ՀԱԿ ակտիվիստների փաստաբանը միջնորդել է կարճել քրեական գործը
”Այդ միջադեպը տեղի չէր ունենա, եթե ոստիկանները գործեին իրենց լիազորությունների շրջանակներում: Նրանք գերազանցել իրենց լիազորությունները: Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները մեղավոր չեն եւ իրենց մեղավոր չեն ճանաչում”,- Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Վերջինս միջնորդել է երիտասարդների նկատմամբ քրեական գործը կարճել, քրեական հետապնդումը դադարեցրել հանցակազմի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Վահագն Գեւորգյանը:
ՀԱԿ ակտիվիստները ստորագրությամբ ազատ էին արձակվել, միայն Տիգրան Առաքելյանը մինչ այժմ գտնվում է անազատության մեջ:
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ Տիգրան Առաքելյանի համար պահանջել է 6 տարվա, Արտակ Կարապետյանի համար` 3,5 տարի, Սարգիս Գեւորգյանի համար` 2 տարի ազատազրկում, իսկ Դավիթ Քիրամիջյանի համար` 2 տարի պայմանական ազատազրկում: