկի՞ է արդյոք, որպեսզի իրենք էլ հավատան ու դառնան: Քրիստոնյան վախենում է այդ ստուգումից, քանի որ ինքը իր տան անդամին չի կարողանում դարձնել դեպի Քրիստոս, քանի որ իր խոսքը այլ է, գործը այլ…
Որովհետև իր հարևանը լսում է, թե նա ինչպես է գոռում իր կնոջ վրա ու հայհոյում, ուրեմն ինչպես նա կարող է մեկին սովորեցնել: Այսպիսին մինչև Երկրորդ Գալուստ էլ անկարող է մեկի համար օրինակ լինել: «Նայիր քեզ» ասում են Հայրերը: