Գերմանիայի դեսպանը հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու եւ ավելի խորացնելու հարցում:
Դեսպան Մորելը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ որպես դեսպան՝ կանի հնարավորը այդ ներուժը լիարժեք օգտագործելու, երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար: ԳԴՀ դեսպանի խոսքով, հարուստ մշակույթ եւ պատմություն ունեցող Հայաստանի հետ Գերմանիան կարող է լավագույնս համագործակցել նաեւ հումանիտար ոլորտում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում գործակցության զարգացմանն ու երկկողմ առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացմանը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրներից Գերմանիան Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու դեսպան Ռայներ Մորելը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: