Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը:Սուբ Աստվածածին անվան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:
Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:
Ինձ համար աղաչիր քո անդրանիկին, կանգնի՛ր նրա առջև` սուրբ ստինքներդ ցույց տալով, նրա առջև միջնորդ ու բարեխոս դարձրու իր մանկությունը, կաթով սնվելը որպես մանուկ, ուսիդ առնելը, գրկով գգվելը, շրթներով համբուրելը, ողջագուրելն իբրև մանկան, քո գնալ-գալը նրա հետ Եգիպտոս և Նազարեթ և ամենուր, նրա համար տրտմությամբ տառապելը չարչարանքի ժամին, քեզ Հովհաննեսին հանձնարարելը, երբ խաչի վրա վշտով գամված էր, և քո դառն արտասուքը, որ վտակի պես հեղում էիր, երբ տեսար նրան խաչի վրա վտանգված:
Քանի որ մատնվեց դատաստանի` տառապում էիր կսկիծով չարաչար տանջանքների համար, սաստիկ ծարավելուն, լեղի ու քացախ ճաշակելուն, քրքմնագույն արյան իջնելը տեսնելով, խաչից արնաներկ մարմինն իջեցնելիս, դիազարդած սուրբ գերեզման դնելիս:
Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ներե բազմամեղիս, և ջնջե իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմե դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԳԱՌՆԵՑԻ