Ով փորձ անի ազատել ոճրագործին, նա էլ հանդիսանում է ոճրագործության պատվիրատուն․ Խոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հոկտեմբերի 27-ին նախընթաց ամենից շատ քննարկվող հարցերից մեկը ոճրագործ Հունանյանի դիմումն է իր նկատմամբ պատիժը փոխելու (թե ազատ արձակելու) վերաբերյալ: Կարծես թե հայտնի է նաև այդ միտքը հղացողը: Համոզված եմ նման ճղճիմ գաղափարը, ինչպես նաև տեսակցությամբ հանցագործին՝ ոճրագործության հետ կապված որոշ «նոր փաստերի» դիմաց ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչելու միտքը, կարող էր ծագել միայն հիվանդ գլխում: Այն, որ հանցագործին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլև անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել: Նման քայլի անթույլատրելի և հանրորեն դատապարտելի լինելու մասին շատ դիպուկ արտահայտվել է նաև Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը:
Շատ կարևոր է փաստել և այդ առումով կարծում եմ պետք է համաձայնվել մամուլում հնչած այն մտքի հետ, որ ով փորձ անի ազատել կամ միջնորդել ազատելու ոճրագործին, ինչպիսի հիմնավորմամբ էլ դա արվի, նա էլ հանդիսանում է ոճրագործության կամ պատվիրատուն կամ պատվիրատուի ներկայացուցիչը: Հենց այս հանգամանքն էլ կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա:
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»: