Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան
«Այսպես կոչված բովանդակային՝ սուբստանտիվ բանակցությունները ադրբեջանական դիվանագիտության վաղեմի փորացավն է, որը մշտապես որպես տակտիկական հնարք բարեհաջող կերպով ջախջախվել եւ հերքվել է մեր օրոք տարվող բանակցությունների ընթացքում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը: Ըստ Աշոտյանի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ցանկացած էլեմենտ բովանդակային է եւ եթե ադրբեջանական կողմը բովանդակային ասելով հասկանում էր բացառապես Արցախի կարգավիճակի հետ կապված խնդիրների հստակեցումը, ապա ակնհայտ է, որ դա չի կարող տեղի ունենալ առանց վստահության միջոցառումների իրականացման, արցախաադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների միջազգային վերահսկողական գործիքների ուժեղացման, առողջ բանակցային մթնոլորտ ունենալու։
Նշենք, որ ՌԴ ԱՀ նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցելությանը հաջորդեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա: «Մենք ցանկանում ենք անցնել կոնկրետ հարցերի քննարկմանը: Ըստ էության , կողմերը հասել են համաձայնության ՝ անցնել կոնկրետ հարցերի քննարկմանը»,- հայտարարել է Մամեդյարովը՝ հավելելով, որ հույս ունի, դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը այդ ամենը կհստակեցվի: «Այնտեղ պարզ կդառնա՝ Հայաստանը պատրաստ է սուբստանտիվ բանակցություններին, թե՝ ոչ, քանի որ փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ իր կողմից վերը նշված բոլոր էլեմենտները մշտապես փոխկապակցված են եղել եւ մեկ էլեմենտի շուրջ հնարավոր քննարկումները դիտարկել որպես բովանդակային, իսկ մյուսները չկարեւորել, պարզապես դիվանագիտական հնարք է, որը ադրբեջանական կողմը ապարդյուն կիրառում էր: «Այս իշխանությունների օրոք, ցավոք, «սուբստանտիվ բանակցություններ» ձեւակերպումը պարբերաբար սկսել է սպրդել նաեւ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունների մեջ, ինչը չի կարող որոշակի անհանգստություն չառաջացնել»,-ասաց Աշոտյանը՝ կրկին ընդգծելով, որ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող յուրաքանչյուր տարր հայկական կողմերի համար բովանդակային է եւ սուբստանտիվ :
«Արցախաադրբեջանական սահմանին վերահսկողության, մոնիտորինգի մեխանիզմների ներդրումը, որոնք ընկած էին Վիեննայի, Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների հիմքում, կարեւորագույն էլեմենտներից էին, որ պետք է իրականացվեին: Ավաղ, այս իշխանությունները, իրենց ապիկար բանակցային տրամաբանության մեջ չկարողացան տեր կանգնել Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հանդեպ մեր ունեցած դիվանագիտական հաղթանակներին՝ փոխարինելով այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները վերելակային դիվանագիտությամբ»,-շեշտեց Աշոտյանը:
Մյուս անհանգստացնող խնդիրը, նրա խոսքով, այն էր, որ ըստ Մամեդյարովի, կա որոշակի փաստաթուղթ, որի շուրջ կողմերը բանակցում են: Աշոտյանն ասաց՝ ծանոթացել է ԱԳՆ պաշտոնական արձագանքին եւ հակված է այն ընդունել որպես հայկական կողմի պաշտոնական տեսակետ առ այն, որ նման փաստաթուղթ չկա: Միեւնույն ժամանակ Արմեն Աշոտյանը շեշտեց. «Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոստացած թափանցիկության շրջանակում Արցախի հարցի մասին խոսի ոչ թե դեմագոգիկ, երկրորդական եւ պարզունակ թեզերով, այլ իրականում հաշվետու լինի եւ հայ հասարակությանն ու քաղաքական ուժերին, ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները»:
Նկատենք, որ Հայաստանի նոր իշխանությունները այդպես էլ չեն հստակեցնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը: Պաշտոնավարման սկզբնական փուլում վարչապետ Փաշինյանը խոսեց ԼՂ-ին որպես լիարժեք կողմ բանակցային սեղան վերադարձնելու հանձնառության մասին՝ նշելով, որ ինքն իրավասու չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից, ապա շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե հիմնախնդրի լուծումը պետք է «ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»:
Վերջին թեզը նա կրկին շեշտադրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ բանակցային գործընթացը «դինամիկ» զարգանում է: «Որոշումները պետք է կայացվեն համազգային եղանակով, ընդհուպ կարելի է հանրաքվե անցկացնել, բայց այս քննարկումներն այնքան էլ պատեհ չեն, քանի որ մենք խոսում ենք ռազմավարության մասին, այսինքն՝ մեր խնդիրն է բանակցային գործընթացում հասնել մի այնպիսի լուծման, որը մեր ժողովրդի համար ընդունելի լինի»,-հայտարարեց Փաշինյանը ՝ հավելելով, որ եթե լինի այդպիսի լուծում ինքը այն կներկայացնի ժողովրդին, իսկ այս ուղիղ եթերից օրեր անց ուշագրավ բացահայտում արեց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից: «Ասաց` Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր ժողովուրդը չընդունեց դրանք: Գաղտնի ոչ մի բան չի լինելու եւ ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ», -փոխանցել էր Արթուր Թովմասյանը: