Կարելի է ցավակցել Նիկոլ Փաշինյանին: Ներդրողներին աղեկտուր խնդրանքներն անիմաստ են՝ հայաստանյան կապիտալն է գնում. Հրապարակ
Անկեղծորեն կարելի է ցավակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ամենաշարքային կոնֆերանսի առիթն անգամ օգտագործում է արտերկիր մեկնելու համար, որ այնտեղ համոզի, բացատրի, խնդրի տարբեր պաշտոնական շրջանակներին, գործարարներին՝ եկեք Հայաստան, ներդրումներ արեք, բիզնես կապեր հաստատեք մեզ հետ։
Այս օրերին Իտալիայում գտնվող վարչապետը հանդիպել է Լոմբարդիա նահանգի փոխնահանգապետի եւ մի շարք իտալացի գործարարների հետ, պատմել, որ իր կառավարությունը «հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, եւ ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար»։
Մյուս «խայծը» 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկան է, որով նա փորձել է գայթակղել իտալացի գործարարներին։ «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ եւ ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»,- ասել է նա։ Մի բլեֆ, որով մեզ դեռ նախկին իշխանությունն էր «կերակրում»։
Սակայն տնտեսությունից ու բիզնեսից շատ հեռու մարդիկ անգամ հասկանում են, որ ոչ մի իտալացի գործարար չի գա Հայաստան, եթե մեզանում կերամիկայի գործարան հիմնած իտալացի գործարարին մի չնչին առիթով հրավիրում են ՊԵԿ՝ հարցաքննության։ Իսկ մեծ թվով հայ գործարարների նկատմամբ քրեական գործեր են հարուցված՝ տարիներով քննվելու հեռանկարով։
Նրանց մի մասն էլ բանտերում է։ Ասել կուզի՝ ներդրումներ չեն կարող գալ մի երկիր, որտեղ «ասֆալտին փռելու» եւ «պատերին ծեփելու» մաստեր-կլասներ է ցույց տալիս երկրի վարչապետը։ Այնպես որ, աղեկտուր խնդրանքներն անիմաստ են՝ հայաստանյան կապիտալն է երկրից գնում, ուր մնաց իտալականը գա:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: