Դիվահալած զորավոր աղոթք
Թագաւո՛ր հզօր, Ապաւէ՛ն ծարաւածների եւ Փրկիչ նեղուածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկուեցիր անօրէններից, արթնացրո՛ւ Քո զօրութիւնը եւ արի՛ ապրեցնելու Քո արեամբ գնուածներին, [թոյլ] մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակուել Քո սուրբ անուան տաճարում եւ Քեզ մարմին եւ անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել եւ ծաղրուել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին:
Տէ՛ր, ողորմի՛ր մեզ, քանզի Քո Խաչով մշտապէս պարծեցանք, եւ սա թող պահպանի մեզ երեւելի եւ աներեւոյթ թշնամուց:
Տէ՛ր, ողորմի՛ր, քանզի ապաւինեցինք ամենասուրբ Կոյս Աստուածածնիդ բարեխօսութեանը, որպէսզի նրա աղօթքներով փրկուենք չարից եւ առանց փորձութեան կնքենք մեր պանդուխտ կեանքը:
Յանուն Քո տասներկու սուրբ առաքեալների եւ նրանց աշակերտների ողորմի՛ր, Տէ՛ր:
Յանուն սուրբ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց, Աստուա՛ծ, ողորմի՛ր բազմամեղիս:
Յանուն սուրբ Գրիգորի եւ նրա լուսաւոր զաւակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկիչդ, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմութիւնը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանային հալածի՛ր մեր մերձակայքից:
Յանուն սուրբ Վարդանանց, Ատոմեանց եւ սուրբ քահանաների, որոնք պատերազմելով խափանեցին չարի պատերազմը եւ փրկեցին կործանումից Հայաստան աշխարհի Եկեղեցին, այժմ էլ, Տէ՛ր, խափանի՛ր մեր միջից սատանային իր չարագործներով:
Յանուն սուրբ ճգնաւորների, հայրերի եւ [նրանց] աշակերտած արանց եւ կանանց բարեխօսութեամբ ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի նրանք, Տէ՛ր, Քեզանից շնորհներ ստացան եւ Քո անուամբ յաղթեցին բանսարկուի բոլոր հնարները, այժմ եւս թող յաղթի՛ Քո յաղթող զօրութիւնը,
Տէ՛ր իմ, եւ տայ մեզ յաղթել հակառակամարտի ընդդիմութիւնը:
Յանուն մեր սուրբ հայրապետների եւ առաջնորդների, [նրանց] բոլորի բարեխօսութեամբ, որոնց իշխանութիւն տուեցիր կոխոտելու օձերը, կարիճները եւ թշնամու բոլոր զօրութիւնները, նրանց բարեխօսութեամբ եւ այժմ շնորհի՛ր կոխոտել մոլորակամ վիշապի գլուխը, լռեցնել [նրա] գնդերը եւ փակել հերձուածողների բերանները:
Յանուն կանանց ծնունդների մէջ մեծի` Յովհաննէս [Մկրտչի], Ստեփանոս Նախավկայի եւ բոլոր սուրբերի, նրանց բարեխօսութեամբ սրբի՛ր մեզ հոգու եւ մարմնի ամէն տեսակ պղծութիւններից եւ արժանացրո՛ւ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով ու ճշմարտութեամբ երկրպագելու եւ փառաւորելու Քեզ Ամենասուրբ Երրորդութեանդ. ամէն:
Ս. Մեսրոպ վրդ. Մաշտոց