Պանրի շուկայի 17 ընկերություններին կրկին թույլատրվել է արտադրություն իրացնել
՛՛Պանրի շուկայի տասնութ ընկերությունների մոտ հայտնաբերած խախտումները հիմնականում վերաբերել են սանիտարահիգենիկ նորմերի ոչ բավարար պայմաններին անհամապատասխանությանը՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այդ տասնութ ընկերություններից տասնյոթից արտադրանք թողարկելու արգելանքն արդեն հանված է, քանի որ նրանք արդեն կրառել են բավարար անհրաժեշտ միջոցառումներ: Կրկին իրականացվել է փորձաքննություն և պարզվել է, որ սրանց արտադրանքն անվտանգ է:
՛՛Զարգացման հայական գործակալության՛՛ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը հավելեց, որ պանրի ոլորտում ուշադրությունը ավելացվել է 2009 թվականին և հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է հայկական պանրի ընկերությունը: ՛՛Խնդիր կար արտադրանքի ծավալ առաջացնել և այս ընթացքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ այդ ուղղությամբ: Հնարավորություն ենք ստացել Ռուսաստանի շուկա արտահանել՛՛,-նշեց Հարությունյանը: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք անվտանգ է եղել ռուսաստանյան շուկա արտահանվող պանիրը, Հարությունյանն արձագանքեց, որ իրենք նմանատիպ խնդիրներ չեն ունեցել, որակի տեսանկյունից որևիցե խնդիր չի եղել, և ռուսական շուկայում առանց խնդիրների է իրացվել ամբողջ քանակը: Սակայն որոշ ժամանակ հետո այդ արտահանումը դադարեցվել է միջազգային շուկայի գների պատճառով, որը նախորդ երկու տարվա ընթացքում նվազել է:
Հարությունյանն ընդգծեց, որ այն ընկերությունը, ում մոտ խախտում է հայտնաբերվում ոչ միայն արտահանում չի կարող իրացնել, այլև ներքին շուկայում է արգելվում գործունեություն ծավալել:
Ինչ վերաբերում է ՛՛Լոռի՛՛ պանրին, ապա ի տարբերություն ՛՛Չանախ՛՛ տեսակի, որը չի փաթեթավորվում ու պիտակավորվում, և ամբողջ ընթացքում գտնվում է աղաջրի մեջ, ապա ՛՛Լոռին՛՛ մակնշվում ու փաթեթավորվում է և դրա հետ կապված այդպիսի խնդիրներ չկան: