Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում. դեռևս կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների շուրջ չենք աշխատում. Զ. Մնացականյան
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ծրագրվում է միայն արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որը տեղի կունենա մոտակա ամիսների ընթացքում:
«Մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք, որ շարունակենք իրականացնել մեր հանդիպումները արտաքին գործերի նախարարների մակարդակով, դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:
Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ բանակցությունների օրակարգը վերաբերում է թե´ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող անմիջական հարցերին, թե´ խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը:
Հարցին, թե ինչ փաստաթղթի շուրջ են բանակցություններն ընթանում, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց. «Դեռևս մենք կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների շուրջ չենք աշխատում: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու, թե ինչպես կարող ենք կառուցել կողմերի պարտավորությունների անհրաժեշտ համաչափությունը»: