Բաց նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Նամակում ասվում է․
«Հայտնի սորոսական Արթուր Սաքունցը հրապարակային հայտարարում է, որ ԱՄՆ գործող նախագահը ՌԴ նախագահ Պուտինի գործակալն է, և դա հաստատված փաստ է, ու այդ առումով որևէ կասկած չի կարող լինել:
Նա նաև պնդում է, որ ԱՄն գործող նախագահն աղբ է, ողջ քաղաքակիրթ աշխարհի թյուրիմացությունն ու պատուհասը: Սորոսական Սաքունցը կոչ է անում ԱՄՆ Սենատին ու Կոնգրեսին օր, ժամ, րոպե առաջ ազատվել ԱՄՆ գործող նախագահից: Նրա այս խոսքերը հատկանշական են երկու պատճառով․
- Սորոսական Սաքունցը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ դեսպանատան հաճախակի և սիրելի հյուրն է: Արդյո՞ք ԱՄՆ նախագահի մասին իր տեսակետը նա քննարկում է ԱՄՆ դեսպանատանն իր մասնակցությամբ ընդունելությունների ժամանակ:
Եթե այո, ապա ի՞նչ կարծիք եք հայտնում Դուք՝ որպես դեսպան՝ սորոսականների կողմից Ձեր պետության նախագահի մասին նման որակումներ լսելուց:
- Սորոսական Սաքունցը նաև ԱՄՆ հարկատուների հաշվին ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի սիրելի և սպասված հյուրն է: Զավեշտալի է, երբ ԱՄՆ հարկատուների գումարներով ֆինանսավորվող ԶԼՄ-ն ամեն առիթով գովաբանական լուսաբանումներ է կազմակերպում այն մարդկանց համար, ովքեր ԱՄՆ գործող նախագահի մասին սուտ և կեղծիք պարունակող տեղեկություններ են տարածում, իսկ, օրինակ, ինձ, ով չի կիսում այդ կարծիքը, խուսափում են լուսաբանման հարթակ տրամադրել: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ հարկատուների գումարներով լուսաբանվել կարելի է միայն այն դեպքում, երբ սուտ և կեղծիք ես տարածում ԱՄՆ գործող կառավարության մասին»։