ՔԱՔ-ը և ՔՊ-ն
Ցանկացած հեղափոխություն ունենում է իր նախերգանքը՝ առաջին արարը։
Հայկական իշխանափոխության-հեղափոխության խորքային բովանդակությունն ու դրդապատճառները մենք այդպես էլ չկարողացանք գնահատել, իսկ դրա համար արժի հիշել 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեի ՔԱՔ (Քաղաքացիական Ակտիվ Քայլ) չկայացած կուսակցության ֆենոմենը։
Դեռևս չգրանցված, ընդամենը օրերի ընթացքում, այդ «կուսակցությունն» արդեն տասնյակ հազարավոր համակիրներ ձեռք բերեց։ Գրանցման ու ընտրություններում մասնակցելու դեպքում, ամենայն հավանականությամբ, ՔԱՔ-ը հաղթելու էր, իշխող կուսակցությանն անգամ ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները չէին փրկի։ ՔԱՔ-ը հզոր շարժման էր վերածվում։
ՔԱՔ-ի հոգևոր աշակերտ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը նույնպես «քաղաքացիական» կուսակցություն է, նույնպես «իզմեր» չի ընդունում, և նույնպես նիհիլիզմի և մերժման գաղափարի վրա է ձևավորվել։
Ո՞րն էր ՔԱՔ-ի հիմնական գաղափարը։ Հիմնական գաղափարը սպառված, արժեքազրգված, հոգևարքի մեջ գտնվող քաղաքական համակարգի մերժումն էր։ Մերժումն անխուսափելի էր, ոչ ոք չէր վստահում կուսակցություններին, չէր վստահում ընտրական համակարգին, մնում էր մերժումը։
ՔԱՔ-ն իր անվանումով գտավ մերժման եղանակը ու ՔԱՔ-ը կհաղթեր, սակայն ՔԱՔ-ի դեմ գործեցին ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր համարվող, ընտրություններին նախապատրաստվող կուսակցությունները, որովհետև ՔԱՔ-ը կործանելու էր ոչ միայն իշխող ուժին, այլև առաջին հերթին ընդդիմադիրներին։ ՔԱՔ-ի ֆոնին ԵԼՔ դաշինքը դառնում էր իշխանությունների հետ համագործակցող, գործող խաղի կանոնները ընդունող և դրանց մասնակցող քաղաքական դաշինք, և պատահական չէր, որ ԵԼՔ-ի անդամներն էին ամենակատաղի կերպով վարկաբեկում ՔԱՔ-ի գաղափարը։
ՔԱՔ-ը տապալվեց, չգրանցեցին, սակայն իր գործը մնաց։
Պատահական չէր, որ ՔԱՔ-ի հանդեպ, հենց դրա մասին հայտարարման պահից սկսած, միջազգային փորձագիտական շրջաններում հետաքրքրություն առաջացավ։ Դա քաղաքական տեխնոլոգիայի առումով հետաքրքիր քեյս էր։ Բոլորը սպասում էին հաջորդ քայլին, իսկ այդ քայլը տեղի չունեցավ, ՔԱՔ-ը հրաժարվեց գրանցվել։
Ինչևէ, ՔԱՔ-ը տապալվեց, սակայն հաջորդ փուլում նրա գործը շարունակեց ՔՊ-ն, որի հիմքը նույնպես մերժումն էր, իսկ բովանդակությունը՝ քաղաքական նիհիլիզմը։
Նիհիլիզմը և մերժումը, հարմար պատմական պահին, իշխանափոխության համար աշխատող տեխնոլոգիա են, սակայն բովանդակային հեղափոխության համար ոչ պիտանի։
ՔՊ-ն չի կարողանում դուրս գալ նիհիլիզմից և վերածվել հասարակության համար բաց, ստեղծագործ, օրինականության վրա հիմնված քաղաքական ուժի։
Իրոք, դժվար է հրաժարվել հաջողության բերած մեթոդոլոգիայից, բայց որպես հետևանք՝ անհաջողության տանող մտածողությունից։
Ստեփան Դանիելյան
քաղաքագետ