ՀԱԿ-ը` իշխանությանը եւ եկեղեցուն
ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել սիրիահայության Հայաստան տեղափոխման առնչությամբ, որտեղ ասվում է.
“Սիրիայում արդեն տեւական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջեւ վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաեւ Սիրիայի հայկական համայնքը։
Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը եւ կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցները իրենց հայացքը պետք է առաջին հեթին հառեին դեպի Հայաստան։
Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ ամենաչնչին նախապատրաստությունն անգամ չեն տեսել։ Ավելին, նրանք անուղղակի ձեւով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Այդ տիպի անամոթ մի քայլ է “Արմավիա” ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության, ծանր պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու որեւէ նախաձեռնություն։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում”։