Որքան էլ լինում են պահեր, երբ հուզված մենք որոշում ենք՝ վերջ, այլևս հնարավոր չէ, ինչ-որ բան թույլ չի տալիս դուրս գալ այստեղից
Ներքին Կարմիրաղբյուր գյուղը 2013 թ-ի սեպտեմբերին 13 առաջին դասարանցի է ունեցել, իսկ դպրոցի շրջանավարտները 11-ն են: Ընդհանուր դպրոցը 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում 109 աշակերտ է ունեցել: Դպրոցի փոխտնօրեն, անգլերենի ուսուցչուհի Նառա Պպայանի խոսքով` աշակերտների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է արտագաղթով: Դպրոցում, սակայն, բոլոր առարկաների ուսուցիչներ կան, իսկ կրակոցների ժամանակ էլ, որ հաճախ առավոտից մինչև երեկո հնչում են, դպրոցների դռները չեն փակվում: ‘’Ամեն առարկայի ուսուցիչներ կան, ովքեր կրակոցների ժամանակ հերոսաբար դասեր են անում, և իմ հիշողության մեջ նման դեպք չկա, որ կրակոցների պատճառով մենք դպրոցի դռները փակենք’’,-Henaran.am-ին պատմեց Նառա Պապյանը:
Ինքը ուսուցչուհին գյուղ բնակիչ չէ, բայց այնքան է սիրում սահմանամերձ այս գյուղը, որ չի կարողանում այլ վայրում ապրել: ‘’Չնայած ծնունդով ես Ներքին Կարմիրից չեմ, բայց Տավուշի այս գողտրիկ անկյունը դարձել է իմ հարազատ անկյունը, և ես իսկապես չեմ կարող լքել այն: Որքան էլ լինում են պահեր, երբ հուզված մենք որոշում ենք, որ վերջ, այլևս հնարավոր չէ այս պայմաններում ապրել, կա կապող ինչ-որ բան, որ թույլ չի տալիս մեզ դուրս գալ այստեղից: Ես իմ աշխատանքը չեմ կարող թողնել, որովհետև զգում եմ առանց երեխաների չեմ կարող, ես ինձ մեղավոր կզգամ, եթե դուրս գամ, իմանամ, որ կրակոց է եղել, և ես երեխաների մոտ չեմ եղել’’,-ասաց նա:
Վերջինս նշեց` մեծամտություն կլինի ասել, որ չեն վախենում կրակոցներից, բայց դրանք արդեն ինչ-որ տեղ սովորական են դարձել: ‘’Կրակոցների հաջորդ օրն իսկ մենք ամբողջ կազմով առանց բացակաների դպրոցում ենք: Լինում է պահ, երբ ծնողների վրա զարմանում եմ` ինչու են թողել, որ երեխան գա դպրոց, որովհետև անհանգստանում ես, մտածում ես` այդ երեխաները նորմալ իրենց տուն հասնեն’’:
Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձին, ապա սահմանամերձ գյուղի ուսուցչի ու այլ համայնքներում բնակվողների աշխատավարձերի մեջ տարբերություն չկա: ‘’Հատկապես այս հերոս ուսուցիչների աշխատավարձը ցածր է, որովհետև յուրաքանչյուր ուսուցիչ դասերից հետո մտածում է ոչ թե իր կարիերան ավելի կատարելագործելու մասին, այլ մտածում է իր մի կտոր հացը վաստակելու մասին: Մենք չունենք ուսուցիչ, ով այգին չմշակի, ես ինքս անում եմ, չկա ուսուցիչ, որ անասուն չպահի, բոլորը կողքից աշխատանք կատարում են, որպեսզի կարողանան պահել իրենց երեխաներին: Իսկ նման պարագայում, անկեղծորեն ասենք, տուժում է քո կարիերան, որովհետև որքան էլ գիտակցում ես, ցանկանում ես կատարելագործվել՝ որպես ուսուցիչ, միևնույնն է ՝ժամանակի առումով քեզ խանգարում են կողքի աշխատանքները՛՛:
Նոր ձևավորված Կառավարությունից մեր զրուցակիցն, որպես մանկավարժ, առաջին հերթին խնդրում է ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղի և՛ աշակերտներին, քանի որ ոչ մի հարցով առավելություն չի տրվում նրանց: ՛՛Բոլորս գիտակցում ենք, որ այստեղ ծնվում ու ապրում են միայն հերոսներ, բայց դա դեռևս քիչ է, ի՞նչ առումով, մենք կցանկանայինք, որ դա գիտակցեին բոլորը` և մեր Կառավարությունը, և առավելություն տրվեր մեր դիմորդներին, քանի որ անցած տարի կրակոցների տակ վտանգված Պառվաքար-Իջևան ճանապարհով մեր երեխաները մասնակցել են միասնական քննություններին, և մենք ունեցել են 7 բուհ ընդունվածներ՛՛:
Նառա Պապյանի տղան պատրաստվում է դիմել արտասահման՝ ուսանելու համար: ՛՛Բոլորս պայքարում ենք ու ցանկանում ենք ապացուցել Հայաստանի բոլոր բնակիչներին, որ կարող ենք մասնակցել, ու ցանկացած ասպարեզում մրցունակ են մեր երեխաները՛՛:
Ուշադրության պակասն, ամեն դեպքում, առկա է: ՛՛Թեկուզ չկան առավելություններ, ուշադրության պակասն իսկապես զգում ենք, բայց մենք դարձյալ պայքարում ու ապրում ենք, մենք մեզ հույս ենք տալիս, որ կարող ենք:
Մենք հայ ենք ու այդ ուժը մենք ստացել ենք, մեր ազգը դյուցազունների ազգ է համարվել, ու այդ ոգին մեր գեներով մինչև հիմա անցել է ժողովրդի մեջ, ու մենք էլ կարող ենք աջակցել, որովհետև եթե այս երեխաներն այստեղ չապրեին, հաստատ քաղաքում հանգիստ իրենց գործերով չէին ապրի՛՛:
Նառա Պապյան չի ասում, թե միայն իրենք են հերոսներ, սակայն մնացածի հերոսանալու համար նախևառաջ իրենք են հերոսանում՝ ամենօրյա կրակոցների տակ ապրելով: ՛՛Մեր աչքերն ուղղված են դեպի երկինք՝ Աստծուն, որ ինչպես խնայել է մինչև հիմա, շարունակենք ապրել, բայց կուզեինք այդ օրհնանքը, քնքուշ հայացը նկատեինք նաև մեր Կառավարության կողմից՛՛:
Մեր զրուցակցի, ինչպես նաև սահմանամերձ այլ գյուղերի բնակիչների բարձրացրած մտահոգություններից մեկն էլ այն է, որ իրենց արու զավակները ամբողջ կյանքում կրակոցների տակ են ապրում, իսկ հայրենիքի նկատմամբ պարտքն էլ տնից շատ հեռու են կատարում՝ Լեռնային Ղարաբաղում: Նրանց խնդրանքն է՝ գոնե ծառայությունը իրենց տղաները մի փոքր ավելի մոտ տարածքում անցկացնեն: