Պարույր Հայրիկյանի համար միավորող կարող է լինել միայն ծրագիրը
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը “բարոյաքաղաքական” հիմքերից ելնելով կմասնակցի 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Սա ոչ թե կուսակցության, այլ Պարույր Հայրիկյանի որոշումն է: ԱԻՄ-ն այս հարցը դեռ չի քննարկել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանի համար միավորող կարող է լինել միայն ծրագիրը, եթե իր ծրագրից ավելի լավ ծրագիր ներկայացվի, այդ ժամանակ միայն Պարույր Հայրիկյանը կխորհրդակցի ընդդիմության միասնական թեկնածուի հարցի շուրջ:
Ի դեպ, այդ դերում Պարույր Հայրիկյանն իրեն է տեսնում, որովհետեւ եւ միանալու, եւ զիջելու փորձ ունի: ԱԻՄ նախագահը ասել է, որ ինքը կարող է նախագահի թեկնածուի համար թե “Ժառանգության”, թե ՀՅԴ-ի եւ անգամ ՀԱԿ-ի նշած որակները բավարարել: ԱԻՄ նախագահն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում պատկերացնում է 2-3 տարի միայն, որ կառուցի ու հեռանա:
Սրա հետ մեկտեղ Պարույր Հայրիկյանը նշել է, որ անկախ նրանից, թե ով կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, համակարգային փոփոխություններ անել չի կարող, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնությունը ՀՀԿ-ն է կազմել: